Երեւանցի կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանը ծառայում էր Արցախում`«Մարտունի-3 » զորամասում, իսկ 2020թ. արցախյան պատերազմի առաջին օրերից մարտնչել է Ջրականում, Հադրութում, ընկերների հետ օգնության է հասել «Մարտունի- 3 » -ի 7-րդ վաշտի 76 հոգուն, երբ նրանք շրջափակման մեջ էին հայտնվել. ընկերներին չեն գտել, 64 կմ կռիվ տալով հետ են եկել:
Հայրը` Արմեն Անտոնյանը, հիշում է նաեւ, որ որդին հետո էլ նորակոչիկ զինվորի հետ Հադրութում է երեք օր ընկել շրջափակման մեջ, փրկել նրա կյանքը, հետո վերադարձել իր զորամասը:
«Երբ եկել է զորամաս, լուր է ստացել, որ դիվերսիա է տեղի ունենում Մարտունիում, տղաներն էլ բարձրացել են «Մարտունի 2 »-ի բարձունքները պահելու: Այնտեղ էլ զոհվել է նոյեմբերի 1-ին, դիրքերը պահելիս, երբ ընկերներին օգնության է հասել: Այդ պահին 450-500 կգ-անոց ռումբ են նետել իր վրա, որի պատճառով զոհվել է: Դա մեզ համար շատ հանելուկային է, քանի որ այդ նույն ռմբակոծության ժամանակ մեծ թվով մարդիկ են փախչել, իսկ մեկ հոգու համար այդ մեծության ռումբը չէին գցի: Այդ ժամանակ որպես սերժանտ, դիրքի ավագ` Գառնիկն է եղել հրամանատարը: Իսկ մինչ այդ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը» նոր ավարտած տղայի են առաջին օրն ուղարկել պատերազմ, ոչ մի բանի չի տիրապետել: Ես ամեն օր զանգում էի հրամանատարներին, նրանք հասանելի էին, իմ որդին` անհասանելի: Իրենք էլ ինձ ասում էին, որ Գառնիկն ապահով տեղում է, մենք դիրքերում ենք Իր զոհվելու պահը նկարագրած տեսանյութերը կան ինձ մոտ, ես ինքս եմ դրանք ձեռք բերել: Իսկ տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը ռումբը գցում խրամատի մեջ, տասնվեց հոգի զոհվում են, մյուսները փախչում են, միայն իմ տղան է գնում` ջրի շիշը ձեռքին, խրամատի մոտ, երեք վայրկյան հետո ռումբն ընկնում է իր վրա: Ես այդ տեսանյութերը տրամադրել եմ Հատուկ քննչական ծառայությանը»,- պատմում է զոհված զինծառայողի հայրը:
Վերջին անգամ Գառնիկը ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 31-ին, հորից հետաքրքրվել` պա՛պ, ի՞նչ են ասում, ե՞րբ է վերջանալու այս կոշմարը:
Գառնիկի զոհվելուց հետո նրա ընտանիքին սպասվում էին անասելի տառապանքներ: Որդու զոհվելու մասին ծնողներն իմացել են նոյեմբերի 7-ին`մոր ծննդյան օրը: Հայրը պատմում է, որ քառասունհինգ օր շարունակ օրական հազար կիլոմետր փնտրել է նրա դին` թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, եւ միայն դեկտեմբերի 15-ին է հաջողվել գտնել նրան, Սեւանի դիահերձարանում:
«Երբ ես Գառնիկին փնտրում էի բոլոր դիահերձարաններում, պաշտոնյաներից ոչ մեկը մյուսի տեղը չգիտեր, ամեն ինչ մնացել էր ծնողների հույսին: Գնում էի պաշտպանության նախարարություն, հետաքրքրվում, թե ուր է այսինչ պակետը, ինձ ոնց որ ուղարկեին առողջապահության նախարարություն, այնտեղից` ֆիզկուլտինստիտուտ: Մեկը մեկից տեղյակ չէր, ոնց որ չիմանային, թե երկրում ինչ է կատարվում: Նույնիսկ որոնողական կետից ՊՆ-ի համարներով զանգել են հրամանատարներին, հետաքրքրվել, որպեսզի ծնողին օգնեն գտնել նրա դին: Ասում էին `ոչ մի բան չի մնացել նրանից: Ես էլ քառասունհինգ օր շարունակ պակետների մեջ ձեռք ու ոտք էի փնտրում: Իսկ ես դին գտա իննսուն տոկոսով պահպանված»,- ասաց Գառնիկի հայրը:
Արմեն Անտոնյանն այլ մանրամասներ էլ է հայտնում. «Հրամանատարները զանգել են ինձ, ասել են, որ Գառնիկին պարգեւատրում են, ասել եմ` ինձ պետք չէ, եթե պարգեւատրում եք, բոլոր զոհված տղաներին հավասար պարգեւատրեք: Որոշ ժամանակ անց անծանոթ մեկը զանգում է, տեղեկացնում, որ մեդալ կա, գնամ, ստանամ: Ես չգնացի, եղբորս ուղարկեցի, գնացել էր, տասնվեց հոգու փոխարեն հինգ հոգու մեդալ են տվել: Այդ մեդալները եղբայրս հանձնեց պաշտպանության նախարարություն, մեկ ամիս հետո Մասիվի թաղապետարանից կանչում են, անշուք ձեւով հանձնում: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից տղաս պարգեւատրվեց «Արիության հուշամեդալ »-ով»:
Արմեն Անտոնյանը նախաձեռնել է «Հաղթանակ » զբոսայգում ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի խաչքարի տեղադրումը, որի մասին տեղյակ են թե՛ թաղապետարանում, թե՛ ՊՆ-ում: Այդ խաչքարը նվիրվում է բոլոր հերոս տղաներին:
Նա վիրավորված է, որ պատերազմից հետո զոհվածների հարազատները քամահրանքի եւ անտարբերության են արժանացել ինչպես տարբեր պաշտոնյաների կողմից, այնպես էլ` հայրենասիրական կարգախոսներով հանդես եկող ընդդիմադիրների:
Զոհված զինծառայողի հայրը հիշում է, որ հենց պատերազմի առաջին օրերից ի հայտ եկան դավաճանության բազմաթիվ դեպքեր, ԱԱԾ-ն բացահայտել էր, սակայն մինչ օրս ոչ մի դավաճան չի պատժվել:
«Ո՞ւր են հիմա նրանք: Ես այսքանից հետո ինչպե՞ս վտահեմ որեւէ մեկի »,-հարցնում է որդեկորույս հայրը:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: