Ինչպե՞ս է պատահել, որ Ջրականում որդիս եղել է նշանառու, իսկ Վարանդայում` կապավոր

786

Երեւանի  Ա. Բաբաջանյան  98/8  հասցեում օրերս տեղադրվեց արցախյան երկրորդ պատերազմում զոհված Գեւորգ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշաքար:

Գեւորգը մինչեւ բանակ զորակոչվելը եղել է ավիաուսումնական կենտրոնի առաջին կուրսի ուսանող` ավիակարգավար մասնագիտությամբ:

Մայրը` Հասմիկը, նշում է, որ դա որդու երրորդ մասնագիտությունն էր: Դպրոցն ավարտելուց  հետո Գեւորգը  ընդունվել էր  տեխնոլոգիական քոլեջ` փորձագետ-ապրանքագետի մասնագիտությամբ, այնուհետեւ` Երեւանի պետական մանկավարժական  համալսարան:

«Այդ տարի էլ Գեւորգը  պետք է զորակոչվեր, բայց  2018 թվականին նա,  ավա՜ղ, ստացավ ձեռքի բազուկի բարդ կոտրվածք, վիրահատվեց, ինչի պատճառով էլ 18 տարեկանում  չզորակոչվեց: Հաջորդ տարին նորից նա ենթարկվեց վիրահատության: 2019թ. պետք է Գեւորգը զորակոչվեր, սակայն զինկոմիսարիատը գտավ, որ դեռ շուտ է, ինքը ողնաշարի խնդիրներ ուներ: Այդ նույն տարին էլ ընդունվեց ավիաուսումնական կենտրոն, գերազանցությամբ ավարտեց առաջին կուրսը: Քանի որ մասնագիտությունը պահանջում էր օտար լեզուների տիրապետել, որդիս ինքնուրույն սովորեց անգլերեն, ռուսերեն, իսպաներեն: Իսկ որդուս` ավիացիայի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված էր նրանով, որ ամուսինս 35 տարի աշխատում էր օդանավակայանում»,- պատմում է Հասմիկը:

Գեւորգը ծառայել է Խոջալուում, զորակոչվել էր 2020թ. օգոստոսի 13-ին, իրեն նշանակել են նշանառու եւ ավագ ռադիոհաղորդավար:  Նա զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայի ճանապարհին, ԱԹՍ-ի հարվածից: Մայրն ասում է, որ տասնհինգ հոգուց տասնմեկը զոհվել են, չորսը ողջ են մնացել:

«Սեպտեմբերի 27-ին Գեւորգը զանգեց ինձ,  ասաց, որ ես իր հեռախոսով չզանգեմ: Հետո պարզվեց, որ իր հեռախոսն իր մոտ չի եղել: Ուզում եմ իմանալ, թե ինչու ուրիշ զինվորներ ունեցել են իրենց հեռախոսը, ինքը` ոչ: Մեզ այդ մասին չեն ասում ոչինչ, չնայած իր հեռախոսը եղել է շատ հասարակ հեռախոս: Ինքը երբեք չի ասել, թե որտեղ է: Հոկտեմբերի 19-ին էլ զանգեց, ասաց` մա՛մ, էլ ոչ մի համարով չզանգես, ու ինքը շատ տխուր էր»,- նշում է զոհվածի մայրը:

Մեր այն   հարցին, թե որդին իմացե՞լ է պատերազմի մասին` նախքան այն սկսվելը, մայրն արձագանքեց. «Չէ, չի  իմացել: Միայն ասում էր, որ իրենց տանում են` խրամատ փորելու: Տանում էին չգիտեմ որտեղ` խրամատ փորելու »:   

Զոհված զինծառայողի մայրն անցած մեկ տարվա ընթացքում հասցրել է որոշ բացահայտումներ անել իր որդու ծառայության, մահվան հանգամանքների հետ կապված: Նա տարակուսած է, որ իր որդու հետ ծառայել եւ զոհվել է նաեւ միակողմանի ծնողազուրկ մի երիտասարդ` Նարեկը, որի խնամակալներն  եղել են տատն ու հորաքույրը, նույնիսկ հայրը այստեղ չէ, գտնվում է ՌԴ-ում: Իսկ օրենքով նրան չպետք է զորակոչեին: Մեկ ուրիշին էլ` նոյեմբերյանցի  24-ամյա Հայկ Ղարսյանին,  նշանակել են հրամանատար, ինչը նույնպես տարակուսելի է: Հայտնի չէ, թե այդ երիտասարդն ինչ փորձառություն ուներ: Առհասարակ` Հասմիկին մտահոգում է, թե ինչու  են անփորձ նորակոչիկներին ուղարկել առաջին գիծ:

 Հասմիկը վատ է զգում, որ իրեն չեն տրամադրել նաեւ զոհված որդու իրերը, միայն ձեռքի ժամացույցն է կարողացել վերցնել: Որդու ծառայության, պատերազմական գործողություններին  մասնակցելու մանրամասների մասին էլ Հասմիկն իմացել է պատերազմից  վերադարձած որդու ընկերներից:

Հասմիկն ասում է, որ ինքն ու ամուսինը` Գեղամը, հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն, որպեսզի տեղեկանան, թե որ հոդվածների համաձայն են իրենց որդուն, որը նախնական պատրաստվածություն չի ստացել, ուղարկել կապավոր, ինչպես է պատահել, որ Ջրականում նա եղել է նշանառու, իսկ Վարանդայում` կապավոր: Ինչո՞ւ հաշվի չեն առել, որ որդին ունեցել է առողջական խնդիրներ, չէ՞ որ դրա համար կա համապատասխան ՊՆ-ի  հրաման: Իսկ զոհվածի  ծնողներին պատասխանել են, որ պատերազմի ժամանակ նման բաները հաշվի չեն առնվում:

Թագուհի Հակոբյան