Սյունիքի մարզի Ճակատեն համայնքը արդեն երրորդ օրն է՝ ինչ ապրում է շրջափակման մեջ: Առանց այն էլ սոցալական մի շարք խնդիրներ ունեցող ճակատենցիների համար նոր խնդիրներ է առաջացրել նոյեմբերի 14-ից տեղադրված ադրբեջանական մաքսակետը: Ադրբեջանի ուժայինները զավթել են Ճակատեն-Կապան ավտոճանապարհի մի հատվածը, ինչի պատճառով ոչ միայն ճակատենցիներն, այլ նաեւ հարակից հինգ գյուղերի բնակիչները զրկվել են Կապան գնալու հնարավորությունից:

«Ճանապարհը, որ բաց լինի, ավելի լավ կլինի, ոչ թե ադրբեջանցին հելնի գյուղի մեջ, չորս կողմը սաղ թուրքեր են: Որտե՞ղ գնամ ապրեմ, ընտանիքը ու՞ր տանեմ, ուրիշ տեղ չունեմ: Հաշմանդամ ամուսին, հաշմանդամ տղաներ, միայն ես եմ աշխատում, որ կարողանամ ընտանիքս պահեմ»,- ասում է Հրանուշ Ստեփանյանը:

66 տարեկան ճակատենցին մտահոգված է գյուղի անվտանգությամբ: «Առաջնային պետք է այն խնդիրը լուծվի, որ ադրբեջանցին գնա իր տեղում կանգնի, առաջ ավելի լավ էր: Ճանապարհը փակում են, բայց միայն ես չեմ, հինգ-վեց գյուղ կա»,- ասում է նա:

Ճակատենից զատ ճանապարհից զրկվել է Շիկահողը եւ եւս չորս բնակավայր, որոնք ներառված են Կապան համայնքի մեջ: ԱԱԾ-ն նոյեմբերի 14-ին ուշ գիշերին հայտարարեց, որ նոյեմբերի 15-ից Կապանից Ճակատեն տանող ճանապարհին Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում: Այս վեց գյուղերի բնակիչներին այժմ առաջարկվում է այլընտրանքային ճանապարհ. այն է Մեղրիով գնալ Կապան: Այս դեպքում նախկին 15 րոպեի փոխարեն պետք է գյուղի բնակիչներն անցնեն երեք ժամ ճանապարհ, քանի որ Ճակատենից Մեղրի, ապա Կապան կազմում է 150 կմ:

«Մեղրիով ես ոնց գնամ, ինձ այդքան գումար ով է տալիս, տաքսին 1500 դրամ է այստեղից ուզում, ինձ այդ գումարն ով կտա, որ ես տաքսիին ասեմ արի ինձ տար»,- սրտնեղում է Հրանուշ Ստեփանյանը:

Կապանից Ճակատեն բարձրացող ճանապարհին նախ հսկողություն են իրականացնում Հայաստանի ԱԱԾ-ի ծառայողները, ապա ռուս սահմանապահները, իսկ գյուղին ավելի մոտեցող հատվածում ադրբեջանական սահմանապահները: ՀՀ ԱԱԾ-ից տեղադրված անցակետերից սկսած առաջ գնալ հնարավոր չէ:

«Ես Ղափանում եմ ապրում, մայրս՝ Ճակատենում, Ճակատենում ես անտառապահ եմ աշխատում: Ես ամեն օր գնում-գալիս եմ, ես հիմա չեմ կարողանում գնալ գործի, ինձ ասում է գնա Մեղրիով արի, բայց ես ոնց ամեն օր 200 կմ քշեմ գնամ գամ»,-ասում է արդեն հակառակ կողմում կանգնած եւ Ճակատեն գնալ չկարողացող մի տղամարդ:

Մեղրիով Կապան հասնելու տարբերակից մեկ այլ ճանապարհ էլ կա, որը անանցանելի է, սակայն, աշխատանքեր են տարվում այն երթեւեկելի դարձնելու համար: «Այլընտրանքային ճանապարհով անցնել հնարավոր չէ, զինվորականների հացի մեքենան խրվել է ցեխի մեջ, ցեպավոյ տրակտորն է եկել հանել»,- նշում է անտառապահը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest