Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում հակամարտության մարդասիրական հետևանքներին և մարդու իրավունքների վիճակին։ Այս մասին հայտնում է factor.am-ը ։

Այն ձևակերպում է ութ առաջարկություն՝ մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար, տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից։ Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքներ մուտքը շատ սահմանափակ է մնում հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունների համար, և որ նման առաքելությունների գործունեությունն ավելի ու ավելի շատ է խոչընդոտվում: Նրա կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի առաջնահերթության կարգով։ Հանձնակատարը կոչ է անում բոլոր պատկան մարմիններին՝ մշակել մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան մարդասիրական և մարդու իրավունքների դերակատարներին օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր հրատապ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն:

2020 թվականի ռազմական գործողությունների բռնկումը ստիպել է տեղահանվել տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր բնակվում էին հակամարտության գոտում կամ դրա մոտակայքում, ի լրումն այն մարդկանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականների հակամարտությունից հետո: «Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է հակամարտությունից և ներկայումս բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստիպված լինի վերադառնալ նախկին տները», – ասել է հանձնակատարը։ Նա շեշտել է, որ վերադարձը պետք է լինի կամավոր և պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադառնալ ցանկացողներին պետք է տրամադրվի հավաստի տեղեկատվություն՝ իրազեկված որոշում կայացնելու համար: Հանձնակատարը նաև տեղյակ է տարածաշրջանում ականներով և պատերազմից հետո մնացած պայթուցիկներով աղտոտվածության բարձր մակարդակի մասին և ցավում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ լրջորեն վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:

Նա կողմերին կոչ է անում համագործակցել և ներգրավվել տվյալների անհրաժեշտ փոխանակմամբ՝ ականազերծման գործընթացը հեշտացնելու համար։ Հանձնակատարը նշում է, որ ռազմագերիների, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, հրամայական է՝ ապահովել, որ դեռևս գերության մեջ բոլոր գտնվողները ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև դյուրացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը: «Բազմաթիվ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին կամ ում հարազատներն անհետ կորած են: Հետևաբար, անհրաժեշտ է առաջնահերթություն տալ անհետ կորածների ընտանիքների կարիքներին, նրանց իրավական և գործնական կարիքներին, ինչպես նաև ճշմարտությունն իմանալու իրավունքին՝ որոշումներ կայացնելիս և այս խնդրին առնչվող բոլոր գործողությունները կատարելիս»,- ասել է հանձնակատարը:

Այս առումով երկու կողմերի հետ ավելի շատ ներգրավվածության կարիք կա՝ երկխոսությունը խթանելու, միասնական տվյալների բազա ստեղծելու և զոհվածների աճյունների հայտնաբերման ու նույնականացման հնարավորությունները մեծացնելու համար: Բացի այդ, հանձնակատարը ստացել է արժանահավատ զեկույցներ հասարակական կազմակերպություններից և տուժածներից ու նրանց ընտանիքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ինչպես նաև հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Հանձնակատարն ընդգծում է, որ պետությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, իրավական պարտավորություն ունեն՝ պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատուներին: Ավելին, հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակեցված տարածքների անկանոն գնդակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց շարքում զոհերի և լուրջ վնասվածքների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են չկանոնակարգված և/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել համարժեք և արդյունավետ փոխհատուցում զոհերի ընտանիքներին։ Հանձնակատարը նաև նկատում է, որ երկու երկրներում էլ հանրային քննարկումներում ավելի ու ավելի են նշանավորվում «թունավոր, թշնամական, անհանդուրժող և անհարգալից» հայտարարությունները: «Մշտական ագրեսիվ հռետորաբանությունը կամ մյուս կողմին նշելու համար «թշնամի» բառի օգտագործումը միայն նպաստում է բաժանարար գծի տարբեր կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության հավերժացմանը»,- ավելացրել է հանձնակատարը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest