ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության և սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը:

«Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Եղեգնաձոր քաղաքի 51-ամյա բնակիչն ընտանեկան կարողությունը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ է ունեցել հոր, քրոջ և վերջինիս որդու հետ, ինչի պատճառով ձևավորվել են լարված հարաբերություններ: Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությանը նախորդող ժամանակահատվածում՝ 2021թ. ապրիլի 28-ին, 51-ամյա տղամարդու մոր հոգեհանգստյան արարողության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել. քրոջ որդին մորեղբորը թույլ չի տվել մասնակցել սգո արարողություններին, բազմաթիվ ներկաների մոտ վիրավորել է նրան՝ պահանջելով հեռանալ:

Չպատասխանելով իր հասցեին հնչեցված վիրավորանքներին՝ տղամարդը հեռացել է՝ որոշելով սպանել զարմիկին՝ մոր մահվան կապակցությամբ կազմակերպված արարողություններին մասնակցելու արգելքից առաջացած վրեժի շարժառիթով պայմանավորված: Այդ նպատակով, 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, նա գնացել է իր ընտանիքին պատկանող ընկերություն և տեսնելով բակում կայանված, քրոջ որդուն պատկանող ավտոմեքենան, վերհիշելով տեղի ունեցածը, վրեժի շարժառիթով, քրոջ որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված երկփողանի «Տոզ-34Ռ» տիպի, 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենով կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Սպանության դեպքից անմիջապես հետո 51-ամյա տղամարդու տարեց հայրը, որդու կողմից թոռանն սպանելու շարժառիթով, որոշել է վրեժխնդիր լինել որդուց. դիտավորությամբ պայմաններ ստեղծելով առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար, վերցրել է իր անվամբ հաշվառված «ՄՑ-21-12» տիպի մեկփողանի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազենն ու փամփուշտներ, և նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է որդու տուն, որտեղ գտնվել են որդու կինը և անչափահաս տղան: Հարսի եղբայրը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, շտապել է քրոջ տուն և խոչընդոտել է՝ թույլ չտալով, որ քրոջ սկեսրայրը տուն մտնի:

Սակայն վերջինս, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ձեռքին եղած հրազենը պահել է հարսի եղբոր ուղղությամբ, ով բռնելով հրազենի փողից, թեքել է դրա ուղղությունը, որի ընթացքում տարեց տղամարդը, ստեղծելով իր տված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ, կրակոց է արձակել: 51-ամյա տղամարդու տարեց հայրը, իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, փորձել է լիցքավորել հրազենը, սակայն տան բակ ժամանած որդուն և վերջինիս ընկերոջը հաջողվել է նրա ձեռքից վերցնել հրացանը, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, որդու կնոջ և անչափահաս թոռան սպանությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս հորը՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest