ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա.Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը կարևոր որոշում է կայացրել անազատության կամ սահմանափակ ազատության պայմաններում գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրման գործողությունների որակման առումով:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նշված քրեական գործով ՔԿՀ աշխատակցին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար, իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմելու համար:

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է  նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Նշվում է, որ բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժողը գտնվել է ՔԿՀ տարածքում, անազատության վիճակում, նրա նկատմամբ բռնություն է կիրառվել անհասցե հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ։

Վճռաբեկ դատարանը ընդունելի չի համարել առաջին ատյանի դատարանի այն պնդումները, թե բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից հակաօրինական արարքի կատարում: Անընդունելի է համարել նաև արարքը վերաորակելու հիմքում դրված այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը երկար չի տևել, չի կրկնվել, և այլն:

«Նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն կարող բացառել քրեաիրավական իմաստով խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը, խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել, տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը»,-այդ կապակցությամբ նշել է դատարանը:

Հղում կատարելով «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» որոշման մեջ ՄԻԵԴ իրավական վերլուծություններին՝ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։
Այս իմաստով՝ Դատարանը հիշեցնում է.

«Իրավապահի կողմից լիովին իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը լուրջ հարձակում է վերջինիս արժանապատվության վրա, ապտակը խորն ազդեցություն է թողնում անձի վրա։ Դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում նրա զգայարանների՝ տեսողության, խոսքի և լսողության կենտրոնը, որոնք օգտագործվում են այլոց հետ հաղորդակցվելու համար։ Դա հատկապես ճիշտ է, երբ ապտակը հասցվել է իրավապահների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց, քանի որ դա ընդգծում է այն առավելությունը և ստորադասությունը, որոնք, ըստ սահմանման, բնորոշում են առաջինի և երկրորդի միջև հարաբերությունները նշված հանգամանքներում։

Ընդհանուր առմամբ, բոլոր անձինք, ովքեր գտնվում են ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո, խոցելի իրավիճակում են։ Իշխանությունները, հետևաբար, նրանց պաշտպանելու պարտականություն ունեն:

Ոստիկաններից որևէ մեկի կողմից ապտակելու միջոցով նվաստացում պատճառելով՝ իշխանություններն արհամարհում են այս պարտականությունը…»։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տուժող Ա․Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում` պետության վերահսկողության ներքո փակ տարածքում և դրանով իսկ պայմանավորված՝ խոցելի իրավիճակում:

«Պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Ա.Աղաջանյանի պաշտպանությունը: Այս առումով կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նշված պարտականության կատարումն ապահովելու համար պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առումով»,-նշել է Վճռաբեկ դատարանը:

Ելնելով այս ամենից և արձանագրելով, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնահատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել  Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշմամբ իրավապահ մարմինների ծառայողների գործողությունների, խոշտանգման հանցակազմի վերաբերյալ արված իրավական վերլուծությունները և հետևությունները էական նշանակություն են ունենալու նմանատիպ այլ գործերով անձանց արարքները ճիշտ որակելու հարցում:

Նշվում է, որ որոշման օրինակը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար:           

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest