Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group), որը զբաղվում է հակամարտությունների խնդիրներով, հրապարակել է իր «Աշնանային դիտարկում 2021» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Արցախյան հակամարտությանը։
Զեկույցում նշվում է, որ Բաքուն և Երևանը չեն սկսել խոսել հետպատերազմյան լարվածության կարգավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի մասին, որի պատճառով Ադրբեջանը և Հայաստանը պատերազմեցին 1992-1994 թվականներին: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը պատասխանատու է խաղաղ գործընթացի կառավարման համար, պատրաստ է օգնել, սակայն Բաքուն անհամաձայնություն է հայտնել՝ ասելով, որ 2020 թվականի պատերազմից հետո այդ ձևաչափն այլևս արդիական չէ:
Ըստ փաստաթղթի՝ իրավիճակը մնում է անկայուն․ զինծառայողներն ամրացնում են իրենց դիրքերը նոր առաջնագծի երկայնքով, որոնք բաժանում են ադրբեջանական զորքերը տեղական՝ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ուժերից: Լարվածությունը մեծանում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի նոր՝ չսահմանագծված հատվածների երկայնքով, որտեղ հակառակորդ ուժերը պարբերաբար կրակ են փոխանակում, ինչի հետևանքով կան զոհեր: Մինչդեռ, բոլոր կողմերի քաղաքական գործիչներն առևտուր են անում թե՛ իրենց քաղաքացիների, թե՛ միմյանց հետ:
«Այս ստատուս քվոն միջազգային դերակատարներին քիչ տեղ է թողնում՝ հակամարտության կողմերին ներգրավելու համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ն պետք է շարունակի նպաստել լարվածության թուլացման համար անհրաժեշտ շփումներին, ինչպես անում է մարտերի ավարտից ի վեր: ԵՄ-ն պետք է նաև խթաններ ստեղծի, որոնք ինչ-որ պահի կարող են օգնել իրական առաջընթացի հասնել: Այդ նպատակով անհրաժեշտ կլինի աշխատել Մոսկվայի հետ, որը Ղարաբաղում խաղաղապահներ է տեղակայել և հակամարտության կողմերի վրա ամենամեծ լծակն ունի: Չնայած նոյեմբերի 9-ի հրադադարը կանգնեցրել է մարտերը, այն չի բերել կայուն խաղաղություն կամ չի լուծել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը»,- ասվում է զեկույցում:
Դրանում նշվում է, որ ԵՄ-ն ու դրա անդամ երկրները պետք է՝
-Ճնշում գործադրեն Բաքվի ու Երևանի վրա՝ սկսելու հետպատերազմյան բանակցությունները, այդ թվում՝ Հայաստանի և 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հետ գրավված նոր սահմանների սահմանազատումը և իրավիճակի կայունացման այլ միջոցառումներ;
-Կողմերին հորդորեն օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, նույնիսկ եթե երկարաժամկետ կարգավիճակի խնդիրը դեռ անորոշ է;
-Աշխատեն Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ բաց պահելու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերին վերադառնալու հնարավորությունները, և շարունակեն մաքոքային դիվանագիտությունը՝ լարվածությունը մեղմելու և հրատապ խնդիրները լուծելու համար;
-Դիտարկեն զարգացման աջակցության ցուցաբերումը ոչ վիճելի սահմանամերձ տարածքներին՝ սկսելով կարիքների համապարփակ գնահատումից: Այդ գնահատման հիման վրա պատրաստ լինել աջակցել Հայաստանում և Ադրբեջանում առանձին նախագծերի, անդրսահմանային համագործակցությանը՝ ոչ քաղաքական հարցերում կամ երկուսը միասին։
Զեկույցում նաև ասված է, որ նոր մարտերն ավելի շատ հավանական կլինեն, եթե Ադրբեջանը և Հայաստանը չսահմանազատեն սահմաները, որը հաշվի կառնի 2020 թվականի ռազմական գործողություններից հետո տարածքային վերահսկողության փոփոխությունները: Բայց այս և այլ հարցերի շուրջ բանակցությունները երկու երկրների քաղաքական առաջնորդների համաձայնությունն են պահանջում, սակայն այդ համաձայնությունը մինչ այժմ չկա: Բաքուն և Երևանը նույնպես խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարմանը՝ յուրաքանչյուրը պնդելով, որ մուտքի պայմանավորվածությունները պետք է արտացոլեն տարածաշրջանի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ իրենց պատկերացումները համապատասխանաբար:
Հայաստանը ցանկանում է, որ օգնությունը մատակարարվի ինչպես իր, այնպես էլ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ այդ շրջաններին պետք է վերաբերվել որպես իր ինքնիշխան տարածքների և ինքը պետք է ամբողջությամբ վերահսկի այնտեղ մուտքը։ Երկու կառավարություններն էլ հրաժարվում են փոխել դիրքորոշումը՝ մտավախություն ունենալով, որ այս հարցերին համաձայնություն տալը կվնասի տարածքի կարգավիճակի վերջնական լուծմանը:
ԵՄ-ի, նրա անդամ պետությունների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նպատակն է Բաքվին և Երևանին հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ՝ հետպատերազմյան հրատապ հարցեր քննարկելու համար, ինչպիսիք են սահմանազատումը և տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված այլ միջոցառումները, որոնք պետք է նպաստեն հակամարտության կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հավանական մեկնարկին:
Հաշվի առնելով Մոսկվայի մեծ դերակատարությունն այս հակամարտությունում, ներառյալ՝ որպես միջնորդ և խաղաղապահ, ԵՄ-ից կպահանջվի սերտորեն աշխատել Ռուսաստանի հետ: Բարեբախտաբար և, ի տարբերություն բազմաթիվ տարածաշրջանների, որտեղ բախվում են եվրոպական և ռուսական շահերը, Ռուսաստանը կարող է համագործակցել արևմտյան պետությունների հետ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։
Զեկույցում նաև ԵՄ-ին կոչ է արվում ձգտել աշխատել Ռուսաստանի հետ՝ սահմանազատման գործընթացը սկսելու համար: Նշվում է, որ Մոսկվան փորձել է ճնշում գործադրել Բաքվի և Երևանի վրա՝ այդ թեմայով բանակցություններ սկսելու համար, և Բրյուսելը կարող է օգնել գտնել այն խթանները, որոնք կօգնեն նրանց նստել սեղանի շուրջ։
Հաջորդն օգնություն է․ ԵՄ-ն հետպատերազմյան վերականգնողական ջանքերի էական կողմնակից է: Բրյուսելը պատերազմի ժամանակ հատկացրել է 7 միլիոն եվրո՝ անմիջական մարդասիրական աջակցության համար: 2021 թվականի գարնանը կառույցը խոստացավ ևս 10 միլիոն եվրո՝ հետկոնֆլիկտային կարիքներին աջակցելու համար՝ ներառյալ ականազերծումը: Բաքուն և Երևանը կողջունեին ավելի շատ օգնությունը, սակայն կան բարդություններ:
Ադրբեջանը կցանկանար ավելի շատ աջակցություն ականազերծման և պատերազմից հետո վերականգնման մեջ գտնվող յոթ շրջաններում, որպեսզի 1990-ականներին այդ շրջաններից տեղահանվածները (և նրանց ընտանիքները) վերադառնան: Ըստ ԵՄ վերջին խոստումների՝ այն, ամենայն հավանականությամբ, ավելի շատ օգնություն կստանա ականազերծման հարցում: Բայց ԵՄ-ն նախընտրում է վարկերի տեսքով առաջարկել զարգացման աջակցություն, ինչը Բաքուն վաղուց մերժել է՝ նախընտրելով դրամաշնորհները:
Կան նաև բաներ, որոնք ԵՄ-ն կարող է անել անմիջապես՝ չնայած Բաքուն և Երևանը չեն ցանկանում խոսել շատ հարցերի շուրջ: 2021 թվականի հուլիսին Բրյուսելը հայտարարեց հավակնոտ բազմամյա աջակցության ծրագրի մասին ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում: ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կարող է ներառել այդ երկրի լեռնային շրջաններով և Ադրբեջանի հետ սահմանը հատող արդեն գոյություն ունեցող խնդրահարույց ճանապարհը շրջանցող նոր ճանապարհի հնարավոր ֆինանսավորումը: «Բացի այդ, ԵՄ-ն մոտ 80 մլն եվրո ֆինանսավորում է հատկացրել Հայաստանի հարավային սահմանամերձ տարածաշրջանների տնտեսական զարգացման, ներդրումների համար, որը ոչ միայն տուժել է 2020 թվականի պատերազ
մում, այլև այժմ ընդունում է ինչպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց․ այնպես էլ տեղակայվում են նոր ռազմական դիրքեր, իսկ քաղաքացիական բնակավայրերը վտանգված են: ԵՄ-ն կարող է դիտարկել զարգացման այս ծրագրերի ընդլայնումը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի անվիճելի հատվածների երկայնքով: Բրյուսելը պետք է աշխատի Հայաստանի հետ, թե ինչ լրացուցիչ ծրագրեր կարող են անհրաժեշտ լինել»,- ասվում է զեկույցում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: