«Եւ կռվում էր, եւ փրկում. ոչ մի վիրավորի առանց օգնության չէր թողնում».

558

Ժամկետային զինծառայող, սերժանտ Գեւորգ Գեւորգյանը 44-օրյա պատերազմի ընթացքում բուժակ էր` մի ձեռքում զենք էր պահում, մյուս ձեռքում` առաջին օգնության պարագաներ: Նա զոհվել է նոյեմբերի 2-ին` վիրավոր զինվորին օգնության շտապելու ժամանակ:

Գեւորգը ծնվել եւ մեծացել էր Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո սկսել էր սովորել որպես ատամնաբույժ, սակայն որոշել էր մեկնել ծառայության եւ ուսումը շարունակվել զորացրվելուց հետո:

Զոհված սերժանտի մայրը` տիկին Մարգարիտան պատմում է` ինքը կասկածում էր, որ որդին մարտի դաշտում ու հոսպիտալում է լինում, սակայն հեռախոսազանգերի ժամանակ Գեւորգը դրա մասին ոչինչ չէր ասում: Զանգերից մեկի ժամանակ Գեւորգը հարազատներին ասել էր, որ պատերազմի ավարտից հետո ուսումը շարունակելու է ոչ թե որպես ատամնաբույժ, այլ դիմածնոտային մասնագետ, որ մարդկանց ավելի լավ կարողանա օգնել: Զինվորի այս խոսքերից ծնողները արդեն պատկերացում էին կազմել, թե պատերազմի ընթացքում իրենց որդին ինչ դաժանությունների է ականատես եղել: Թեեւ անգամ այդ խոսակցությունից հետո նա հերքում էր մարտական գոծողություններին իր մասնակցությունը:

«Մեզ մինչեւ վերջին օրը խափել է: Իր զոհվելու օրը առավոտյան զանգել է իր պապային, ասել է` մի քիչ գործ ունեմ, ավարտեմ, կզանգեմ… ու էլ չզանգեց: Զանգից երկու ժամ հետո ինքը զոհվել է: Ասում են տանկի կրակոցից է եղել: Նրա կողքն է եղել: Մի փոքր բեկորից աորտան կտրվել է», — պատմում է Գեւորգի մայրը:

Գեւորգի ծնողներին մինչ այժմ այցելում են ոչ միայն նրա ծառայակիցները, այլեւ նրանք, ովքեր պատերազմից տուն են վերադարձել հենց նրա շնորհիվ:

«Եւ կռվում էր, եւ փրկում: Ասում էին, որ շատ խղճով էր: Ոչ մի վիրավորի առանց օգնության չէր թողնում: Էն էրեխեքին, որ գնում, ականապատ դաշտի վրա, տրաքում էր, գնում, բերում էր: Այնքան էր ասում` գնամ, բերեմ, գնամ գերեմ, որ հրամանատարն ասում էր` Աստված քո հետ, գնա բեր: Ասում են` գնում էր, վերցնում էր, գալիս էր: Ինքը այնքան նվիրված է եղել բոլորին, բոլորին օգնել է… զինվոր է եղել, որ ոտքը կտրված է եղել, նրան այնքան է պահել ժգուտով, մինչեւ եկել են, տարել են… Իր հետ տեղի ունեցածն էլ կանչի ժամանակ է եղել: Կանչ է եղել, որ վիրավոր զինվոր կա, միանգամից վազել է: Էլ չի նայել, որ ինքը բաց տարածքում է: Բաց տարածքում վազել է…»,- պատմում է զոհված զինվորի մայրը:

Տիկին Մարգարիտայի խոսքով, հայտնի է, որ Գեւորգի աճյունը մարտի դաշտից հրամանատարն է հանել.

«Հենց էդտեղից դուրս են եկել, այդ տարածքը գրավել են: Հենց հանել են, նույն օրը ուղարկել են Գորիս… հրամանատարն ասում է` մենք մեզ չէինք ների, եթե Գեւորգին թողնեինք էնտեղ, Գեւորգը մեզ շատ է օգնել, շատերին է փրկել, մենք ո՞նց կարող էինք թողնեինք ու փախնեինք»:

Անի Գևորգյան