«Պատերազմից հետո ինձ ամենաբախտավորն էի համարում, ասում էի` իմ էրեխեն գոնե փրկվեց, բայց չգիտեի, ինչ փորձարք է գալու մեր գլխին»: 2021 թ հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ Գեղարքունիքի զորամասերից մեկում սպանված 19-ամյա Արթուր Ղազարյանի մոր խոսքերն են:

Արթուրը պատերազմի մեկնարկին նորակոչիկ էր, 44 օրերի մասնակցել էր բազմաթիվ ծանր մարտերի եւ հրաշքով էր ողջ մնացել: «Ամբողջ 44 օրը արկղերի վրա, ցելոֆանների վրա էին քնում, ամեն օր զանգում էր: Երբ լուսանկար էր ուղարկում, նայում, ասում էի` մրոտ եք, կեղտոտ եք, հոգնած տեսք ունես, ասում էր` մամ, ինչից ես խոսում, մարդիկ իրանց կյանքը մեզ համար զոհեցին, դժվարությունը ում համար էր»,- հիշում է Արթուրի մայրը: 

Պատերազմից հետո որդին մեկ շաբաթով արձակուրդ էր ստացել, եկել էր տուն, շփվել հարազատների հետ, ապա սերժանտի կոչում էր ստացել ու վերադարձել էր ծառայության:

Ժամկետային զինծառայողի հետ տեղի ունեցածի հետ կապված լուրը տարածել էր Քնչական կոմիտեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը, ով զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Տեղի ունեցածի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ այս հոդվածը Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մասին է,  պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: Ըստ ՔԿ-ի, հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:

Արթուր Ղազարյանի հարազատները ասում են` իրeնց տեղեկություններով, մեղադրվող լեյտենանտը գրավի դիմաց ազատ է արձակվել, ավելին` վերադարձել է ծառայության հենց նույն զորամաս: Նրանք դժվարանում են տեղի ունեցածի մասին այլ վարկածներ առաջ քաշել, այս պահին հետեւում են քրեական գործի ընթացքին, սակայն շատ սպասելիքներ չունեն:

«Ասում են, պատճառը վախն է եղել եւ հրամանատարի կողմից սխալ հրահանգումը: Հրաման չի եղել վրանից դուրս գալու: Իրենք երկուսով` պոստ պահողը ու լեյտենանտը դուրս են եկել: Արթուրս առանց ասելու նրանց հետեւից գնացել է: Նրանք հետ են եկել, Արթուրը նրանց հետեւից: Նկատել են, որ մթության մեջ մարդ կա, կրակել են: Առանց հարցնելու ով ես, ով չես: Իրենք կրակածելի ուղղությամբ վազել են, տեսել են, որ Արթուրս է, ոչ թե թշնամին կամ ուրիշ մարդ: Իրենց ընկերն էր, իրենց զինվորը: Իսկ իմ զինվորը դուրս էր եկել, որ նրանց պաշտպաներ»,- ասում է Արթուրի մայրը:

Միջադեպում մեղադրվող լեյտենանտի հարազատները ցանկացել են այցելել Արթուրի ծնողներին, սակայն վերջիններս հրաժարվել են.«Մենք պատրաստ չենք որեւ մեկին ընդունել»: Սպանված զինվորի ավագ եղբայրը, ով դեպքի մասին իմացել էր տեղի ունեցածից րոպեներ անց ու հոր հետ անմիջապես մեկնել էր եղբոր զորամաս, ասում է. «Հիմա թե սխալմամբ է եղել, թե միամիտ է եղել, թե վախից է եղել դեպքը, կարեւոր չէ: Նորից կարող է լինել ու ուրիշի հետ: Ու էսպիսի երկրում էլ ապրում ենք»:

https://www.youtube.com/watch?v=nZlvslmoXMs

Անի Գեւորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest