Նոբելյան խաղաղության մրցանակը այս տարի շնորհվեց ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսային։ Այսօր հայտարարեց Նոբելյան մրցանակի նորվեգական կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը։

«Դմիտրի Մուրատովը տասնամյակների ընթացքում Ռուսաստանում պաշտպանել է ազատ խոսքը ավելի ու ավելի բարդացող պայմաններում։1993-ին իր հիմնադրումից սկսած «Նովայա գազետան» քննդատական հոդվածներ է հրապարակել ամենատարբեր թեմաներով՝ կոռուպցիայի, ոստիկանների բռնությունների, անօրինական ձերբակալությունների, ընտրությունները կեղծելու, Ռուսաստանի ներսում և սահմաններից դուրս ռուսական զորքեր կիրառելու մասին, Չնայած սպանություններին և սպառալիքներին` գլխավոր խմբագիր Մուրատովը չի հրաժարվել թերթի անկախ քաղաքականությունից»-հայտարարել է Նոբելյան մրցանակի նորվեգական կոմիտեի նախագահը։

«Նովայա գազետայի» հիմնադրումից ի վեր վեց լրագրող է սպանվել, այդ թվում` Աննա Պոլիտկովսկայան, ով չեչենական պատերազմի մասին հոդվածներ էր գրում։ ։

Նախկին Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովից հետո Դմիտրի Մուրատովն առաջին ռուսաստանցին է, որ արժանացավ Նոբելյան մրցնակին։ Գորբաչովը, երբ 1990-ին ստացել էր մրցանակը, այդ գումարով օգնել էր «Նովայա գազետա» թերթի ստեղծմանը։

Հիմա չնայած համարվում է, որ թերթը իր հետաքննություններով մարտահրավերներ է նետում Կրեմլին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այնուամենայնիվ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` շնորհավորել է «Նովայա գազետայի» խմբագրին։

Պեսկովն ասել է, թե նա հավատարիմ է իր գաղափարներին, տաղանդավոր և համարձակ է, իհարկե մրցանակը բարձր գնահատական է։ Լրագրողները Պեսկովին հարցել են, թե արդյոք Պուտինը պատրաստվում է շնորհավորել նրան։ «Չեմ կարող ասել, չգիտեմ, դա հենց նոր է հայտնի դարձել, մեզ մի քիչ ժամանակ տվեք», — պատասխանել է նա:

Դմիտրի Մուրատովը հայտնել է, որ Նոբելյան մրցանակը նվիրում է սպանված լրագրողներին, իսկ գումարի մի մասը փոխանցելու է ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնող բարեգործական կազմակերպությանը։

Ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան 2012-ից գլխավորում է Rappler թվային մեդիան, որը լրագրողական հետաքննություններ է անցկացնում, այդ թվում` բազմաթիվ սպանությունների մասին, որ տեղի են ունենում թմրաբիզնեսի դեմ ոստիկանական գործողությունների ժամանակ։ Օգոստոսին Ֆիլիպինների դատարանը մերժել էր լրագրողի դեմ զրպարտության հայցը։ Մարիա Ռեսսան պնդել է, որ հետապնդումների թիրախ է դարձել նախագահ Ռոդրիգո Դուտերետին քննադատող նյութերի համար։ Time Magazine-ը 2018-ին ֆիլիպինցի լրագրողին տարվա մարդ էր ճանաչել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest