Ծնունդով վանաձորցի, մանկավարժ Ինեսա Հովհաննիսյանը իր կյանքում 5 տուն է փոխել, և ոչ մեկն իրենը չի եղել: Սկզբում ապրել է հոր տանը՝ Վանաձորի միսենյականոցում: 25 տարեկանում ամուսնացել ու գնացել է վարձով ապրելու: Հետո՝ Երևանում է տուն վարձել: Վերջին տունը՝ Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղում, Ինեսան ստացավ 2020 թվականի հունիսին, վերաբնակեցման ծրագրով: Պատերազմից հետո այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ:

Վերաբնակիչ դառնալուց հետո ու հետագայում, Հայաստան տեղափոխվելով, երիտասարդ կինն իր համար պարզեց, որ պետությունն ի դեմս Հայաստանի ու Արցախի չինովնիկների, լքել ու խաբել է իրեն, որ բոլոր պետական ծրագրերն ու բարեգործական առաքելությոնները, որոնք, իբր՝ պետք է օգնեին ընտանիքին, վատ փչված փուչիկներ են, և իրականում իր մեջքին ոչ ոք չկա:

Արցախի չինովնիկները Ինեսայի ու նրա երեխաների հետ վարվել են «Իմ գրպանը լիքը՝ թքած ունեմ մյուների վրա» սկզբունքով

«Ես մանկավարժ էի, ունեի աշխատանքային  փորձ: Վերաբնակեցման պահից, Գանձայի գյուղապետ Թադևոսյան Հարութը և վերաբնակեցման կոորդինատոր Մաթևոսյան Ռոբերտը մեզ պետք է ապահովեին և տրանսպորտով և ֆինանսով: Գանձան Բերձորից 40 կիլոմետր հեռու էր:  50 հազար դրամ էր կազմում մեր տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը և երեխաների թվով մեզ պետք է 250-300 հազար դրամ տային, որպես վերաբնակիչների: Մեզ խաբեցին ու ոչինչ չտվեցին: Մաթևոսյան Ռոբերտը հիմա աշխատում է Երևանում, Արցախի օպերատիվ հարցերի շտաբում, իսկ գյուղապետը «Տեցի կրուգում», ասում են՝ արագ սննդի կետ է բացել: Նրա կինը դպրոցի տնօրենն էր: Անգամ ինձ իմ մանկավարժի աշխատավարձը չտվեցին այն 4 ամսվա համար, որ աշխատեցի դպրոցում: Ես մի քանի անգամ իրենց ասեցի՝ երբ ենք գնում երեխեքի պոլիկլինիկայի հարցով, ամուսինս «վաենկամատում» պետք է ,,ուչյոտի,, կանգներ, ես էլ հղի: Ինձ ասում  էին՝ հեսա ուսուցիչների ատեստացիան կլինի, կգնանք, հարցերը կլուծենք: Ատեստացիան եղավ սեպտեմբերի 24-ին, հետո սկսվեց պատերազմը, էլ ինչ փող տալ, ինչ բան: Էդ նույն գյուղապետը իրա ընտանիքին ու  կենդանիներին սեպտեմբերի 29-ին հանեց գյուղից, իսկ մարդիկ երեխաների հետ մնացին: Մեր կողքի գյուղը թուրքերն էին մտել, Ախունդովը: Ես հղի էի, վախենում էի ռումբերից: Նոյեմբների 7-ին թուրքերը խփեցին Բերձորի մեծ էլեկտրասյունին: մի տաս օր նույնիսկ լույս չենք ունեցել: Մինչև նոյեմբերի 18-ը մնացել ենք Քաշաթաղում, բայց ամսի 8-ին հողերն արդեն հանձնած են եղել»:

Լևոն Շիրինյանի դուստրը տեղահանվածներին սպառնացել է, որ ոստիկան կկանչի ու նրանց դուրս կանի իր շենքից

Մեզ տեղավորեցին Աբովյանի գիշերոթիկ դպրոցում: Մի տարի է, այստեղ ենք: Մի անգամ 300 հազարական դրամներ ենք ստացել որպես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած անձանց սոցիալական աջակցություն: Մեկ էլ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին 68 հազարական ենք ստացել՝ ես ու երեխաս: Դա է եղել: Հուլիսից էդ փողը կտրեցին: Վերջերս էլ մեր էս գիշերօթիկի տնօրենը՝ Շիրինյան Լևոնի աղջիկը՝ Տաթևիկ Շիրինյանը մեզ ասեց, որ տարածքն ազատենք: Նա մեզ մինչև էդ էլ, անընդհատ հիշեցնում էր՝ զգացեք ձեզ որպես տանը, բայց մի մոռացեք, որ դուք հյուր եք: Իր պահվածքով էր հիշեցնում: Կգար, կասեր՝ փնթիներ եք, խոզեր եք, կեղտ եք արել ստեղ: Դե, գիտե՞ք, գյուղ չկա, որ շուն չլինի: 45 ընտանիք է ապրում, ամեն տեսակի մարդ կա, բայց Շիրինյանի աղջիկը անընդհատ, ամեն առիթով շեշտում էր, որ պետք է դուրս գանք: 40-45 ընտանիք ապրում էին այստեղ, որ նոր եկանք, բայց հիմա մնացել են 22-23 ընտանիք: Հոկտեմբերի 5-ին ինքը միասնական սոցիալականի պետ Ռաֆայելյանի ու նրա աշխատող Տաթևիկի հետ եկավ, ասեց՝ ես ձեզ տալիս եմ 5 օր ժամանակ, որ կառույցը լքեք: Եթե չէ՝ ոստիկանության աշխատողը կգա ձեզ կհանի դուրս: Բայց աղմուկ եղավ, լրագրողներ եկան, հիմա էլ մինչև նոյեմբերի 15-ն է ժամանակ տվել»:

«Մի գոմ ես, էլի, կորցրել»

«Մի քանի օր առաջ էլ «Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ ղեկավարը, Մովսիսյան Կարինեն եկավ, իբր՝ մեզ հետ հանդիպման: Զրույցի մեջ հարցրեց, ինչքան եք ապրել Քաշաթաղում: Ասեցի՝ 4 ամիս: Էդ կինն էլ, թե բա՝ ինչ ա քո կորցրածը, մի գոմ ես, էլի, կորցրել: Այ այդպես են մեզ հետ խոսում: Իրենք մեզ ասում են՝ գոմից դուրս եկած:

Արդեն 2 օր է, երեխաներս հիվանդ են: Այստեղ ջեռուցում չկա: Այդ նույն սոցապի մեղքով, որ մեզ բերեց այստեղ՝ Աբովյանի գիշերօթիկ,  ու ասեց՝ կարող եք մնալ, բայց առանց ջեռուցման: Երեխաներս երկուսն էլ ջերմում են: Մեծի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում: Փոքրն էլ 5 ամսական է: Ո՞նց պահեմ  նրան առանց ջեռուցման: Հիմա մենք մի ճանապահ ունենք: «Առաքելություն Հայաստան» կազմակերպության օգնությամբ տուն վարձել: Բայց «Առաքելություն Հայաստանը» պայման ունի՝ մենք պետք է տունը գտնենք, իրենք գան, տեսնեն պայմանները, գնահատեն, հանձնաժողովի դնեն մեր հարցը, նոր փողը փոխանցեն տան տիրոջը: Բայց տան տերերը փողը նախապես են ուզում, և համաձայն չեն այդքան սպասել: Մի գյուղում 3 սենյականոց էինք գտել 80 հազարով, այգով, բանով, որ կարող էինք միրքը հավաքել ու մեզ ապահովել: Բայց էնքան ձգեցին, տան տերն ասեց՝ ձեզ հետ գործ չունեմ, ձեզ տուն չենք տալիս: Ո՞ր մի տնատերը կհամաձայնվի էդ աննորմալ պայմաններին՝ որ թողնի ապրենք, հետո նոր փողը տանք, կամ էլ էնքան երկար պահի տունը, մինչև «Առաքելություն Հայաստանը» որոշում կայացնի ու փող տա իրեն»:

Հույսեր ու դատողություններ

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Արցախի ծրագրերի գծով համակարգող Տատյանա Դաշյանը համաձայն չէ, որ իրենց պայմանները «աննորմալ» են: Forrights.am-ի հարցերին պատասխանելով նշեց, որ կազմակերպությունը ամեն շաբաթ հանձնաժողովի նիստ ունի:

«Ընտանիքի չափահաս անամները պետք է փաստաթուղթ ստորագրեն, որ դուրս կգան հանրակացարանից: Այդ թղթում նաև նշում են, ուր են գնում, որ ենթարյալ հասցեն, հետո բանկային հաշիվն են ներկայացնում ու շաբաթվա վերջ մենք դնում ենք հանձնաժողովի: Պրոցեսը կարող է երկարել, մինչը հաշիվը բերեն: Որքան ավելի շուտ ներկայացնեն այդ ամենը, այնքան ավելի շուտ կփոխանցենք»: Ըստ Դաշյանի, ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է ՄԱԿ-ը: Պայմանագրի ժամկետը ամիս է, որը կարող է երկարացվել: «սովորաբար, դրանք    տարվա ծրագրեր են», — ասաց նա: 

Արցախի օպերատիվ շտաբի աշխատակից Ռոբերտ Մաթևոսյանը հույս է տալիս, որ կառավարությունը հենց այս ամսից աջակցության նոր ծրագիր է ընդունելու, և մարդիկ կկարողանան տրամադրվող գումարներով վարձի փող տալ: «Հենց էս պահին աջակցության նոր ծրագիր է լինելու: Յուրաքանչյուր անչափահասի համար տրվելու է 50 հազար դրամ և 25 հազար՝ յուրաքանչյուր չափահաս բնակչի համար: Գուցե, այդ գումարներով հնարավոր կլինի վարձով տներ գտնել», — ասաց նա Forrights.am-ին։

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ ղեկավար Կարինե Մովսիսյանը Աբովյանի գիշերօթիկում ունեցած հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում վիրավորական գրառում է կատարել տեղահանվածների հասցեին: «Օրեր առաջ Աբովյանում էինք։ Ամենաճոռո խոսացողը Քաշաթաղում ընդամենը 4 ամիս ապրած մի երիտասարդ էր։ Պարզվում էր, որ նա այնքան բան է կորցրել այնտեղ, որքան որ ես չեմ կորցրել իմ ամբողջ կյանքը այնտեղ ապրելով։ Հերիք ա: Մի քիչ արժանապատիվ ապրեք»: Ավելի ուշ նա մեզ հայտնեց, որ գոմ կորցնելու մասին վիրավորական արտահայտություն չի արել: «Երբ ինքը կբերի ձայնագրությունը, կասի, որ ես նման բաներ եմ ասել, իհարկե, ես չեմ ասել, ասել եմ՝ ինչ եք դուք ստեղծել 4 ամսում, որ ասում եք, սա եմ կորցրել, նա եմ կորցրել»:

Forrights.am

Հ. Գ. Ինեսա Հովհաննիսյանի  և նրա ընտանիքի իրականությունը ա ֆեյսբուքյան դատողություններից դուրս է: Ոչ Հայաստանում, ոչ Արցախում նրանք երկու անչափահասների հետ տեղ չունեն: Նոյեմբերի 15 -ից հետո նրանց սպասում է փողոցը: 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest