«Պատերազմները հենց այնպես մեկ օրում չեն ծագում, պատերազմի առիթ կարող են հանդիսանալ տարբեր միջադեպեր, սակայն քանի դեռ պատերազմի խորքային պատճառները հաղթահարված չեն, երբևիցե որևէ պահի չի բացառվում պատերազմի բռնկում»,- նոյեմբերի 9-ին ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քննարկման սեղանի շուրջ հյուրերին ներկայացրեց «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» զեկույցը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ զեկույցը նվիրված է պատերազմի պատճառներին, ընդհանուր այն խնդիրներին և տենդենցներին, որոնք մոտեցրին և հնարավոր դարձրին պատերազմը։

«Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ»․ ՄԱՀՀԻ հիմնադիրն անդրադարձավ նաև վերնագրի ընտրությանը․ «Վերնագիրը նշանակում է, որ պատերամզը մեկ օրվա, կամ ամսվա, կամ տարվա զարգացումների արդյունք չէ, այն երկարաժամկետ զարգացումների, գործողությունների, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների մի ամբողջություն է»։

Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ միջազգային մակարդակ, ներպետական մակարդակ։ Սա երկրորդ զեկույցն է, որը կարելի է համարել արձանագրում հիմնական տենդենցներին, որոնք սկսվել են վաղ 90-ականներին՝ ՀՀ անկախության հռչակումից և դրան ուղեկցած Արցախյան առաջին պատերազմից հետո։ 

Զեկույցը ստեղծվել է լայն հասարակության համար։ Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ՝ այն կազմելիս աշխատել են զերծ մնալ խորը գնահատականներ, պնդումներ, վարկածներ անելուց՝ հաշվի առնելով, որ առաջին հերթին հանրության համար ապահովվի փոքրիկ ձեռնարկի տեսքով խրոնոլոգիա, տենդենցների ընդհանուր ուրվագծերով նկարագրություն, որն էլ հանգեցրել է անվտանգության դատարկության և հնարավոր է դարձրել պատերազմը։

«Ակնհայտ է, որ թե ներպետական, թե միջազգային և տարածաշրջանային մակարդակներում հանգամանքների դասավորումն Ադրբեջանի օգտին երեք տասնամյակների ընթացքում բերել է նրան, որ վերջինիս կողմից այլևս շահեկան չի դիտարկվել բանակցությունների միջոցով խնդրի հանգուցալուծումը, քանի որ տիրել է այն մտայնությունը, որ ռազմական ճանապարհով առաջ ընթանալը թույլ կտա հասնել ավելի շահեկան լուծման առանց փոխզիջումների»,- նշված է զեկույցի եզրափակիչ մասում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest