Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ անազատության մեջ գտնվող բժիշկ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին։

«Պարոն Չարչյանի վիճակն այնքան է մտահոգում ինձ, որ պարոն Չարչյանը խցում համարյա ժամեր չի անցկացրել։ Անընդհատ իր ազատազրկումն անցկացրել է բժշկական հսկողության ներքո՝ թե մեր բուժհաստատությունում, թե քաղաքացիական բուժհաստատություններում։ Ինչ վերաբերում է առանձին ազատազրկված անձանց այցելելուն, չկա հատուկ ցուցում, կամ անհանգստություն, որ մեր բժիշկները կամ կալանավայրի աշխատակիցները չեն կարողանում ապահովել, որպեսզի նախարարն այցելի։ Իսկ քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը կլիներ շատ խտրական»,- ասաց նա։

Ըստ Անդրեասյանի՝ Արմեն Չարչյանի առողջությանը վտանգ չի սպառնում։ «Առաջին իսկ օրվանից ես հատուկ հոգածությամբ վերաբերվել եմ ոչ միայն պարոն Չարչյանին, այլև բոլոր ազատազրկվածներին, ովքեր ունենք առողջական խնդիրներ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, և ըստ վերջին զեկուցումների՝ պարոն Չարչյանի առողջությանը վտանգ չի սպառնում։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ պարոն Չարչյանն ստանում է Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային նորմերով սահմանված ամբողջ ուշադրությանը պետության կողմից։ Ինչը ենթադրում է, որ այնտեղ չի կարող լինել որևէ խոշտանգման երևույթ»,- հավելեց նախարարը։

Pin It on Pinterest