2021 թ․ նոյեմբերի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ․ Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի է ունեցել եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը։ Նրան մեղադրում են Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)։
Դատական նիստի ընթացքում պաշտպանները նախ միջնորդեցին վերացնել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ կիրառված՝ «ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Չնայած պաշտպանների հիմնավորումներին՝ դատարանը մերժեց միջնորդությունը։ Բայց բավարարեց որոշակի ժամկետով՝ ՄԱԿ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցով ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու միջնորդությունը։
Մեղադրող կողմը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Forrights.am-ի հետ զրույցում Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ ընդհանուր գործընթացը ի սկզբանե աբսուրդ է. իրավապաշտպանի խոսքը չպետք է դիտարկվեր այդ հոդվածի համատեքստում։
<Դրա մասին ոչ միայն ես, կամ պաշտպանական կողմն է ասում, այլև ինչպես տեսաք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, Freedom House, ինչպես նաև երկու օրեր առաջ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն արեց, այսինքն բոլորի համար պարզ է, որ այս պրոցեսը ի սկզբանե ապօրինի էր։ Կարծում ենք, որ ստորագրությամբ չհեռնալու մասին միջոցը տեղին չէ, որովհետև ի սկզբանե ես իմացել եմ հետապնդման մասին և ոչ մի տեղ չեմ պատրաստվել և պատրաստվում փախչել>,- ասաց իրավապաշտպանը։
Պաշտպանական խումբը նաև միջնորդություն է ներկայացրել դատարանին ՍԴ դիմելու համար՝ 226-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցը քննելու համար։
Սուլթանյանի խոսքով Հայաստանի պատմության մեջ մի քանի դեպք է եղել, երբ օգտագործվել է այդ հոդվածը, սակայն այն թերի է։ Սուլթանյանը հավելեց․
<Նոր քրեկան օրենսգրքում, որը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից 226-րդ հոդվածը այլ ձևով է շարադրված։ Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը, հարկ համարելով այն քննել ապացույցների հետազոտման փուլից հետո։ Դատախազի պատասխանը այն է, որ սա իրավաբանորեն ուղղված չէ իմ իրավապաշտպան գործունեությանը, ինչն անտրամաբանական է, բանն այն է, որ հենց իմ իրավապաշտպան աշխատանքի շրջանակում արված հայտարարության դեմ է քրեական գործը հարուցվել։ Կարծում եմ, որ ապացույցների հետազոտման փուլում բոլոր փաստարկները, խեղաթյուրված թարգմանությունները և մնացածը, վկաների ցուցմունքներով, մենք կարողանալու ենք ապացույցները առ ոչինչ ճանաչել և գործընթացը կասեցնել, եթե իհարկե մինչ այդ դատախազությունում չհասկանան, որ այս գործը ջուր է ու նպատակային չէ: Բավական չէ իրավապաշտպանի նկատմամբ կեղծ հետապնդում են սկսում, մի բան էլ ուղարկում են դատարան և փորձում են ամեն կերպ պաշտպանել իրենց մեղադրանքը>։
Անդրադառնալով միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններին, Սուլթանյանը հույս հայտնեց, որ մի օր Հայաստանը պետք է այնպիսի իրավապահ համակարգ ունենա, որտեղ դատախազությունը ինքնուրույն կկարողանա տարանջատել, որն է իրական հանցակազմը և որն է ապօրինի քրեական հետապնդումը։
<Կարծում եմ, որ և՛ հանրության, և՛ դատարանի, և՛ մեղադանքը պաշտպանողների համար պետք է պարզ լինի, որ այսքան միջազգային կազմակերպություն անտեղի երբեք հայտարարություն չի անի, առանց որևէ վստահություն ունենալու>,- եզրափակեց Սուլթանյանը։
Սուլթանյանի պաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ գործընթացը նոր է սկսվել, սակայն քրեական գործը պետք է կարճվի, քանի որ հանցագործություն չի կատարվել։
<Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն որևէ հիմք չունի մեր պահանջը չբավարարելու, որովհետև 226 հոդվածի վերաբերյալ բոլորն էլ ասում են, որ անորոշ է։Նոր ընդունված օրենքում է դա նաև ապացուցվում, որովհետև դրանում բոլոր խնդիրները վերացվել են>։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 26-ին։
Հիշեցնենք, որ Սուլթանյանի գործի վերաբերյալ հայտարարություն էին տարածել ՄԱԿ-ի հատուկ փորձագետները, ովքեր շեշտել էին, որ Հայաստանը պետք է հրաժարվի ազգային փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստի նկատմամբ «ահաբեկող» քրեական մեղադրանքներից։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծեր:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել։
Հիշեցնենք, որ Forrights.am-ի հետ զրույցում Սաշիկ Սուլթանյանի պաշտպան Արայիկ Զալյանն էլ մեր զրույցում աբսուրդ որակեց քրեական գործը՝ նշելով, որ այն հարուցված է ծանր հանցագործության համար պատիժ նախատեսող հոդվածով, սակայն ծանր հանցագործությունը պետք է հետեւանք առաջացնի, դիտավորյալ արվի, իսկ իր պաշտպանյալը խոսել է եզդիների իրավունքների, դրանց խախտման մասին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: