Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երեւանցի Գոռ Եղիազարյանը ծառայում էր Արցախում՝ Հադրութի շրջանում: Նրա զինվորական ծառայությունն ավարտվում էր 2021թ. հունվարի 17-ին: Մայրը՝ Նունե Կարապետյանը, հիշում է, որ 94 օր էր մնացել, որպեսզի որդին վերադառնա:

Որդու զոհվելու օրվա, հանգամանքների մասին մինչ այժմ նրա հարազատները հակասական տեղեկություններ ունեն: Այդ տեղեկություններն էլ ստացել են որդու հետ կռված ընկերներից, որոնք վերջին պահին եղել են նրա կողքին, վիրակապել են:
«Ինձ ասել են, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան է վիրավորվել, իրենց հրամանատարը մինչեւ վերջ պնդում էր, որ վիրավորվել է ոտքերից ու ձեռքերից, գլխին բան չի եղել, վիրակապել են, ուղարկել հիվանդանոց: Մինչեւ վերջ տղաս ինձ ասում էր, որ գտնվում են հրամանատարական կետում, միայն հորն էր պատմել, որ հինգ տանկ է խփել, հերոսի կոչում է ստանալու: Հետո իմացանք, որ ինքը եղել է Կարմիր շուկայի հրամանատարական կետում, իրեն այնտեղ վիրահատել են » -պատմում է Գոռի մայրը:

Նունեն ասում է, որ «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի միջոցով իրենք փնտրել են Գոռ Եղիազարյանին, ընկերը զանգել է եղբորը, տեղեկացրել, որ Գոռին պետք է Երեւան բերեին իրենից հետո: Այդ ժամանակ, նրանց ասելով, Գոռը եղել է նորմալ վիճակում: Հետո, երբ ցանկացել են Երեւան բերել, իրենց ասելով՝ նրա վիճակը վատացել է: Ավելի ուշ էլ Նունեն տեղեկացել է, որ լույս հոկտեմբերի 13-ի գիշերը գլուխը վիրահատելու ժամանակ չի դիմացել: Նրան պատմել են , որ իբր Գոռին վիրահատելու համար ցանկացել են բերել Երեւան, սակայն նրա վիճակը ճանապարհի կեսին բարդացել է, տարել են Ստեփանակերտ, սակայն այնտեղ գլխի վիրահատության ժամանակ սիրտը չի դիմացել: Որդուն արդեն մահացած վիճակում հարազատները գտել են հոկտեմբերի 19-ին՝ Վեդիի դիահերձարանում:

Գոռը դպրոցում ուսումը կիսատ է թողել հոր ազատազրկվելուց հետո՝ 2017թ., մտածել է, որ պետք է աշխատի եւ օգնի ընտանիքին:
Երբ Գոռը մեկնել է Արցախ՝ զինծառայության, ոչնչից չի դժգոհել, ամեն ինչ նորմալ է եղել նրա համար: Նա ականաձիգ էր:
«Հոկտեմբերի 11-ին, գիշերվա 10.30-ին զանգեց Գոռը եւ էլի պնդում էր, որ իրենք հրամանատարական կետում են, ապահով են, անհանգստանալու կարիք չկա: Բայց սեպտեմբերի 25-ին Գոռենք իջել էին դիրքերից, 27-ի առավոտյան, երբ լսեցի, պատերազմի մասին, իրենց տարել էին դիրքեր »,- ասում է Նունեն:

Նունեն սպասում է, թե երբ է ամուսնու՝ Գարեգին Եղիազարյանի ազատազրկման ժամկետն ավարտվելու, երբ է նա վերադառնալու տուն, որպեսզի միասին գտնեն որդու հրամանատարին՝ Հունանին (ազգանունը չէր հիշում) եւ կարողանան բացահայտել Գոռի մահվան իրական հանգամանքները: Իսկ հայրը չի կարողանում համակերպվել որդու մահվան հետ, ասում են, երբ նա լսել է այդ մասին, գլուխը պատերին է տվել:
Գոռի մայրը հիշում է նաեւ, որ որդին ասել է, թե ինքը շատ երեխեքի է սպանել (չի ասել՝ ադրբեջանցի, թշնամի) եւ երբ գա տուն, ինչպես է այդ խղճով ապրելու:

Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: