Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքրոջը, ով քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 

«Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest