Թավշայա հեղափոխությունից երեք տարի անց Հայաստանի հեղափոխական իշխանությունների իրականացրած օրենսդրական փոփոխությունները չեն բավարարում Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնին: Կառույցն անբավարար է համարում Հայաստանի իշխանություններին դեռ 5 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի օրոք, ներկայացված առաջարկությունների կատարումը: Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը Փաշինյանի իշխանությանը մեկ տարի ժամանակ է տվել հստակ քայլեր ձեռնարկել ու մինչև մյուս տարվա սեպտեմբերի 30-ը զեկուցել, թե ինչ են արվել հանձնարարականները կատարելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, 2016 թվականին Հայաստանի խորհրդարանի պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկեր էր նկատել եւ կառավարությանը 18 հանձնարարական էր տվել:
2021 թվականի սեպտեմբերի 30-ին հրապարակած զեկույցում GRECO-ն եզրակացնում է՝ 5 տարիների ընթացքում 18 առաջարկներից 7-ն իրականացվել են բավարար չափով, մնացած 11-ը՝ մասամբ GRECO-ն նշում է՝ օրենսդրական գործընթացներում առաջնահերթը թափանցիկությունը պետք է լինի, օրենքների մշակմանը ներգրավված պետք է լինի նաև հասարակությունը։ Ըստ հակակոռուցպիոն մարմնի՝ անցած մեկուկես տարվա կտրվածքով ընդունված օրենքների 27 տոկոսը հրատապ ընթացակարգերով է ընդունվել, անհրաժեշտ հանրային քննարկումներ չեն իրականացվել։
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը անհասկանալի է որակում իշխանությունների ցուցաբերած դրսեւորումն այս կազմակերպության պահանջների նկատմամաբ:
«Ես չեմ հասկանում, թե իշխանություններն ինչու չեն անում: Ազգային ժողովի էթիկայի մշտական հանձնաժողով չկա, բայց եթե կատարեին Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմին պահանջները, ապա պետք է նաեւ ԱԺ-ում նման հանձնաժողով ստեղծեին: Որքան հիշում եմ, մի քանի անգամ ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպ եղավ, բայց էթիկայի հանձնաժողով չստեղծվեց: Միտումնավոր չեն կատարում GRECO-ի պահանջները, թե ոչ, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ հիմա հայտնվել ենք այս տհաճ իրավիճակում»,- ասում է նա:
Վարուժան Հոկտանյանի խոսքով GRECO-ն Հայաստանին մի անգամ արդեն նախազգուշացվել էին: 4-րդ փուլի կատարողականի զեկույցը հրապարեկվել էր 2019թ․ դեկտեմբերի 12-ին:
«Հիմա ի՞նչն է չիրականացնելու խնդիրը: Պետք է արդարանան, որ պատերազմ էր, բայց իշխանություններն իրենց պարտավորությունները պետք է կատարեին 2020 թվականի ողջ ընթացքում: Սա նշանակում է, որ Եվրոպայի աչքին խայտառակ ենք լինում: Հազվադեպ է լինում, որ երկրները սեւ ցուցակում են հայտնվում, առավել ևս արդեն երկրորդ անգամ: Այս տարի Հայաստանն ու Լեհաստանն են նման իրավիճակում: Նույն այդ CEPA-ն որ ստորագրել ենք, հնարավոր է, որ ԵՄ-ն ասի, եթե չեք կատարում ձեր պարտավորությունները, ապա էլ ինչու ենք ձեզ ֆինանսավորելու: Բավականին մեծ ֆինասավորում նախատեսված է ուղղել այս ոլորտների բարեփոխումների վրա: Երկու պատճառ կա, որ կարող էին չանել․ կամ շատ զբաղված են եղել, կամ էլ չեն էլ հիշում, որ պետք է նման բան անեին: Հնարավոր է նաեւ, որ սպասում են, որ վարչապետը թույլ տա, որ անեն»,- նշում է հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ:
Չի բացառվում, որ ԵՄ-ն հակակոռուպցիոն մարմնի պահանջերը չկատարելու համար պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամաբ:
«GRECO-ի հանձնարարականների կատարումը կայանում է հիմնականում օրենքներ ընդունելուն: Դժվար բան չէ օրենքներ ընդունելը կամ փոփոխություններ կատարելը: Սա կարող էին անել անցած տարվա գարնանը, երբ դեռ պատերազմը չէր սկսվել: Եվրոմիությունը կարող է լուրջ հարցեր բարձրացնել Հայաստանի առաջ, տեսնում ենք, թե Լեհաստանի եւ Հունգարիայի նկատմամաբ ինչ սանկցիաներ են ուզում ընդունել, իսկ մեր նկատմամբ ինչու պետք է ներողամիտ լինեն: Կարող էին գոնե օրենքերը ձեւական ընդունեին, եթե անգամ դրա վրա թքած էին ունենալու, ինչպես Ադրբեջանում է, իսկ մենք դա էլ չենք անում»,- նշում է Վարուժան Հոկտանյանը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: