«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ի նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Forrights.am»-ի հետ զրույցում նա անհիմն որակեց այն՝ նշելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը իրականացրել է միակողմանի քննություն։

Սուլթանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ լրատվության միջոցն օգտագործելով՝ հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար։ Հուլիսի 29-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քրեական գործով կատարված համակողմանի եւ արդյունավետ քննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ նա ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների եւ նրանց հետ ավանդաբար բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող հայերի միջեւ ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել։

Մեր զրույցում Սուլթանյանը մանրամասնեց, որ նախորդ տարի «yezidinews.com» կայքի լրագրողի հետ մասնավոր զրույցի ընթացքում բարձրաձայնել է եզդիական համայնքի ոլորտին վերաբերող հարցեր, եզդիների սոցիալ-տնտեսական, կրթական խնդիրներ, ինչը ԱԱԾ-ն մեկնաբանել է որպես թշնամանքի հարուցում․ «Այդ լրագրողն ինձ առաջին անգամ էր զանգել, դա մասնավոր զրույց էր եւ պայմանավորված չէր, որ պետք է հրապարակվի, մենք անկեղծ խոսում էինք, եւ ես մտածել էի, թե նա պարզապես ուզում է պատկերացում կազմել եզդիների սոցիալ-տնտեսական, կրթական խնդիրների մասին»։

Զրույցի հրապարակման օրը Սուլթանյանը լրագրողին խնդրել է այն հեռացնել՝ պայմանավորվելով հետագայում հարցազրույց տալ, սակայն մինչ դա տեքստը նաեւ ԱԱԾ-ին է հասանելի դարձել․ «2020 թվականի սեպտեմբերի 30-ին ինձ հրավիրել են՝ բացատրություն տալու, ես գնացել եմ, դրանից հետո որեւէ լուր չենք ունեցել, եւ պատերազմի շրջանում զբաղված լինելով՝ մտածել ենք, որ ուղղակի բացատրություն են ուզում եւ վերջ, բայց նոյեմբերին գրություն գրեցինք ԱԱԾ, եւ մեզ տեղեկացրին, որ քրեական գործ են հարուցել, նաեւ խնդրեցինք՝ ասեն, թե ինչ գործողություններ են կատարել, հարուցման որոշումը ուզեցինք, սակայն մերժեցին՝ նշելով, որ ես դատավարական կարգավիճակ չունեմ»։

Սուլթանյանի խոսքով՝  այդպես շարունակվել է մինչ 2021 թ մայիսի 20-ը, երբ դատարանի որոշման հիման վրա խուզարկել են իր եւ իր գործընկերների բնակարանները, իրենց կազմակերպության գրասենյակը եւ առգրավվել համակարգիչներ ու հեռախոսներ․ «Օտարերկրյա գործակալական ցանցերի հետ համագործակցության մասին փաստաթղթեր էին փնտրում, որոնք, իհարկե, չհայտնաբերեցին, որովհետեւ նման բան չկա, եւ նույն օրը, թեեւ ես պատրաստ էի գնալ, բայց ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ եւ մեղադրանք առաջադրեցին՝ որպես խափանման միջոց ընտրելով երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն նշել է, որ Սուլթանյանը օտարերկրյա լրատվական ծառայության միջոցով ՀՀ-ն ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, ինչն արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների եւ ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված ոտնահարմամբ, եզդիների կրոնը հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու կամ այլ ձևով արտահայտելու իրավունքի խախտմամբ, եզդիների կյանքի, սեփականության, նրանց կողմից իրենց ինքնությունն ու ավանդույթները պահպանելու, կրթության, լեզուն գործածելու ազատության իրավունքների կոպտագույն խախտումներով եւ սահմանափակումներով:

Մինչդեռ Սուլթանյանի պնդմամբ՝ իր խոսքը խեղաթյուրված է թարգմանվել․ «Ես ասել եմ՝ ինչքան էլ նշենք, որ եզդիների իրավունքների պաշտպանությունը կատարյալ է, իրականում դա այդպես չէ, բայց թարգմանել են, որ եզդիների իրավունքները պաշտպանված չեն, ասել եմ, որ ինչ-որ ոլորտներում կան հայեր, որոնք խտրականություն են դրսեւորում եզդիների նկատմամբ, դա թարգմանել են, որ հայերը խտրականություն են դրսեւորում, այսինքն՝ փորձել են ընդհանրական ձեւով ներկայացնել, ընդ որում ԱԱԾ-ն որպես թարգմանիչ է ներգրավել թարգմանչի լիցենզիա չունեցող անձի, ով նաեւ գործով շահագրգռված անձ է եւ մեր կազմակերպության նկատմամբ ունեցել է ոչ բարյացակամ վերաբերմունք»։

Սուլթանյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված իր նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդումը, բայց կարեւորեց, որ իրավապաշտպան կազմակերպությունները բարձրաձայնում են այդ մասին։ Նշենք, որ այսօր հայտարարություն էր տարածել հեղինակավոր «Freedom House» միջազգային իրավապաշտպան  կազմակերպությունը՝ կոչ անելով դադարեցնել եզդի իրավապաշտպանի նկաստմամբ քրեական հետապնդումը։

Սուլթանյանը տեղեկացրեց նաեւ, որ նախաքննության փուլում ներկայացրել են բազմաթիվ միջնորդություններ, այդ թվում՝ լրագրողին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, սակայն բոլոր միջնորդությունները մերժվել են, եւ գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու․ «Ես ընդամենը կարող եմ ասել, որ խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր գործունեությանը, ես չգիտեմ, չեմ հասկանում, թե միտումը որն է»,- ասաց նա։

Սաշիկ Սուլթանյանի պաշտպան Արայիկ Զալյանն էլ մեր զրույցում աբսուրդ որակեց քրեական գործը՝ նշելով, որ այն հարուցված է ծանր հանցագործության համար պատիժ նախատեսող հոդվածով, սակայն ծանր հանցագործությունը պետք է հետեւանք առաջացնի, դիտավորյալ արվի, իսկ իր պաշտպանյալը խոսել է եզդիների իրավունքների, դրանց խախտման մասին․

«Ամբողջ մեղադրանքի հիմքում դրված են մի քանի հոգու ցուցմունքներ, որոնք ասում են, որ եզդիական համայնքը ոչ մի խնդիրներ չունի, ամեն ինչ նորմալ է, մինչեռ մենք միջնոդրություններ ենք ներկայացրել՝ բազմաթիվ հղումներով, որոնցում մարդիկ հրապարակային խնդիր են բարձրաձայնում, ասում ենք՝ այդ մարդուն կանչեք, գուցե ձեր կանչած մարդիկ իրավունքի մասին պատկերացում չունեն, այդպես են արտահայտվում, բայց մեր այդ միջնորդությունները եւս մերժել են»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով էլ՝ գործնականում հանդիպում են դեպքերի, երբ խախտվում են եզդիների իրավունքները, մասնավորապես՝ բանակում․ «Եղել են դեպքեր, երբ նսեմացվում է նրանց ազգային արժանապատվությունը, նրանք ծաղրի են ենթարկվում։ Եվ իրավապաշտպանը պարտավոր է նման դեպքերը բարձրաձայնել։ Ազգային փոքրամասնության ներկայացուցչի, այն էլ իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդումը վտանգի տակ է դնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Հավելենք, որ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը մեզ տեղեկացրեց, որ այն դեռեւս որեւէ դատավորի չի մակագրվել։

Միլենա Խաչիկյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest