Գոռ Աբգարյանը ընտանիքի երեք որդիներից մեկն էր: 5 տարեկանում նա նկարահանվել էր Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմում, որտեղ տղան մահանում է թշնամու կողմից թիկունքին արձակված գնդակից: 2020թ-ի հոկտեմբերի 26- ին Գոռը զոհվել է թշնամու ԱԹՍ պայթյունից` թիկունքին ստացած բեկորային վնասվածքից:

Գոռը ծառայում էր Մատաղիսում: Մինչ պատերազմի սկսելը այնտեղ եղել է ընդամենը 15 օր: Վերջին անգամ նրա զանգը հնչել է հոկտեմբերի 25- ին: «Պապիկին է զանգել․ ծննդյան օրն է շնորհավորել ու ասել է` պապի ջան, մերոնց ասա` էլ չեմ կարողանա զանգել: Հաջորդ օրը զոհվել է: Մենք նրան գտանք նոյեմբերի 6-ին, բայց նրան պահեցինք մինչեւ նոյեմբերի 11-ը, որ եղբայրը գա, բայց չեկավ: Հուղարկավորությունից երկու օր հետո եկավ»,- պատմում է մայրը: Հայտնի է, որ ժամկետային զինծառայողը պատերազմի ընթացքում մասնակցել է մարտերին Մատաղիսում, ապա Դրմբոնում, Եղնիկներում, Հադրութում, Կարմիր շուկայում:

Գոռի հարազատներին հայտնի են դարձել նրա մահվան հանգամանքները.«Ինքը ամեն տեղ եղել է, ամեն տեղ կռվել է: Կարմիր շուկայում երեք ընկեր են եղել: ԱԹՍ-ով մեկին խփել են, բեկորը մեջքից տղայիս է կպել: Ասում են, որ օր ու կես չի կարողացել Շտապ օգնության մեքենան այնտեղ մտնի, որ իրան հանի»: Մարիամ Մխիթարյանը հիշում է` պատերազմի ընթացքում որդին շատ էր ահնանգստանում ավագ եղբոր` Լեւոնի համար, ով այդ պահին ծառայում էր Եղնիկներում: 44 օր  Լեւոնից լուր չի եղել: Միայն մեկ անգամ նա կարողացել է մի զինծառայողի հետ ծնողներին փոխանցել` «ես կամ»:  Պատերազմից հետո նա կարճ ժամանակով վերադարձել է տուն, ապա նորից մեկնել է ծառայության, բայց արդեն ՀՀ ՊՆ զորամասերից մեկում:

Գոռը սիրում էր թատերական եւ երաժշտական աշխարհը: «Ինը տարեկանից  հաճախեց եւ երաժշտական դպրոց, եւ թատերական դպրոց: Երաժշտական դպրոցում նախ գնում էր շվիի, հետո թավշվի է նվագել, հետո հիմնական գործիք ընտրեց բլուլը, սիրողական` զուռնան, դուդուկը, կլարնետը: Սովորում էր Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում, երրորդ կուրս էր: Տարկետում էր նրան հասնում: Չվերցրեց: Ասեց` շուտ գնամ ու գամ, լիքը գործեր ունեմ »,- պատմում է մայրը:

«Տխուր փողոցի լուսաբացը» Ֆիլմը Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատմում է ընտանիքի մասին, որի երկու որդիները մեկնում են պատերազմ եւ կրտսերը զոհվում է: Փաստորեն, նույնը տեղի ունեցավ 4- օրյա պատերազմի ժամանակ` Աբգարյանների ընտանիքում:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest