Այսօր տեղի է ունեցել «Բռնազավթած Հադրութ․ տեղահանվածների խնդիրներն ու մարտահրավերները խորագրով քննարկումը», որին մասնակցում էին «Հայաստան» դաշինքի պատգամավորները, «Հանուն Հադրութի», «Փախստականներ հանուն արդարության», «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, Սոցապ նախարարության և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը և այլ մասնակիցներ։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ քննարկումը նախաձեռնել են, քանի որ մինչ օրս հստակ չէ Հադրութի անկման հանգամանքները, իսկ բռնագաղթածների սոցիալական խնդիրները մինչ օրս չեն լուծվել:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քննարկման սկզբում ասաց․
«Այս միջոցառումն անցկացնում ենք չափազանց բարդ իրավիճակում, երբ ՀՀ-ի և ԱՀ-ի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն է դարձել։ Արտաքին և ներքին սպառնալիքներն արդեն Հայաստանի սահմանից ներս են և ծեծում են մեր դռները, հետևաբար՝ պետք է համապատասխան որոշումներ ընդունել առկա խնդիրները լուծելու համար»:
Նա հայտարարեց, որ արդեն մեկ տարի է անցել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից, բայց պետության կողմից որևէ գնահատական չի հնչել։ Պետական մարմինների կողմից արվել են բազմաթիվ սխալներ և բացթողումներ, և իշխանություններին դժվար է սեփական գործողություններին գնահատական տալ:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական պետությունները միշտ էլ գտնվել են գերտերությունների ազդեցության ներքո, բայց այսօրվա վիճակը նախկինից տարբերվում է նրանով, որ Թուրքիան է ներխուժել տարածաշրջան և փորձում է ներգործել Հայաստանի և Արցախի վրա՝ իր խնդիրները լուծելու համար: Պաշտպանության նախկին նախարարը հայտնեց, որ իշխանություններն ավելի շատ ներքին անվտանգությանն են ուշադրություն դարձնում, քան սահմանին տիրող անվտանգային խնդիրներին:
«Իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում նաև պատերազմի հանցագործություններին գնահատական տալու, ինչպես նաև՝ գերիների հարցերին:
Տեղահանվածների խնդիրն առանձնանում է երկու առումով՝ հայրենիքի մի մասի կորստով՝ Հադրութի և Շուշիի, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական խնդիրներով: Փառք Աստծո, որ Արցախում են գտնվում ՌԴ խաղաղապահները, բայց նրանց գոյությունն էլ հեռանկարային առումով անորոշության մեջ է։ Մենք պետք է համատեղ քննարկենք և որոշումներ ընդունենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ կարևորելով քննարկման արդյունքում համապատասխան եզրակացությունների հանգելը:
Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ հրավիրվել են նաև ԿԳՄՍ նախարարությունը և Առողջապահության նախարարությունը, սակայն գերատեսչությունների ներկայացուցիչները ներկա չէին քննարկմանը։
ՀՀ-ում ԱՀ Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն էլ քննարկման ընթացքում ներկայացրեց առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Նա նշեց, որ Օպերատիվ շտաբի ձևավորման օրվանից հետո խնդիրները շատ են եղել, որոնց մի մասը ստացել են համապատասխան պետական կանոնակարգված մոտեցումներ և լուծվել ԱՀ-ի, ՀՀ-ի կառավարությունների ընդունած 20-ից ավելի որոշումների շրջանակներում:
Վիրաբյանն ընդգծեց, որ որ կատարված միջոցառումների արդյունքում կանխվել է սոցիալական աղետ հասկացությունը, բայց և շեշտեց, որ այսօր խնդիրներն էլ ավելի շատ են ու՝ խորը:
«Այս պահին ՀՀ-ում են գտնվում Արցախից բռնագաղթած 5294 ընտանիք՝ 20433 քաղաքացի, որից 6180-ը անչափահասներ են։ Վերջին 10 ամիսների ընթացում իրենց ցանկությամբ Արցախի հանրապետություն է տեղափոխվել 150 ընտանիք՝ 714 անձ, որոնք ապահովվել են բնակարաններով»,- ասաց Միքայել Վիրաբանը և շեշտեց, որ վերադարձածները հիմնականում տեղավորվել են ԱՀ Ասկերանի շրջանում:
Քննարկման ընթացքում Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ 44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում, քանի որ այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ:
«Երբևէ չեմ լսել, որ այս իշխանությունները հայտարարեն, որ եղել է խաղաղության դեմ հանցագործություն, որը պետք է դրվեն պայքարի միասնական ռազմավարության հիմքում։ Դրա համար պետք է հավաքագրել և մեկտեղել կատարված բոլոր հանցագործությունները։Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նման ելքին։ Առաջարկում եմ, որ երկրորդ մակարդակում հավաքագրվի նաև իշխանությունների գործած այդպիսի հանցագործ քայլերի մասին փաստերը: Կա իրավիճակ, երբ երկրի առաջին դեմքն ասել է, որ ինքը մեղավոր է, բայց դրանից հետո ոչ թե պետք է հիանանք խոստովանությամբ, այլ պետք է հստակ իրավական գործընթաց սկսվի: Եթե մենք այդ փաթեթեները չունենանք, ապա 100 տարվա նման անընդհատ խոսելու ենք Ցեղասպանության մասին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ միջացգային հարթակում էլ պետք է փոխվի արցախյան հակամարտության մասին պատկերացումները՝ հանրությանը հասցնելով, որ իր ցեղասպանական քաղաքականության նպատակով Թուրքիայի կողմից Ադրբեջանին որպես գործիք օգտագործելն է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: