« Ես առաջին օրվանից Մատաղիսում եմ, մամայիս լավ կնայես»

367

ՀՀ ՊՆ Դիլիջանի զորամասի հրետանավոր Խաչիկ Մուրադյանը զոհվել է հոկտեմբերի 16-ին Մատաղիսում: Թեեւ նա գտնվում էր զինվորական ծառայության մեջ, առաջնագիծ էր մեկնել ինքնակամ:

Զոհված հրետանավորի քույրիկը տասը տարեկան է: Քչախոս աղջիկը մեզ ցույց տվեց եղբոր մանկությանլուսանկարները, նաեւ լուսանկարներ, որտեղ եղբայրը պատերազմում է` ժպտերես ու ուրախ: Ծնողների խոսքով, իրենց բոլոր չորս երեխաները մտերիմ էին միմյանց հետ եւ Խաչիկի մահվան փաստը շատ ծանր են տարել բոլորը:

Ընտանիքը խնամքով պահում է իրենց զոհված որդու պաստառը, որը նա պատրաստել էր 2016թ-ի քառօրյա պատերազմի ժամանակ եւ որը նվիրել էր զոհված տղաներից մեկին:  «Զոհված տղան հրետանավոր էր: Չգիտեմ, թե որդիս որտեղից էր իմացել նրա մասին, բայց շատ էր ոգեշնչվել այդ տղայից: Ու անընդհատ ասում էր` պետք է գնամ բանակ ու հրետանավոր դառնամ»,- պատմում է զինվորի մայրը` Գոհար Մնացականյանը:

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Խաչիկը զորակոչվելուց հետո ծառայության էր անցել Դիլիջանում: Մայրը պատմում է` որդին դրանից կաշկանդվում էր եւ հաճախ էր ասում, թե իր ավագ եղբայրը ծառայել է Հադրութում եւ ինքն էլ է ուզում նրա պես լինել ոչ թե համեմատաբար անվտանգ, այլ վտանգավոր տեղերում: Այդ է պատճառը, որ թեեւ պատերազմի մեկնարկից հետո Խաչիկը հարազատներին վստահեցնում էր, թե ՀՀ տարածքում է, մայրը վստահ էր` նա գնացել է պատերազմի առաջնագիծ:

« Պատերազմի հենց առաջին օրվանից ինքը գնացել է Արցախ` առանց մեզ զգուշացնելու: Անցավ մեկ շաբաթ: Ավագ տղայիս հետ էր խոսում հեռախոսով, ես լսեցի, ասեց` մամային չասես, ես առաջին օրվանից Մատաղիսում եմ, մամայիս լավ կնայես: Երբ ինքը զանգում էր, մենք բարձրախոսով էինք, խոսում, որ շատ ժամանակ չգնար ու բոլորս նրա ձայնը լսեինք: Այդ պահին տղաս մտածեց, թե դուրս եմ եկել, բայց տանն էի…», — ասում է մայրը:

Խաչիկը զոհվել է ԱԹՍ հարվածից: «Տղայիս մարմինը կար, միայն գլխին էր հարվածը եղել: Ընկերները պատմեցին, որ այդ պահին մտածել են, թե հարվածից ուղղակի ուշագնաց է եղել: Ասում են` երեք- չորս րոպեների ընթացքում զարկերակը խփել է: Ասում է` ես իրա բուշլատը պոկեցի, որ բացեմ, շունչ տամ իրան, միայն հասցրեց, ասեց` եղբորս կասեք, որ մամայիս լավ նայի, մամաս էլ` իմ գանձին… քույրիկն է գանձը… անգամ կռվի ժամանակ էր քույրիկի նկարը իր գրպանում… Հրամանատարն ասում է` Աստված էինք կանչում, այնքան դժվար էր, մտածում էինք` Աստված չանի, զոհ ունենանք, ոնց ենք տեղ հասցնելու… ես իմ Աստծուց այնքան գոհ եմ …այնքան գոհ եմ, որ մի քանի ժամվա մեջ նրան բերել է: Ժամը 17:00 ինքը զոհվել է, ժամը 2- ին ինքը արդեն Աշտարակում էր: Շատ հեշտ ենք գտել»,- ասում է տիկին Գոհարը:

Անի Գևորգյան