Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր օրենքի նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկվում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Այս օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, պաշտպանելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները։ Օրենքը սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, ինչպես նաև գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների, ֆիզիկական անձանց լիազորություններին, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտակա­նու­թյուն­­ները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմա­նա­փակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Ըստ հիմնավորման՝ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:

Նշվում է, որ գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, գաղտնի տեղեկությունների գաղտնազերծ­մանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ, կարգավորված չեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ բովանդակային և օրենսդրական առումով կփոփոխվի պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների` ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին և միջազգային փորձին, կներդրվեն գաղտնի տեղեկության պաշտպանու­թյանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ, ինչպես նաև կկարգավորվեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest