Փելա սարը Հայաստանի՞, թե Ադրբեջանի վերահսկողության ներքո է: Այս հարցի պատասխանը հանրության շրջանում անհայտ է մնում: Մի քանի օր առաջ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը տեղեկություն հայտնեց, որ սարն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: ԱԱԾ-ն հերքեց այս տեղեկությունը:

Գեւորգ Փարսյանը, սակայն,  նշում է, որ  բարձրունքը դեռ 2020 թվականի դեկտեմբերին է զիջվել հակառակորդին, իսկ  ռուս սահմանապահներն այնտեղ ծառայություն են իրականացրել, սակայն, երկու օր առաջ ռուս սահմանապահները հեռացել են:

«Այդ հատվածը կարեւոր բարձրունք է մեզ համար, բայց ռուսների բացակայության պատճառով այս հատվածն անցավ ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Փայլասարն ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողությանն անցնելով հայկական դիրքերի փոփոխություն չի եղել, բայց հայկական կողմը զրկվել է ստրատեգիական բարձրունքից: Հակառակորդը իր վերահսկողության տակ անցած հատվածում արգելապատնեշներ է դրել՝ զրկելով Ագարակ գյուղի բնակիչներին անտառ մտնելու հնարավորությունից»,- ասում է Կապանի քաղաքապետը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Կապանի քաղաքապետին հակադարձում է՝ նշում է, որ Փայլասարի այն տիրույթը, որը վերհսկվում է հայկական կողմից շարունակում է մնալ հայկական կողմի վերահսկողության տակ:

«Կապանի քաղաքապետի տեղեկությունը, եթե համապատասխաներ իրականությանը, ապա ԱԱԾ-ն կունենար անելիք եւ այդ խնդիրը կլուծեր: Դա լուծում չպահանջող տեղեկատվություն է»,- ասում է նա:

Ուշագրավ է, որ շրջանառվող այս տեղեկություններին որեւէ կերպ չի անդրադառնում  Պաշտպանության նախարարությունը:  Թեմայի վերաբերյալ ԱԱԾ-ն է հաղորդագրություն տարածել, որով  հերքվում է միայն դիրքային փոփոխությունների մասին լրատվամիջոցների հրապարակումները:

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն անդրադարձ չի կատարում Փայլասարում անդրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքի եւ ռուս սահմանապահների՝ տարածքից հեռանալու մասին տեղեկություններին: 

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ ԱԱԾ-ի եւ Կապանի քաղաքապետի պարզաբանումներից հավատալի է Կապանի քաղաքապետինը: «Ես գտնում եմ, որ նա անտեղի չէր ահազանգի եւ չէր բարձրացնի այս հարցը»,- ասում է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 2020  թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հուշագիր կա, որը պաշտոնապես չի հրապարակվել:

 «Ասվում էր հայկական զորքերը դուրս են գալիս Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների տարածքներից, որի դիմաց Ադրբեջանը երաշխավորում է իր տարածքով անցնող Գորիսի ճանապարհի անվտանգությունը: Կապան քաղաքի վերաբերյալ որեւէ հիշատակում չկա: Այստեղ ենթադրվում է, որ կա առանձին հուշագիր Կապան քաղաքի վերաբերյալ, կամ եթե հուշագիր չկա, ուրեմն զորքերը, որոնք դուրս են բերվել Զանգելանի շրջանից, իսկ դա Կապան քաղաքի անվտանգությունն ապահովող դիրքերն էին, նշանակում է՝ բարի կամքի դրսեւորում է այդ դիրքերը հանձնել Ադրբեջանին: Խոսքը գնում է նոյեմբերի 9-ից հետո շրջանառության մեջ դրված հուշագրին, որը ոչ պաշտոնապես է, ինչը նշանակում է, որ իշխանությունները փորձում են գաղտնի պահել հանրությունից այդ հուշագրի գոյությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական կողմը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի հատվածքներից ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք եւ դուրս չի գալիս: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ թշնամին Գեղարքունիքի հատվածում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, իսկ ՊՆ-ն հերքել էր:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest