Արցախից տեղահանված ընտանիքին տրված գումարը «ՎՏԲ» բանկը ուղղել է վարկի վճարման. անօթևան ընտանիքն անելանելի վիճակում է

84

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքից տեղահանված Մայիլյանների բազմանդամ ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում: Վեց հոգուց բաղկացած ընտանիքը 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրել է ողջ ունեցվածքը եւ մնացել է անօթեւան: Վազգենաշենը Նիկոլ Փաշինյանի կողմից նախորդ տարի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հանձնվել է Ադրբեջանին:

«Չեմ կարողացել գյուղից իմ ապրուստը հանել, մնացել է թուրքերին: Այծ, կով, ոչխար, հավ, բադ ունեի, հողամաս էի մշակում: Տանն մեջ ամեն ինչ ունեի: Մեզ ասացին, որ գյուղը չի հանձնվելու թուրքերին, դրա համար ես արխային եկա Գյումրի, որ ընտանիքիս տեսնեի»,- ասում է ընտանիքի հայրը՝ Համլետ Մայիլյանը:

Նրանք այժմ բնակվում են  Գյումրիում՝ վարձակալված եւ գրեթե չկահավորված բնակարանում: Երկու սենյականց բնակարանը, որը գտնվում է Գյումրու «Անի» թաղամասում չի ջեռուցվում, գազի վառարանը գրեթե միշտ անջատված է՝ ամսվա վերջում խոշոր վարձավճար գալու մտավախությամբ պայմանավորված: Գյումրու սառնամանիքին դիմակայելու նպատակով դռներին եւ պատուհաններին ցելոֆոնե տոպրակներ են փակցրել:

Մայիլյանները չորս երեխա ունեն, որից երեքն անչափահաս են՝ զույգ աղջիկները 10 տարեկան են, փոքր տղան`12: Նրանց է բաժին հասել տան միակ եւ նեղլիկ մահճակալը, մյուսները քնում են հատակին: «Յոլա ենք գնում, ի՞նչ անենք, ձեւը ասեք, ինչով ջեռուցենք»,-նշում է Համլետը:

Ընտանիքի ավագ որդին 26 տարեկան է, տան միակ աշխատողն է, բայց մշատական աշխատանք չունի: Այս պահին զբաղվում է երկաթ հավաքելով եւ վաճառելով, որպեսզի կարողանա երեխաների համար հաց, իսկ իր համար ծխախոտ գնել:

«Պետությունից եկել են, խոսք են տվել, որ տան հարցով կօգնեն, բայց մինչեւ հիմա իրենց խոստումը չեն կատարել: Հիմա վարձով ենք ապրում, 55 հազար դրամ վարձ ենք տալիս՝ առանց կոմունալների»,- ասում է Համլետ Մայիլյանը:

Սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող ընտանիքի տան չորս ամսվա վարձը վճարել է բարեգործական կազմակերպություններից մեկը: Հունվարից կրկին տան վարձի վճարման խնդրի առաջ են կանգնելու: «Աստված գիտի, թե ինչ է լինելու հունվարից հետո»,- նշում են ընտանիքում:

45-ամյա Համլետ Մայիլյանը ավագ որդու հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին, նաեւ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է: 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ընտանիքի անդամները նաեւ լուրջ առողջական խնդիրներ ունեն:

«Աչքերս լավ չեն տեսնում, խնդիրներ ունեմ, գնացի Սյունիք այդպես էլ խնդիրը մնաց»,- ասում է ընտանիքի հայրը: Նրանից զատ առողջական խնդիրներ ունի նաեւ կինը՝ Կարինե Մելքոնյանը. «Գլխի եւ սրտի խնդիրներ ունեմ, դեղեր եմ խմում, որոնք ես եմ գնում, մեծ գումարներ եմ տալիս»:

Առողջական խնդիրներ են ձեռք բերել նաեւ անչափահս երեխաները՝ ռազմական գործողություններին ականատես լինելու պատճառով: «Երեխաները պատերազմից վախեցել են, լեզուները կապվել է, կրակոցների ձայները անընդհատ լսելուց»,- ասում է հայրը: Երեխաները այժմ սովորում են գիշերօթիկ դպրոցում: 

Կարինե Մելքոնյանը չնայած առողջական լուրջ խնդիրներին բերքահավաքի սեզոնին Շիրակի դաշտերում օրավարձով կորտոֆիլ է հավաքել, սակայն, սեզոնային աշխատանքը երկար չի տեւել: Մայիլյանները մնացել են բարերարների եւ պետական աջակցությունների հույսին: Սակայն, ինչպես Կարինե Մելքոնյանն է վստահեցում պետության կողմից արցախցիներին տրվող օգնությունից լիարժեք չեն կարողացել օգտվել, քանի որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը պետության սոցիալական աջակցություն գումարները ժամկետ անց վարկի մարմանն է ուղղել:

«Ապառիկ համակարգիչ եմ վերցրել՝ ուրիշի համար, իմ անունով, ինձ դրա դիմաց 20 հազար դրամ են տվել եւ ասել են, որ իրենք վարկը կվճարեն, բայց խաբել են: Չեմ ճանաչել, անծանոթ է եղել: Ես այդ ժամանակ դոմիկի մեջ էի ապրում, նեղության մեջ էինք, երեխաներին հացի փող չկար:  600 հազար դրամ արդեն ինձնից պահել են»,- ասում է Կարինե Մելքոնյանը եւ վստահեցնում, որ խաբեության զոհ է դարձել, երբ 2012 թվականին չունենալով երեխաներին կերակրելու այլ ելք դիմել է նման քայլի:

Իսկ ահա ընտանիքի հայրը՝ Համլետ Մայիլյանը վստահեցնում է, որ ինքն էլ ընդհնարապես պետական աջակցության որեւէ ծրագրից չի օգտվում, քանի որ  պատերազմի դաշտում կորցնելով անձնագիրը չի կարողանում ապացուցել, որ Արցախի՝ Ադրբեջանին հանձնված Վազգենաշեն համայնքի բնաիկիչ է: Նրան այժմ տվել են ՀՀ քաղաքացիությունը հաստատող անձնագիր, թեեւ ունի տեղեկանք Վազգենաշենի համայնքապետարանից, որ վերաբնակեցման ծրագրով ընտանիքով ապրել են Արցախում՝ ինքը դեռ 1996-ից սկսած, իսկ կինն ու երեխաները 2009-ից:

Այս ընտանիքի պահանջն այժմ պետությունից մեկն է. իրենց ապահվել բնակարանով, նրանք կողմնակից են գյուղում ապրելուն, որպեսզի կարողանան անասուն պահել եւ հող մշակել: «Ես չեմ ասում ինձ շքեղ տուն տվեք, թող ինձ գյուղում տուն տան ես գնամ անասուն պահեմ, հող մշակեմ իմ երեխաներին պահեմ, մենք աշխատող ենք: Մեզ չորս պատ եւ մի կրիշ է պետք»,- ասում է Կարինե Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Գյումրի