Հետախուզման մեջ գտնվող, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը վարչական դատարանում վիճարկում է կառավարության 10.06.2021 թվականի թիվ 946-Ն որոշումը: Հիշեցնենք՝ այս որոշմամաբ կառավարությունն այս տարվա հունիսի 10-ին, Երեւանի Պուշկին փողոցում գտնվող մի շարք շենքեր հանեց հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքերի ցանկից: Այդ շենքերի թվում է նաեւ «Դոլմամա» ռեստորանի հայտնի շենքը:
Այսպիսով՝ ՀՔԾ-ի կողմից կոռուցիայի մի շարք մեղադրանքեր ստացած Սամվել Մայրապետյանը ցանկանում է «Դոլմամայի» եւ մյուս շենքերը, որոնք գտնվում են Պուշկին փողոցում եւ համարվում են պատմամշակութային արժեք, քանդել եւ փոխարենը էլիտար շենքեր կառուցել:
«Դոլմամայի» սեփականատեր Ժիրայր Ավանյանը Մայրապետյանի ընկերության կողմից ներկայացված հայցի վերաբերյալ նշում է, որ իրենք օգտվում են օրենքով ընձեռված հնարավորությունից: «Մայրապետյանն օգտագործում է իրեն հասանելի բոլոր միջոցները: Եթե այդ միջոցները չլինեին ես չէի կարող 13 տարի շարունակ պայքարել»,- ասում է հայտնի շենքի սեփականատերը եւ հավելում՝ հույս ունի, որ դատարանն արդար վճիռ կկայացնի:
«Երկրագունդը կլոր է, ամեն ինչ հավանական է, բայց այն ժամանակ դատարանները որոշումներ էին կայացնում հօգուտ Սամվել Մայրապետյանի, հիմա շանս կա, որ արդարադատությունը կարող է մյուս կողմի համար վերականգնվի եւ մենք շահենք»:
Ժիրայր Ավանյանը նշում է՝ իր սեփականության համար կպայքարի որքան անհրաժեշտ է: «Ես պայքարել եմ 13 տարի, երեք տարբեր ատյանի դատարաններում: Սամվել Մայրապետյանն է, թե իր պապան է, ես շարունակելու եմ պայքարել»:
Forrights.am-ի հետ զրույցում ռեստորանի սեփականատերը նշեց, որ 2014-ին Մայրապետյանն իրենց առաջարկել է 56 մլն դրամ, 2016-ին՝ 64 մլն դրամ, իսկ այժմ որպես վերջնական գին սահմանված է 92 մլն դրամը: «Դոլմամա»-ի սեփականատերերն ընդգծում են․ իրենց գումարի որեւէ թիվ չի հետաքրքրում, ցանկանում են պահպանել 1998 թվականից ստեղծած իրենց կոլորիտային ռեստորանը:
Հիշեցնենք՝ Պուշկինի 10 հասցեում գտնվող ռեստորանի տարածքը 2008-ին կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ, որը ձեռք է բերել մի շարք քրեական հոդվածներով անցնող եւ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը:
2021 թվականի հուլիսի 10-ի որոշմամաբ ՀՀ կառավարությունն արձանագրել էր 958-Ն որոշման չիրականացում: Այն է՝ Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8, բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 հասցեներում «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը յոթ տարվա ընթացքում չի սկսել կաառուցապատում, ինչի պատճառով էլ կառավարությունը որոշել եւ շենքերը հանել է հանրային գերակա շահ համարվող կառույցների ցանկից:
Կառավարությունը նշյալ հասցեներում գտնվող գույքերը ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան:
Սամվել Մայրապետյանի «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունից որեւէ կերպ չեն մեկնաբանում իրենց հայցը: Ընկերության փաստաբանը փոխանցեց, որ «Լոկալ դիվելոփըրզ»-ի հետ պայմանավորվածություն չունի լրատվամիջոցների հարցերին պատասխանելու համար:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: