Հրետանավոր Սերգեյ Իսկանդարյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին: Նա ծառայում էր կրտսեր եղբոր` Մհերի հետ Ջրականում: Դիրքեր բարձրանալուց առաջ Սերգեյը հրաժեշտ է տվել եղբորն ու ասել. «Մամային չասես, որ գնում եմ »:

Սերգեյը արդեն մեկ տարի է ծառայույում էր, երբ Մհերը եւս զորակոչվեց: «Նա շատ գոհ էր ծառայությունից, ամեն ինչ շատ լավ էր անցնում ու ինքը եղբորն ասեց, որ էլ վիճակահանության չմասնակցի, միանգամից գնա իր մոտ ծառայելու»,- պատմում է տղաների մայրը` Նազիկ Ավետիսյանը: Մինչ եղբոր զորամաս տեղափոխվելը Մհերը մեկ ամիս եղել է կարանտինում Ասկերանում, մինչ պատերազմը Ջրականում ծառայում է ընդամենը մեկ շաբաթ:  

Պատերազմի մեկնարկի մասին մայրը իմացել է աշխատանքի վայրում: Գործընկերները փորձել են հանգստացնել, ասել, թե ամեն ինչ լավ կլինի նրա որդիների հետ: Տիկին Նազիկը այլեւս չի դիմացել աշխատանքի վայրում եւ վերադարձել է տուն` հույս ունենալով, որ տղաները տուն են զանգել: Երեք օր, սակայն, լուր չի եղել:

Սեպտեմբերի 30-ից եղբայրները սկսել են պարբերաբար զանգել ծնողներին, ասել, թե ամեն ինչ լավ է, ուղղակի իրենք տարբեր տեղերում են:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սերգեյը իր ականանետով եղել է դիրքերում, իսկ Մհերը մյուս նորակոչիկների հետ տեղափոխվել է Հադրութ, սակայն այն արդեն թշնամու ձեռքում է եղել: Հետնահանջի ժամանակ ողջ մնացած տղաները թաքնվել է Հադրութի անտառներում ու երկու շաբաթ մնացել են այնտեղ:

«Ընկերները պատմում են, որ Սերգեյի մեկ կրակոցից 40-50  հոգի ընկել են: Իրենք հենց դիտարկման ժամանակ են տեսել: Ու գիտեին, թե ընդամենը 500-600 արկ է կրակել, բայց պարզվել է, որ նա կրակել է 3-4 հազար հատ: Բացի դա կողքի պոստերում երբ որ հրետանուց հասկացող չի եղել, մասնագետ չի եղել, իրան են տարել »,- ասում է մայրը ու հիշում, որ Սերգեյըամեն զանգի ժամանակ միայն եղբորից էր հարցնում, ասում էր, որ երբ հաջորդ անգամ զանգի, իր իրական տեղն ասի:

Հոկտեմբերի 15- ին կամավորների միջոցով Մհերը` ողջ մնացած մյուս զինվորների հետ կարողացել են դուրս գալ անտառներից ու գնալ Գորիս` Ռազմական ոստիկանություն: Ծնողները շտապել են Սյունիք` կրտսեր որդուն տեսնելու, ճանապարհին իմացել են, որ ավագ որդին զոհվել է: 

Ծառայակիցները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ Սերգեյը մոտեցել է իր ականանետին: ԱԹՍ հարվածից նա տեղում մահացել է, եւս երկու զինվոր ծանր վիրավորում են ստացել: Դիրքերից Սերգեյի դին հանել է նրա լեյտենանտը, ով բղավել է. «Սերգեյ, մենակ ոչ դու…»: Հաջորդ օրը լեյտետանտը եւս զոհվել է:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest