«Չէի պատկերացնի, որ հնարավոր է նման հայտարարություն երկրի առաջին դեմքի կողմից։ Ուզում եմ վարչապետին հիշեցնել, որ ամեն մի զինվորի համար պատասխանատու է անձամբ ինքը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքներ» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 17-ին ԱԺ-ում  գերիների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին, որը հետևյալն է․

«Միգուցե մենք սխալ ենք վարվել, էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկենլը չի համարվում հանցագործություն, ակնհայտ է, եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է ու գերևարվում է, նրան ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»։

Նշենք, որ անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ վարչապետը դիտավորյալ, մտածված նման հայտարարություն արեց՝ կոտրելով այն ընտանիքներին, որոնք պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեին։ Նրա խոսքով՝ վարչապետը շատ բան ուներ ասելու հանրությանը․ ի՞նչ էր կատարվել դիրքերում, ի՞նչ էր տեղի ունեցել, ինչո՞ւ են հանձնել, ինչո՞ւ են Ադրբեջանցիները հարձակվել։ Այնինչ, սրա փոխարեն նա սկսեց խոսել գերիների մասին։

«Ադրբեջանում խոշտանգում են, սպանում են, ամենադաժան ձևով են վարվում գերիների հետ, և դեռ պետք է հետ գան, քննվե՞ն, պատասխանատվության ենթարկվե՞ն։ Զոհվածների, գերիների, վիրավորների ընտանիքների մոտ 150 տարբեր պատմություններ ենք լսում, թե ինչ է պատահել, պատերազմում, ինչպես են հայտնվել գերույթան մեջ»։

Իրավապաշտպանը որպես օրինակ բերեց Արմեն Ստեփանյանին, որը գերության մեջ է հայտնվել պատերազմի հենց առաջին օրը։ Սխալ ճանապարհով են նրանց տարել, նրանք էլ մոլորվել են և հայտնվել գերության մեջ, և այսպես շատ-շատերը։ Նա եղել է գերության մեջ 8 ամիս։

«Ի՞նչ է արել պետությունը, երբ նա գերության մեջ էր․ ուղղակի 72 ժամ հետո կտրել է աշխատավարձը, և ընտանիքը՝ 3 անչափահաս երեխաներն ու ծեր ծնողները, հայտնվել են անպաշտպան իրողության մեջ։ Սա է վերաբերմունքը գերիների նկատմամբ։ Անմարդկային մոտեցում է։ Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի, առողջությանը ամեն ինչի համար։ Ուղղակի էս երկրում երբևիցե որևէ մեկը չի կրել պատասխանատվություն։ Հադրութն արդեն գրավված, 73 հոգու տարել են Հադրութ, գնդակահարել են, սպանել են, ո՞վ է պատասխանատվություն կրել․ ոչ ոք»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ դիրքորոշումը, որ երեկ ներկայացվեց ԱԺ-ում, աննախադեպ էր անպատասխանատվության առումով։

«Դա պատասխանատվության մեղքը գերության մեջ գտնվող զինվորների վրա գցելու ակնհայտ դրսևորում է, սա նաև պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է,  որովհետև սա այն խոսքերը չէ, որ պետք է հնչի ամենաբարձր մակարդակում մարդկանց հանդեպ, որոնք գտնվում են այնպիսի իրավիճակում, երբ ամեն վայրկյան նրանց ֆիզիկական անվտանգությունը ոտնահարվում է։ Սա այն մոտեցումը չէ, որը պետք է ստանան այդ գերության մեջ գտնվողների հարազատները, որոնք որևէ ինֆորմացիա չունեն՝ որտեղ են գտնվում իրենց հարազատները, ինչ պայմաններում»։

Ըստ նրա՝ իշխանությունը պետք է ոչ թե մեղավորներ փնտրի, այլ  ամենաբարձր մակարդակով պատասխանատվության բարձր գիտակցումով հանդես գա։ Եթե մեղավորներ փնտրելու հարցը կա, ապա թիվ մեկ մեղավորը զինվորական ծառայության կազմակերպողն է՝ գլխավոր շտաբը, շտաբի պետը  և դրանից ներքև բոլոր հրամանատարական մակարդակները։

Արթուր Սաքունցի պնդմամբ՝ պատերազմական գործողությունների ժամանակ նման մոտեցումը առնվազն չիմացություն է, անտեղյակություն։ Նա նման մոտեցումը որակեց որպես անմարդկային վերաբերմունք՝ շեշտելով, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում մարդկանց նկատմամբ կա պատասխանատու վերաբերմունք։ Այսինքն՝ պետք է ոչ թե կրկնակի պատժի ենթարկես մարդուն, այլ ապահովես նրա արժանապատվությունը։ ՀՀ-ն իր քաղաքացիների իրավունքների շահերի  պաշտպանությամբ ունի պատասխանատվություն, այս կոնցեպտը եթե չկա, մնացածն արդեն պատասխանատվությունից խուսափելու միտում է։ Սա անմարդկային վերաբերմունք է ոչ միայն գերության մեջ գտնվողների, այլ նաև նրանց հարազատների նկատմամբ։

««Գերի չհանձնվողները հերոսներ են», էդ ի՞նչ բան ա։ Բառացիորեն մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ մեր բոլոր գերիները հերոսներ են, հիմա էդ ի՞նչ փոխվեց»,- նշեց Արթուր Սաքունցը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest