Երեւանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի ուսանող Արման Ճաղարյանի մայրը` Գայանե Մեսրոպյանը, կարծում է, որ եթե անցյալ տարի իր որդին չզոհվեր  44- օրյա պատերազմում, ապա նրան խոստումնալից ապագա էր սպասում:

«Քանի որ որդիս անվճար էր սովորում բուհում, նրան սովորելուց հետո զորակոչեցին: Ինքը սովորում էր կիբեռնետիկայի ֆակուլտետում, զուգահեռ ընդունվեց նաեւ  Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Նա սովորում էր այնտեղ, որպեսզի հետո դառնար սպա, կապի հրամանատար: Ուղղակի շատ կարճ տեւեց նրա` կապի դասակի հրամանատար լինելը: Հուլիսի 29-ին իրեն տարան Հադրութ, մեկ շաբաթ մնացել էր այնտեղ,  հետո մեկ ամիս հետ ուղարկեցին ռազմական ավիացիոն համալսարան, որպեսզի վերապատրաստում անցնի: Ինքը նույնիսկ Հադրութում չհասցրեց ճանաչել այն զինվորներին, որոնց հրամանատարը պետք է լիներ: Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսեց, իրեն շտապ կանչեցին »,- հիշում է մայրը:

Գայանեն ասում է, որ նույն տարին, ամռանը, մինեւ պատերազմը սկսելը, որդին երեք վկայագիր էր ստացել` մեկը  ազգային պոլիտեխնիկական  համալսարանից, երկրորդը` ռազմական ավիացիոն համալսարանից, երրորդը`  «Սինոփսիս » ընկերությունից, որտեղ երկրորդ կուրսից  սկսած  աշխատում էր: Ընկերությունից էլ վստահեցրել էին, որ ծառայությունն ավարտելուց  հետո Արմանին նորից աշխատանքի էին ընդունելու, քանի որ տեսել էին, թե որքան լավ մասնագետ է նա:

Արման Ճաղարյանը սկզբում կռվել է Վարանդայում` առաջնագծում, իսկ հետո` Հադրութում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 9-ին: Արմանի` պատերազմական գործողություններին մասնակցելու մասին ավելի ուշ ծնողներին պատմել են նրա` ողջ վերադարձած ընկերները:   Մայրն ասում է, որ որդին  կապավոր էր, նա չպետք է լիներ առաջնագծում, սակայն նրան ուղարկել են առաջնագիծ:

«Սկզբում եղել է Վարանդայի կողմերում, այնտեղ ահավոր վատ է եղել տղաների համար, զանգում էր, ասում, որ քսան հոգով մի շիշ ջուր ունեն, ուրիշ  ոչինչ: Ես էլ ասում  էի` բալես, մենք արկղերով օգնություն ենք ուղարկում զինվորներին, ամեն ինչ ուղարկում ենք: Ինքն էլ ասում էր, որ իրենց չի հասնում, որովհետեւ խորքում են: Ինքը տեղանուններ չէր տալիս, նշանաբառերով էր խոսում, որ հեռախոսով ամեն ինչ չհասկացվի: Զոհվելու նախորդ օրն Արմանը բոլորիս հետ խոսեց: Հետաքրքրվեց, թե ինչքան կտեւի կռիվը, ինչ են ասում այդ մասին: Մի անգամ էլ ասաց, որ ադրբեջանցիներից ԲՏՌ են խլել: Հետո ասաց, որ տեղափոխվելիս կորցրել է բուշլատը, այդ օրերին էլ անձրեւ էր: Հիմա ամեն ինչը միայն ահավոր ցավով ենք հիշում »,- ասաց Գայանեն:

Գայանեն  հիշում է, որ Ադրբեջանի շքերթի ժամանակ ցույց էին տվել որդու մեքենայի համարները` 01808:

«Արմանը դասակի հրամանատար էր, պետք է գնար եւ խումբը ղեկավարեր: Մինչեւ ամսի 28-ին  հասներ իր դասակին, այն արդեն ցրվել էր, ինքն արդեն ուրիշների հետ է եղել: Որդիս կռվել է, ինչպես առաջնագծում կանգնած տղաները:  Որդուս ընկերը` Գագիկը,  պատմում է, որ իրենք մի քանի հոգով կռվել են հիսուն հոգու դեմ: Երբ կապ են հաստատել եւ հրամանատարին տեղյակ պահել, որ իրենք քիչ են, լրացուցիչ ուժեր են պետք, պատասխանը եղել է հետեւյալը` դուք նվիրյալներ եք: Այսինքն` գնացեք, զոհվեք:

Այդ տղաները թեեւ որդուս ընդամենը տասներկու օր են ճանաչել, բայց ասում են, թե ինչպես են կողք-կողքի մաքառել թշնամու դեմ: Ի՞նչ է նշանակում առաջին օրվանից այդ երիտասարդներին  ուղարկել  առաջնագիծ եւ ասել, թե նվիրյալներ են, պետք է չորս-հինգ հոգով  դիմադրեն ադրբեջանական հիսուն հոգանոց խմբերին: Մեր երեխաները  «թնդանոթի մի՞ս »  էին: Մինչդեռ իմ տղայի հետ աշխատող լեհ եւ պորտուգալացի իր ընկերները, որոնք ոչ մի գաղափար չունեին արցախյան հակամարտության, մեր պայքարի մասին, ասում էին, որ  չէր  կարելի  ինտելեկտուալ նման ներուժ ունեցող մարդուն ուղարկել առաջնագիծ, իրենք  երկրի ինտելեկտուալ ներուժն են: Ես չեմ ասում, թե նրանք, ովքեր իմ տղայի նման մասնագետներ չեն, պետք է գնան ու զոհվեն, դա հիմարություն կլինի: Ուղղակի պետությունը պետք է գնահատի իր խելացի մասնագետներին, ոչ թե 5000 հոգու ուղարկեն զոհվելու եւ ասեն` դե կռվեցին ու զոհվեցին, միայն ինձ չասեն դավաճան » ,- անցած մեկ տարվա ընթացքում նման հետեւություններ է արել Գայանե Մեսրոպյանը:

Թագուհի Հակոբյան 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest