
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքները։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Այսօրվա նիստում դատավոր Հովակիմյանը մերժեց պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը:
Ալումյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատավորը պարգևատրվել է պետական պարգևով, իսկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է եղել:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում են դատախազների և պաշտպանների բողոքները։ Մեղադրողները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։