Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին ցանկություն են հայտնել հանդիպել միմյանց հետ:

«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին», — ասել է վարչապետ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ խոսքն այն քարտեզների մասին է, «որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանն Ալիեւը նշել է. «Նա (Նիկոլ Փաշինյանը) ևս ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունվում է: Ոմանք կարող են անհանգստանալ այս կապակցությամբ: Սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջաև լինի հաշտություն, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք սա ենք ուզում», — ասել է Ալիևը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով երկու երկրների ղեկավարները նման հայտարարություններ անելով ինֆորմացիոն դաշտի պայքար է մղում:

«Ադրբեջանը 2022 թվականին Եվրոպայի խորհրդի հարթակում եւ այլ միջազգային հարթակներում ճանաչվելու է ագրեսոր: Ալիևը խնդիր ունի ցույց տալ, որ Հայաստանի հետ կարող է հասնել հաշտության եւ այդպիսով խուսափել պատասխանատվությունից»,- ասում է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն էլ ունեն խնդիր ցույց տալ, որ պատրաստ չեն գնալ Ալիևի պահանջների կատարմանը եւ դրա հետ մեկ տեղ ՀՀ ղեկավարության ռազմավարությունն ուղղված է կոմունիկացիաների բացմանը

«Նիկոլ Փաշինյանի համար  կարևոր է հանրությանը ներկայացնել խաղաղության նոր դարաշրջանի բացման, որը որ կոմունիկացիաների բացման  մեջ պետք է արտահայտվի:

Հայաստանի իշխանություններն ինֆորմացիոն դաշտում պարտվել են Ալիեւին եւ գտնվում են ոչ թե սյուբյեկտի դերում, այլ օբյեկտի: Այսօր Իրանը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն դարձել է սատկած էշ, որի նալերը փորձում են հանել՝ Թուրքիան, Ռուասաստանը, Ադրբեջանը եւ ինքն էլ իր փայն է ուզում ստանալ: Այս ամենն, իհարկե, պտտվում է միջանցքի շուրջ»,-նշում է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը լուծել իրավական դաշտում:

«Պատկերացրեք, որ երկու խուլիգան ծեծի են ենթարկել մի քաղաքացու եւ գործը ընկել է ոստիկանություն, ինչիպիսին է լինելում այդ խուլիգանների վարկը: Նրանք պատրաստ են տուժողի հետ հաշտվել, որովհետեւ իրենց համար կարեւոր է բռնություն կիրառելը, իսկ իրենք այդ բռնությունը կիրառել են, իրենց համար հարկավոր արդյունքերը ստացել են, իսկ հիմա ունեն խնդիր պատասխանատվությունից խուսափելու:

Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանը նման են մի մարդու, որը որ չի դիմում ոստիկանություն եւ ամեն կերպ փորձում է իր պարտությունը հաշտել իրավական դաշտից դուրս՝ հուսալով, որ այդպիսով կկարողանա հանցագործներից ինչ-որ հատուցում ստանալ»:

Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին հստակություն չկա: Անդրիաս Ղուկասյանի խոսոքով, եթե լինի էլ, ապա դրանից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ:

«Այս պայմաններում, եթե կլինեն նման հանդիպումներ, չեն լինի այնպիսի բանակցություններ, որոնք կապահովեն տարածաշրջանում ամուր, կայուն խաղաղություն, քանի որ հանդիպումների նպատակը դա չէ»:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest