Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական Հայաստանում թեմայի քննարկման ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդես եկավ ելույթով, ողջունեց բոլոր ներկաներին։ Կարեն Անդրեասյանի խոսքը ներկայացնում ենք ստորև․

«Այսքան մասնագետների, այսքան տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությունը վկայում է այն մասին, որ վեթթինգի կամ դատական բարեփոխումների թեման շատ ակտուալ է և այդ պատճառով մենք փորձել ենք մի սեղանի շուրջ հավաքել այսքան տարբեր բնագավառներում գործող մասնագետների և մոտ երեք տարի չարչրկված թեման, թե ո՞նց, ինչպե՞ս և ե՞րբ պետք է Հայաստանում վեթթինգ լինի, հուսով եմ այսօր այդ քննարկմանը կդրվի վերջակետ։

Քննարկման հիմնական պրոբլեմը իմ համոզմամբ եղել է այն, որ մասնագետների մի խումբը գտնում է, որ ներկայիս սահմանադրությունը թույլ է  տալիս իրականացնել վեթթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մասնագետների մեկ այլ խումբ գտնում է, որ ներկայիս սահմանադրությամբ այն անհնար է։ Մենք այսօր պետք է կարողանանք պատասխանել մի քանի այլ հարցերի, օրինակ՝ դատավորների  բարեվարքության ստուգումը հնարավո՞ր է իրականացնել ժամանակի մեջ հետ գնալով, թե՞ պետք է կանգ առնենք վերջին ժամանակներում այդ բարեվարքության ստուգման օրենսդրությունը ընդունելուց հետոյի ժամանակահատվածի համար։ Մենք այսօր նաև խնդրում ենք քննարկել անցումային արդարադատության իրագործման հնարավորությունները և արդյո՞ք այսօր էլ ակտուալ է իրագործել մի այնպիսի մեխանիզմ, որը կկոչվի անցումային արդարադատություն, երբ հեղափոխությունից անցել է 3 տարի։

 Այս դժվար հարցերի պատասխանը հուսով եմ մեր այս մեծ քննարկումը և հետո աշխատանքային խմբերում քննարկումը կտա այս հարցերի պատասխանները և մենք որպես նախարարություն կառաջնորդվենք ձեր այսօրվա քննարկման արդյունքներով։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ մեր երեք աշխատակիցները բոլոր քննարկումների ժամանակ անընդհատ արձանագրելու են ձեր բոլոր մտքերը։ Մենք ունենալու ենք ընդհանուր պատկեր և ոչ մի խոսք, ոչ մի կարծիք չի կորելու, մենք ամփոփելու ենք այդ քննարկումները և կարողանալու ենք հանրությանը հանգիստ խղճով ասել, թե ի վերջո լինելու է վեթթինգ, նոր օրենսդրությամբ, նոր օրենով, սահմանադրական բարեփոխումներից առաջ, թե հետո։ Նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ վեթթինգն արդեն սկսվել է, այն սկսվել է ԲԴԽ ներկայիս կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ։ Մենք, որպես ԲԴԽ դիմող կողմ, հատուկ ուզում ենք փաստել, որ վերջին շրջանում, երբ մենք ուսումնասիրում ենք անգամ մերժումները՝ դրանք մեզ թվում են հիմնավոր, հասկանալի և սա չի նշանակում, որ նախարարությունը սխալվել է այդ գործերով միջնորդություններ ներկայացնելիս, դա նշանակում է, որ մենք մեկնաբանել ենք օրենսդրությունը և դրա կիրառումը մի կերպ, իսկ ԲԴԽ-ն իր գործունեությամբ օգնել է հասկանալ, թե որն է ճիշտ մեկնաբանությունը։

 Պետք է ազնիվ լինեմ, որ եթե ԲԴԽ-ի հետ մենք ունենանք մասնագիտական տարընկալումներ, մենք նաև բաց պատրաստ ենք քննարկել։ Ուրախ եմ, որ այսօր ոչ միայն նեկա է ԲԴԽ նախագահը, այլ նաև ԲԴԽ մի շարք անդամներ և այս քննարկումները որևէ կերպ չեն ազդելու կոնկրետ գործերով մեր միջնորդությունների վրա։ Որքան էլ մենք մասնագիտական հարթակում իրար կողք ենք նստած, մենք շատ լավ գիտենք, որ ԲԴԽ դահլիճում մենք մի կողմն ենք, ԲԴԽ-ն իր բարձրունքի վրա , իսկ դատավորները պետք է լսեն, հասկանան  իրենց սխալները, եթե դրանք արել են և նույնիսկ ամենախիստ ձևով պատասխան տան, եթե  եղել ենք այդպիսի սխալներ։

Ես շարունակում եմ հավատալ, որ վեթթինգի գործընթացը սկսված է, իրագործվում է, դրա արդյունքները մենք օր- օրի տեսնում ենք, բայց նաև մենք միասին պետք է քննարկենք , թե արդյոք մեզ պետք է հստակ առանձին մեխանիզմ, որը առանձին կիրականացնի վեթթինգ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest