Նոյեմբերի 11-ին  արցախյան երկրորդ պատերազմում  զոհված  քանաքեռավանցի  Էդիկ Կիրակոսյանը  կդառնար  քսանմեկ տարեկան:

Իր վաղամեռիկ եղբոր զոհված  թոռան` Էդիկի մասին Գրիգոր Կիրակոսյանը հիշում  է.  «Ընդամենը մեկ ամիս էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը: 2020թ. օգոսոտոսի 27-ին Էդիկը մեկնեց  ծառայության: Նա ճանաչված ֆուտբոլիստ էր, Հայաստանի ազգային հավաքականի իր տարիքային  խմբի խաղացող, պաշտպան: Հոկտեմբերի 12-ին Էդիկն իր ութ ընկերների հետ վիրավորվել է, եւ այդ օրվանից սկսած փնտրտուքների մեջ էինք: Այն տարածքում, որտեղ վիրավորվել են,  այդտեղից  հետքը կորչում էր: Գտանք  վեց  վիրավորների, Բուլոյան Դավիթն ու Էդիկը չկային: Նոյեմբերի 18-ին Էդիկին  գտանք Մեծամորի դիահերձարանում:

Մեզ հայտնի է դարձել, որ Էդիկից առաջ  վիրավորվել էր  նաեւ իրենց ջոկատի տղաներից մեկը: Եվ  նրան պետք է բերեին Հայաստան: Էդիկն իր գրպանից հանում եւ ընկերոջն է տալիս իր հեռախոսը, որպեսզի նա կարողանա կապ հաստատել իր հարազատների հետ: Այդ ջոկատում ամեն մեկը պատրաստ էր իր կյանքը տալ հանուն ընկերության: Իսկ Էդիկի համար ճակատագրական եղավ մի բեկոր, եւ ինքը մահացավ Գորիսում: Տղաները նույնիսկ զինգրքույկ չեն ունեցել, դրանք մնացել էին փլատակների տակ, ինչը եղել է մեր հրամանատարության անկազմակերպվածության պատճառով»: 

Գրիգոր Կիրակոսյանն  ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  պարապող տղաները, երբ հասնում են  զինծառայության տարիքի, նրանց տանում են  բանակ, իսկ նրանց տեղը պահում են խաղացողների, որոնք թեեւ ֆուտբոլում աչքի չեն ընկնում իրենց վառ անհատականությամբ, սակայն օգտվելով ինչ-ինչ  կապերից եւ հանգամանքներից,  չեն զորակոչվում:

Էդիկ Կիրակոսյանի ընկերը` Դավիթ Բուլոյանը,  Forrights.am-ի հետ զրույցում նշում  է, որ առաջին անգամ Էդիկին տեսել է ուշ երեկոյան, երբ առաջին դիրքից տեղափոխվել են երկրորդ դիրք, այնտեղ էլ  իրենց բաժանել են ջոկատների:

«Ես կամավորագրվել եմ, ՄՈԲ-ով գնացել եմ, Էդիկը եղել է Արալեռում, Հադրութից այն կողմ: Դա հրետանային զորամաս է, այնտեղ չորրորդ հաշվարկի հրանոթն ինքն էր աշխատանքային կարգավիճակի բերում, ութսուն տոկոսն ինքն էր անում: Հիշում եմ, որ Էդիկի ատամը երկու օր ցավում էր, էդ հարցն էլ լուծեցինք: Հոկտեմբերի 8-ին  չորս-հինգ վիրավոր ունեցանք, ՄՈԲ-ից էլ մարդիկ էին գնացել:  Մի  հրանոթ պետք է փոսից հանեինք եւ դնեինք մի երեւացող տեղ:  Ուրիշ տարբերակ  չկար, որովհետեւ Հադրութի ուղղությամբ ակտիվ գործողություններ պետք է իրականացնեինք: Ընտրեցին  լավագույններին`  ով արագաշարժ էր, ֆիզիկապես  ուժեղ: Էդիկը  չէր կարող չլինել նրանց մեջ, որովհետեւ ինքն ուժեղ էր: Մեկ էլ հիշում եմ, որ ինքն իր հետ մնացող տղային, որը գիշերային հերթապահ էր, ուղարկել էր քնելու, մնացել էր մենակ: Ես արթնացա, տեսա, որ իմ ժամից մեկուկես ժամ անցել է, Էդիկին հարցրեցի, թե ինչու ինձ չի արթնացրել, ասաց` շատ անուշ էիք  քնած, սիրտս  չտարավ, որ  արթնացնեմ»,- հիշում է Էդիկի ընկերը` Դավիթը:

Էդիկի տատը` Շողիկ Սիմոնյանը, հիշում է, որ թոռան հետ վերջին անգամ ինքն է խոսել: Դա եղել է հոկտեմբերի 11-ին:

«Շատ լավ էր, պարզ, ուրախ: Պատմեց, որ ամեն ինչ լավ է, չմտածենք: Հենց այդ օրն էլ Էդիկի ծնողները գնացել էին Ղալթախչի, սուրբ Հովհաննես` այնտեղ ուխտ անելու: Հոկտեմբերի 12-ի կեսօրից հետո էլ չենք խոսել հետը, այդ օրն արդեն ութ հոգի վիրավորվել էին, բայց միայն ինքը մահացավ: Պարզվեց, որ իրենց տեղափոխել են Կարմիր շուկա: Մենք ինչքան փնտրել ենք, չենք գտել, հանրապետությունում տեղ չմնաց, որ չփնտրենք: Ուզում էինք գնալ Արցախ, սակայն այն ժամանակ խիստ կարգադրություն կար, որ չգնանք Արցախ: Ստիպված մայրը ԴՆԹ-ի անալիզ տվեց երկար փնտրտուքներից, ամեն հիվանդանոց մի քանի անգամ այցելելուց հետո: Եվ միայն նոյեմբերի 11-ին մայրը զանգ ստացավ, զանգեց  քննիչը, ասաց, որ տղան զոհվել է: Հետո գնացինք ճանաչման: Ճիշտ է, ամբողջ մարմինը ճանաչեցինք, ոնց որ խոշտանգված լիներ… »,- հիշում է տատը:

Շողիկ տատը հպարտացել է իր Էդիկ թոռնիկով, ասում է, որ միշտ գովասանագրեր է ստացել դպրոցում, առաջինն է եղել: Ֆուտբոլին էլ է նվիրվել լիովին, քանի որ շատ լավ էր սովորում: Տատը հիշում է, որ թոռը ջանասիրաբար նաեւ անգլերեն է պարապել, բազմակողմանի զարգացած էր:       

 Իսկ թոռան զոհվելուց հետո տատիկին մնացել է նրա մասին բանաստեղծություններ գրելը:

Գրիգոր Կիրակոսյանն էլ հավելում է` եղբոր թոռը միշտ հաղթող էր ֆուտբոլի դաշտում, բայց պարտվեց ԱԹՍ-ին:

Թագուհի Հակոբյան

Pin It on Pinterest