Շուշիի մոտակայքում զոհված Մարտիկ Երեմյանը, հնարավոր է՝ զոհվածի կարգավիճակ ստանա. ընտանիքը սպասելիքներ չունի պետությունից

51

Նոյեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում ջրատար խողովակաշարի նորոգման աշխատանքների ընթացքում զոհված Մարտիկ Երեմյանը հավանաբար զոհվածի կարգավիճակ կստանա: Այս մասին Forrights.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: 

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք խաչմերուկում ջրատար խո“ղովակաշարն էին վերանորոգում: Նրանք չեզոք գոտում աշխատանքներ կատարելու համար ունեին ռուս խաղաղապահների թույլտվությունը: 

Շինարարներից մեկը՝ 22 տարեկան Մարտիկ Երեմյանը մահացել էր: Երեքը՝ (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանք բուժում են ստանում:

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն առաջինն էր հայտնել այս ողբերգական դեպքի մասին, իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով: Նա գրել էր, որ տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։ 

Իսկ վիրավորները և զոհվածի ընտանիքը կարո՞ղ են պետությունից փոխհատուցում ստանալու հույս ունենալ: 

«Առհասարակ նման դեպքերում ոչ թե փոխհատուցում, այլ պետական աջակցություն է սահմանվում: Կկազդուրվեն, հետո արդեն կզբաղվենք այդ հարցով, որ իրենց հասանելիք աջակցություն ստանան: Իսկ Մարտիկը հավանաբար զոհված զինծառայողի կարգավիճակ կստանա», — մեր հարցին պատասխանեց Արցախի ՄԻՊ-ը: 

Ըստ նրա, նշված դեպքով քննություն տարվում է Արցախի Քննչական կոմիտեում: «Տուժողները դեռևս գտնվում են բուժհաստատությունում: Տուժողների անունից հայցեր են ուղարկվելու նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան», — հաղորդում  է Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ սա կրակոցների առաջին դեպքը չէ: Հուլիսի 13-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակոցներ են արձակել դեպի օդ,  սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: «Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են», — հայտնել էր Արցախի ՄԻՊ-ը: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց տեղեկությունը և հաղորդեց, որ ոչ թե ադրջբեջանցիները, այլ հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Շուշիի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այն ժամանակ Գեղամ Ստեփանյանը ուսումնասիրություններ էր անցկացրել միջադեպի հետքերով, սակայն որևէ հետևանք չեղավ: Եւ այժմ, նոյեմբերի 8-ի կրակոցներից հետո մարդիկ վախեցած են: Չեն հավատում, որ այս անգամ քննությունը որևէ կերպ կօգնի վերգտնելու անվտանգության զգացումը, որն իրենք վաղուց կորցրել են: 

«Իմ եղբայրը այդ բանվորներից է եղել: Նրա վիզը վնասվել էր, հիվանդանցում վիրահատեցին, ոնց որ թե, ամեն ինչ բարեհաող անցավ: Կենսական օրգանները չեն վնասվել, բայց նա դեռ հիվանդանոցում է», — ասում է Շուշիի նախկին բնակիչ, բուժքույր Մարինա Զ-ն: Նա այժմ բնակվում է Ստեփանակերտում: Մարինե Զ-ին հարցրեցինք, թե ինչպես է եղել դեպքը: 

«Իմ եղբայրը՝ Արմեն Սարգսյանը մյուս բանվորների հետ այնտեղ ջրի խողովարների էր անցկացնում, ինչ-որ տեխնիկական աշխատանքներ էին կատարում:  Մեկ էլ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մոտեցել է իրենց և սկսել է կոպիտ խոսել, հետո անցել է հայհոյանքների, ռուսերեն է հայհոյել: Հետո էլ հանել է ատրճանակը և կրակել է: Առանց որևէ պատճառի: Ոչ մի քննություն, ոչինչ առայժմ չկա: Այսօր բանվորների վրա են կրակել, վաղը մի երեխայի կգնդակահարեն, հետո անպատիժ կմտնեն տները: Մենք ոչ մի  լավ բան չենք սպասում: Այդ դեպքը ոչ ծայրամասում է եղել, ոչ սահմանին, ամայի վայրում, այլ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, որտեղ շատ մեքենաներ են անցնում, ակտիվ երթևեկություն կա: Օրը ցերեկով: Մարդիկ սարսափած են, որ իրենց, փաստորեն, ոչ ոք էլ չի պաշտպանում», — ասում է Մարինեն: 

Մենք կապվեցինք նաև Մարտիկ Երեմյանի ընտանիքի հետ: Նրա հայրը և քույրը ծանր հոգեվիճակում են, ի վիճակի չէին երկար խոսել լրագրողների հետ: 

«Երեխա ենք կորցրել, ի՞նչ վիճակում պետք է լիենենք», — ասաց Իրինա Երեմյանը: Նա չգիտեր, թե արդյոք որևէ փոխհատուցում հասնում է իրենց, թե ոչ: Պետությունից հիասթափված էր: Forrights.am-ին Իրինան հայտնեց, որ իրենց այցելել են տարբեր պետական կառույցներից, քաղաքապետարանից են եկել, բայց փոխհատուցման մասին չեն ասել: Մարտիկի ու Իրինայի ծնողները բանվոր մարդիկ են: Ինքն ու եղբայրը երևանյան հիվանդություն ունեն, և  մշտապես փորձել են գոնե ինչ-որ անվճար դեղեր ստանալ պետությունից:

 «Այնքան ենք գնացել տարբեր մարմիններ, ասել ենք, որ հիվանդ ենք, մեզ դեղեր են պետք, ոչինչ մեզ համար չեն արել, դրա համար էլ ոչ հավատում ենք, ոչ էլ ուզում ենք ինչ-որ բան խոսենք: Մարտիկը 18 տարեկանից աշխատել է շինարարության վրա: Իսկ ես 7 տարի աշխատանք եմ փնտրել, որտեղ գնացել եմ, աշխատանք չեն տվել: Հիմա ընկերուհիներս բոլորը աշխատում են, ես՝ չէ: Մենք պետությունից ոչինչ էլ չենք սպասում», — ասում է Իրինա Երեմյանը: Նա պատմեց, որ Մարտիկը հիվանդության պատճառով բանակից ազատված էր: «Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ տանը չի նստել: Նա գնում-գալիս էր սնարյադների տակով, օգնում էր կռվողներին»: 

Լուսանկարում՝ Մարտիկ Երեմյանն է։

Սյուզան Սիմոնյան