Հոկտեմբերյանի տանկային գումարտակում ծառայող Վարդան Կոնջորյանը զոհվել է հոկտեմբերի 12- ին` Մարտունիի Վարանդա գյուղում: Նրա դին հայտնաբերվել եւ ծնողներին է հանձնվել 65 օր անց` ԴՆԹ հետազոտությունից հետո:
Պատերազմի մեկնարկից դեռեւս մի քանի օր առաջ Վարդանը հարազատներին ասել էր, որ թշնամու կուտակումներ են նկատվել, ինչի պատճառով ինքն ու իր ծառայակիցները գիշերում են տանկերում:
Վարդանի հայրը` Ալբերտ Կոնջորյանը ՌԴ-ում էր, երբ իմացել է պատերազմի մասին: Նա անմիջապես փորձել է կապվել որդու հետ, սակայն դա անել չի հաջողվել:
Վարդանը հարազատներին զանգել է միայն պատերազմի երրորդ օրը, եղել է բարձր տրամադրությամբ, ասել է, թե իր հետ ամեն ինչ լավ է: Սակայն այդ ժամանակ արդեն նա ծանր մարտերի է մասնակցած եղել եւ նրա տանկը ոչնչացված է եղել: «Հոկտեմբերի 12- ին զանգել էր տուն, ասել, որ իրենց տեղափոխում են ավելի ապահով տեղ: Այդ բառը օգտագործել է, որ մենք հանգիստ լինենք: Ամսի 13-ին զանգ չկար, 14-ին զանգ չկար: Արդեն անհանգստացած էի, դիմել էի ընկերներիս, որ ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի լուր իմանան, ինձ ասեն: Ամսի 15-ն էր արդեն, որ ընկերոջս հետ փորձում էի կապվել` չէր պատասխանում: Իրանք արդեն ինչ-որ բան գիտեին, բայց չէին կարողանում ինձ ասել »,- պատմում է հայրը:
Զոհված զինվորի քույրը` Աննան եղբոր մասին գիրք է պատրաստել: Նա հույս ունի այդ կերպ վառ պահել եղբոր հիշատակը: «Վարդանը շատ պարզ, միամիտ, բարի, կամեցող տղա էր: Ոչ մեկին երբեք չէր նեղացնի, եթե մի թթու խոսք էլ ասես, կփորձեր ամեն ձեւ շտկել իր սխալը: Եւ նույն ձեւ դրսեւորեց իրեն մարտի դաշտում: Չտրտնջալով, չբողոքելով»,- պատմում է նա:
Վարդանի քույրը հիշում է, որ եղբայրը ծառայության մեկնելիս ասում էր` վերադառնալու է մեդալներով: «Վարդանը արժանացել է երկու մեդալի Արցախի նախագահի կողմից: Առաջինը Արիության մեդալ է, երկրորդը` Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, որը վերջերս է ստացել: Ինքը երազում էր մեդալներ ստանալ: Մամայիս ասում էր` մեդալներով կգամ: Ամեն մեդալ ստանալուց մենք տանում ենք իր մոտ` Պանթեոն, հուսով եմ, որ ինքը զգում է այդ ամենը: Ինքը չեկավ, բայց իր մեդալները հերթով գալիս են»:
Աննան նշում է, որ ի սկզբանե Վարդանը պատերազմին մասնակցել է որպես տանկիստ, սակայն առաջին-երկրորդ օրը թշնամին նրա տանկը ոչնչացրել է, ու Վարդանը հրաշքով է փրկվել . «Փրկվելուց հետո ինքը ինչ-ինչ պայմաններում հայտնվել է կամավորների ջոկատում ու իրանց հետ է կռվել: Կամավորները տարիքով մեծ էին, ու ընդամենը տաս օրում հասցրել էին Վարդանին ճանաչել… իր մասին ասում էին` դուխով ու ջիգյարով Վարդանը: Բոլորը ցավում էին` իմանալով, որ Վարդանը զոհվել է, որովհետեւ պարզ մարդկանց տեսակը քիչ է այս կյանքում, նրանցից շատերին էլ երեւի այս պատերազմի ընթացքում կորցրինք, որոնցից մեկն էլ հենց իմ եղբայրն էր»:
Անի Գեւորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։