Նոյեմբերի 11-ին օրվա երկորդ կեսին համացանցում տարածվեց աղմկահարույց տեսանյութ, որտեղ տղամարդը բռնության է ենթարկում կնոջ:  Բռնության ենթարկելու եւ նրանց կապը դեռեւս անհայտ է: Դեպքը տեղի է ունեցել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մոտակայքում:

«Հիվանդանոցից դուրս եկա եւ տեսա, որ այդ կնոջը ծեծում է: Կադրերում ինչ երեւում է, դա քիչ թե շատ թեթեւ ծեծկռտուքի տեսարանն է: Այդ տղամարդը սկզբում շատ ավելի ագրեսիվ էր, հետո երբ տեսավ, որ նկարում են «մեղմվեց»: Շատ-շատ ահավոր էր»,- ասում է ականատես մի կին, որը նաեւ տեսանկարահանել է բռնության տեսարանը:

Ըստ ականատեսի կինը բռնության է նեթարկվել շուրջ տասը րոպե:

«Կնոջը գցել էր ոտքերի տակ եւ քացիներ էր տալիս: Սկզբում գցել էր քացիներ էր տալիս, հետո մտցրեց մեքենան, հանենց էլի ծեծում էր, ես հանելուց եմ սկսել նկարել, մինչ այդ չեմ հասցրել նկարել»,- ասում է ականատեսը եւ հավելում.

«Ես այդ ժամանակ սրտաբանական հիվանդանոցի մոտ եմ եղել, այնտեղ երկաթե պատնեշներ կան, ինձ չհաջողվեց մոտենալ եւ օգնություն ցույց տալ, որովհետեւ մուտքից շատ հեռու էր»:

Ուշագրավ է, որ տղամարդու կողմից անհայտ պատճառներով կնոջը բռնության ենթարկելուն, ըստ հրապարակված տեսանյութի, արձագանքում է միայն մեկ կին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքում գտնվող տղամարդիկ, այդ թվում նաեւ սրտաբանական հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները չեն փորձել կանխել ծեծը:

«Այդտեղ հավաքված մարդիկ ոչ մի բան չէին անում: Տղամարդիկ որեւիցե ռեակցիա չտվեցին: Ինձ համար դժվար էր անցնել երկաթյա արգելապատնեշները, քանի որ մուտքը հեռու էր, բայց տղամարդկանց համար հեշտ էր թեկուզ վազելով հասնել ելքի դռանը: Տարածքում նաեւ սրտաբանականի անվտանգության աշխատակիցներն էին, ովքեր որ անվտանգության ծառայություններ մատուցող կազմակերպության աշխատակիցներ էին, իրենք եւս բացարձակ նյտրալ մնացին: Ես վերջում իրենց մի քանի խոսք ուղղեցի, իրենք ասեցին, որ հիվանդնաոցի աշխատակիցներըեւ իրավունք չունեն սրտաբանականի տարածքից դուրս միջամտեն»,- մեզ հետ զրույցում ասաց ականատեսը, որի ինքնությունը իր իսկ խնդրանքով չենք բացահայտում:

Բռնության միջադեպը տեսանկարահանած կինն ասաց, որ պատճառների մասին տեղեկություններ չունի:

«Իրենք միմյանց ծանոթ էին, բայց չգիտեմ, թե ինչ հարբերություններ ունեին: Այնպես չէ, որ փողոցից անծանոթ կին էր… Կինը նստեց ինչ-որ մեքենա եւ գնաց, իսկ բռնություն կիրառող տղամարդը իր մեքենայով գնաց այդ մեքենայի հետեւից»,- եզրափակեց նա: Տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրում է նաեւ ոստիկանությունը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ կնոջը բռնության ենթարկած տղամարդուն հայտնաբերել և բերման է ենթարկել։


Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest