Նրան ընկերներն անվանել են Չաուշ.հետմահու ոչ մի պարգևի չեն արժանացրել

312

Անցյալ տարի, 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հայրապետյանը  2016թ. ապրիլյան  քառօրյա  պատերազմի օրերին  ծառայել է Քարվաճառում, եղել է տանկիստ: Այդ ժամանակ նա մասնակցել է մրցումների եւ զբաղեցրել է առաջին տեղը:

Իսկ  արդեն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ   Հարությունը մարտական գործողություններին մասնակցել է Շուշիում: Մոր`Վարդուհու ասելով` սկզբում որդուն տարել են Արմավիր, իսկ օրեր անց`  Շուշի:

 Հարությունը զոհվել է նոյեմբերի 7-ին, Շուշիում, դիպուկահարի կրակոցից: Նույն օրը` առավոտյան, նա զանգել է եղբորը` Սարգսին, ասել, որ գտնվում են շրջափակման մեջ, անտառներում,  հայտնի չէ, թե ինչ կլինի իրենց հետ: Իսկ մինչ այդ նա միայն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, մտահոգվելու կարիք չկա:

«Մենք նոյեմբերի 15-ին իմացանք որդուս զոհվելու լուրը, մինչ այդ լուր չունեինք: Ավելի ուշ  իմացանք, որ Շուշիում մարտերին մասնակցած մոտ  երկու հարյուր հոգանոց խմբից միայն երեք հոգի են ողջ մնացել »,- պատմում է մայրը:

Հարություն Հայրապետյանին  ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները հետմահու ոչ մի պարգեւի չեն արժանացրել: Նրա հարազատներին միայն շնորհակալագիր է հանձնել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ. Մանուկյանը` հետեւյալ  բովանդակությամբ.  «Տրվում է  Հարություն Արթուրի Հայրապետյանի  ընտանիքի  կանանց` Մարտի 8-ի կապակցությամբ` ի նշան խոնարհումի ու երախտագիտության: Շնորհակալ ենք մատաղ կյանքի գնով հայրենի հողը պաշտպանած մեր զավակների հերոսածին մայրերին: Խաղաղություն, ուժ եւ զորություն ձեզ, սիրելի՛ հայուհիներ » :   

Վարդուհին ասում է, որ որդու ընկերները նրան անվանել են Չաուշ, քանի որ կարճ ժամանակում աչքի է ընկել հայրենասիրությամբ: Երկու ընկերները վիրավորված են եղել, երկար ժամանակ գտնվել են հիվանդանոցում, իսկ երրորդն էլ չի կարողացել խոսել ծանր սթրեսի պատճառով: Հենց հիվանդանոցում գտնվող ընկերներից  էլ  իմացել են Հարությունի զոհվելու մասին:

Պատերազմի ընթացքում Հարությունը ծնողների հետ խոսելիս թաքցրել է իրականությունը, երբեք չի ասել, թե որտեղ է գտնվում ինքը, որ նրանք չանհանգստանան,   չմտածեն  իր մասին, չիմանան դաժան իրականությունը:

Վարդուհին պատմում է, որ թեեւ որդին կենսուրախ էր, աշխույժ,  սակայն ապրիլյան պատերազմից հետո հաճախ էր կրկնում. «Իմ ընկերները զոհվել են, ես ապրում եմ, ես գնամ, ի՞նչ ասեմ նրանց  ծնողներին »:   

Հարությունի հայրը` Արթուրը, պատերազմի ժամանակ եղել է Ռուսաստանում, որդուն զգուշացրել է, որ եթե իրեն կանչեն, ապա թող տեղյակ պահի, որ ինքն էլ գա եւ որդու հետ մեկնի Արցախ: Սակայն որդին մեկնել է` առանց հորը տեղյակ պահելու: Եվ միայն Հարությունի զոհվելու ժամանակ է իմացել նրա` պատերազմին մասնակցելու մասին:

Թագուհի  Հակոբյան