«Մեր հրամանատարն իր մի ձայնով բազմաթիվ կյանքեր է փրկել»,- մեկ տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին, պատերազմի դաշտում տեղի ունեցածը Եռաբլուրում հրամանատարի՝ Սերգեյ Մուրադյանի շիրիմի մոտ կանգնած հիշում է նրա զինվորը:
Վլադ Բաբայանն այսօրվա նման է հիշում, թե ինչպես վաշտի հրամանատար Սերգեյ Մուրադյանը, նկատելով թուրքական F16 կործանիչները, զինվորներին փրկելու համար, թաքստոոց մտնելու փոխարեն, վերցրել է «ռացիան» ու կապի միջոցով զինվորներին թաքնվելու հրաման տվել:
«Եթե նա կապի միջոցով կործանիչների գալու մասին չհայտներ, ապա շատերը կզոհվեին, քանի որ չէին նկատել: Շատ լավ հրամանատրար ու շատ լավ մարդ է եղել»,- ասում է Մուրադյանի հրամանատարությամբ ծառայած Վլադ Բաբայանը:
Ծառայակիցները հիշում են՝ հրամանատարան անգամ չի հասցրել վերջին մի քանի բառերն արտաբերել, երբ հատուկ կապի միջոցով փորձել է տեղեկացնել կործանիչների մասին: Նա զոհվել է թուրքական F16-ի հարվածից:
«Թերացում չէր սիրում, իր գործը պատվով էր կատարում: Նույնիսկ զոհվելուց մի քանի վայրկյան առաջ ինքը փորձել է բոլորին օգնի՝ ասել, որ կործանիչը գալիս է, բայց վերջին մի քան բառերը չի հասցրել»,- ասում է նրա զինվորներից Հայկը:
Այսօր լրանում է Մատաղիսում զոհված մոտոհրաձգային վաշտի հրամանատար Սերգեյ Մուրադյանի զոհվելու մեկ տարելիցը: Ընտանիքի անդամներն Արցախից, իսկ զինվորները՝ հանրապետության տարբեր մարզերից եկել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կապիտանի շիրիմին:
«Ես առաջին օրվանից Սերգեյ Մուրադյանի հետ եմ եղել՝ Մատաղիսում: Շատ լավ մարդ էր, հետաքրքրվում էր բոլորի վիճակով: Շատ ենք ցավում նրա զոհվելու համար, միշտ այցելում ենք Եռաբլուր»,- ասում է կամավորական Մուշեղ Կակոյանը:
Սերգեյ Մուրադյանի հետ վերջին անգամ խոսել է կնոջ մայրը՝ զոհվելուց մոտ մեկ ժամ առաջ: «Վերջին անգամ ինքը զանգահարեց, իր ձայնը մի ձեւ դողում էր խոսելիս: Սերգեյը ուզում էր երեխաների հետ խոսել, բայց երեխաները խաղով էին տարվել, չվերցրեցին հեռախոսը: Նրա ձայնից զգացի, որ տխուր է: Սերգեյին ասացի՝ խնդրում եմ, քեզ խնայի երեխաներիդ համար: Այս հեռախոսազանգից մեկ ժամ էլ չանցած այդ չարաբաստիկ լուրը լսեցինք»,-նշում է Մարինե Գրիգորյանը:
Սերգեյ Մուրադյանը ծնունդով Արցախից է՝ Ստեփանակերտից: Ամուսնացած է, ունի երկու տղա՝ երկու եւ հինգ տարեկան: «Պատրաստի զինվորներ են: «Մամա, թողնու՞մ ես գնանք, թուրք սպանենք, այս մտքով են մեծանում»,- ասում է Սերգեյի կինը՝ Աննա Մուրադյանը, ով հիմա միայնակ է մեծացնում մանկահասակ երեխաներին:
Աննան նշում է, որ ամուսինը պատերազմի առաջին օրն է մեկնել առաջնագիծ, իսկ ընտանիքին հորդորել է տեղափոխվել նկուղ:
«Պատերազմը մեզ համար անսպասելի սկսվեց: Ձայներ լսեցի, զանգեցի Սերգեյին, ասաց, որ երեխաներին վերցնենք եւ իջնենք նկուղ: Պայմանավորվել էինք, որ երկու ժամը մեկ զանգահարելու է, քանի որ շատ էի անհանգստանում: Վերջին օրերին, որ զանգում էր, ասում էր՝ երեխաներին լավ կնայես»:
Սերգեյը զոհվել է 29-ամյակը լրանալուց մի քանի օր անց՝ պատերազմի 35-րդ օրը: Ընտանիքը 30-ամյակն այս տարի առանց իրեն նշել է Եռաբլուրում:
«Սերգեյի հայրը զանգեց, ասաց, որ Սերգեյը վիրավորվել է ու դրեց հեռախոսը: Հետ զանգեցի սկեսրայրիս ու հարցրեցի, թե որ հիվանդանոց են տարել: Ինքն անընդհատ ասում էր, որ ծանր է, շանս կարող է չլինի: Վեց-յոթ ժամ անց հարցրեցի՝ մորգում է, ինձ չեք ասու՞մ: Հեռախոսը դրեց…»,-հիշում է կինը:
Աննան, իր երկու տղաները եւ ընտանիքի մյուս անդամները նոյեմբերի 9-ի հրադադարից հետո վերադարձել են Արցախ: Զոհված կապիտանի կինն ասում է՝ արել են այնպես, ինչպես կաներ Սերգեյը, եթե ողջ լիներ: Մուրադյանները Արցախը լքելու մասին չեն մտածում:
«Պատերազմ չպետք է լիներ, եթե պետք է հողերը վերադարձնեինք, թեեւ դա էլ ճիշտ չեմ համարում, բայց եթե պետք է վերադարձնեինք, ապա թող հրաման տային՝ զորքը հետ քաշվեր, հողերը հանձնեին: Կորցնել հայրենիքի այդքան մասը, կորցնել ընտանիքի անդամներ, կորցնել տուն եւ չունենալ ոչինչ…: Մենք հիմա ապրում ենք Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ, ամեն օր լսում ենք կրակոցներ: Չգիտես՝ երեխայիդ թողնես դուրս գա, թե՝ ոչ: Մեր տունը Շուշիից երեւում է, կարող են նույն հաջողությամբ կրակել մեր տան վրա, բայց չեմ գտնում, որ պետք է Արցախից հեռանանք: Գտնում եմ, որ բոլորը պետք է վերադառնան, ապրեն: Լարվածություն կա, բայց այդ լարվածությունն այդքան չկա, որ մենք թողնենք մեր հայրենիքն ու հեռանանք»:
Սերգեյ Մուրադյանը կապիտանի կոչում ստացել է պատերազմի ընթացքում, իսկ զոհվելուց հետո ԱՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է Մարտական ծառայության մեդալի:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: