«Ես ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու, շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ և դրա համար ներգրավել եմ ավելի շատ աշխատակիցներ, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորը ինչ սխալ է թույլ տալիս՝ դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցվեն»,- կառավարության նիստից հետո այսօր լրագրողներին ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նա նշեց, որ վեթինգի համար կա երկու ճանապարհ՝ մեկը կարգապահական վարույթներն են։

«ԲԴԽ-ն, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթինգի և համակարգը մաքրելու մասին, իրենք են հենց այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած՝ որպես պետական մարմին։ Այսինքն՝ ես վարույթները հարուցեմ, իրենք քննեն և արդար որոշումներ կայացնեն։ Շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթինգի առաջին դրսևորումները իմ պաշտոնավարման ժամանակ։ Դա ուղիներից մեկն է, իսկ մենք հիմա քննարկում ենք նաև այլ ուղի՝ օրենսդրությամբ սահմանված հենց վեթինգի միանգամյա գործառույթ, որը հիմա ես քննարկում եմ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ, որովհետև իրենք լուրջ փորձ ունեն։ Մենք հիմա նայում ենք՝ հնարավո՞ր է մեր ներկայիս Սահմանադրության պարագայում ունենալ վեթինգ՝ որպես առանձին գործառույթ, ոչ թե որպես կարգապահական վարույթներով մի մաս»,- նշեց Անդրեասյանը։

Pin It on Pinterest