Հետախուզման մեջ գտնվող, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը վարչական դատարանում վիճարկում է կառավարության 10.06.2021 թվականի թիվ 946-Ն որոշումը: Հիշեցնենք՝ այս որոշմամաբ կառավարությունն այս տարվա հունիսի 10-ին, Երեւանի Պուշկին փողոցում գտնվող մի շարք շենքեր հանեց հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքերի ցանկից: Այդ շենքերի թվում է նաեւ «Դոլմամա» ռեստորանի հայտնի շենքը:

Այսպիսով՝  ՀՔԾ-ի կողմից կոռուցիայի մի շարք մեղադրանքեր ստացած Սամվել Մայրապետյանը ցանկանում է «Դոլմամայի» եւ մյուս շենքերը, որոնք գտնվում են Պուշկին փողոցում եւ համարվում են պատմամշակութային արժեք, քանդել եւ փոխարենը էլիտար շենքեր  կառուցել:

«Դոլմամայի» սեփականատեր Ժիրայր Ավանյանը Մայրապետյանի ընկերության կողմից ներկայացված հայցի վերաբերյալ նշում է, որ իրենք օգտվում են օրենքով ընձեռված հնարավորությունից:  «Մայրապետյանն օգտագործում է իրեն հասանելի բոլոր միջոցները: Եթե այդ միջոցները չլինեին ես չէի կարող 13 տարի շարունակ պայքարել»,- ասում է հայտնի շենքի սեփականատերը եւ հավելում՝ հույս ունի, որ դատարանն արդար վճիռ կկայացնի:

«Երկրագունդը կլոր է, ամեն ինչ հավանական է, բայց այն ժամանակ դատարանները որոշումներ էին կայացնում հօգուտ Սամվել Մայրապետյանի, հիմա շանս կա, որ արդարադատությունը կարող է մյուս կողմի համար վերականգնվի եւ մենք շահենք»:

Ժիրայր Ավանյանը նշում է՝ իր սեփականության համար կպայքարի որքան անհրաժեշտ է: «Ես պայքարել եմ 13 տարի, երեք տարբեր ատյանի դատարաններում: Սամվել Մայրապետյանն է, թե իր պապան է, ես շարունակելու եմ պայքարել»:

Forrights.am-ի հետ զրույցում ռեստորանի սեփականատերը նշեց, որ 2014-ին Մայրապետյանն իրենց առաջարկել է  56 մլն դրամ,  2016-ին՝ 64 մլն դրամ, իսկ այժմ որպես վերջնական գին սահմանված է 92 մլն դրամը: «Դոլմամա»-ի սեփականատերերն ընդգծում են․ իրենց գումարի որեւէ թիվ չի հետաքրքրում, ցանկանում են պահպանել 1998 թվականից ստեղծած իրենց կոլորիտային ռեստորանը:

Հիշեցնենք՝ Պուշկինի 10 հասցեում գտնվող ռեստորանի տարածքը 2008-ին կառավարության որոշմամբ  ճանաչվել է հանրային գերակա շահ, որը  ձեռք է բերել  մի շարք քրեական հոդվածներով անցնող եւ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը:

2021 թվականի հուլիսի 10-ի որոշմամաբ ՀՀ կառավարությունն արձանագրել էր 958-Ն որոշման չիրականացում:   Այն է՝ Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8, բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 հասցեներում  «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը  յոթ տարվա ընթացքում չի  սկսել կաառուցապատում, ինչի պատճառով էլ կառավարությունը որոշել եւ շենքերը հանել է հանրային գերակա շահ համարվող կառույցների ցանկից:

Կառավարությունը նշյալ հասցեներում գտնվող գույքերը ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան:

Սամվել Մայրապետյանի «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունից որեւէ կերպ չեն մեկնաբանում իրենց հայցը: Ընկերության փաստաբանը փոխանցեց, որ «Լոկալ դիվելոփըրզ»-ի հետ պայմանավորվածություն չունի լրատվամիջոցների հարցերին պատասխանելու համար:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest