Այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց առաջիկա տարվա բյուջեի երեք առաջնահերթությունները․ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավվում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում։

«2022 թ․-ի պաշտպանական բյուջեն 2021 թ․-ի պլանի  համեմատ ավելի է 11%-ով՝ կազմելով ավելի քան 345 միլարդ դրամին։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»։ Այս մասին հայտնում է infocom.am-ը։

Փաշինյանի խոսքով՝ անվտանգային նոր միջավայրում  երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջանհերթություն․ «Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։ ՀՀ տարածքից, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»։

Անդրադառնալով երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար, ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի․«Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»։

Վարչապետը հավելեց նաև, որ տարածաշրջանի տրանսպորտային և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ, Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest