«Շուտով Էդգարիս տունը հաց տվող տուն կդառնա»

1125

2020թ-ի սեպտեմբերի 27-ին նռնակաձիգ Էդգար Մարգարյանի 20- ամյակն էր: Ցանկանալով  որդուն անակնկալ անել, մայրը վաղ առավոտյան ուղեւորվել էր Արցախ ու արդեն ճանապարհին էր իմացել` պատերազմ է սկսվել: Մայրը որդուն այդպես էլ չի հասել: Էդգարը զոհվել է հոկտեմբերի 1-ին Հադրութում:

Էդգարը հետմահու արժանացել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի եւ Արիության շքանշանների: Հայտնի է, որ նա մինչեւ վերջին շունչը չի զիջել իր դիրքը, ոչնչացրել է թշնամու ավելի քան 200 զինվոր:

«Անցած տարի ճանապարհվում էի Էդգարիս մոտ` անակնկալ անելու ծննդյան տարեդարձի համար: Նրա 20- ամյակն էր, որոշել էի գնալ մոտը: Ինքը դա չէր էլ սպասում: Երբ որ հասանք Վարդենիս, համարյա թե Քարվաճառ, առաջին ընկնող հրթիռների ձայները լսվեցին:  Հասկացանք, որ պատերազմ է սկսվել: Փորձեցի Էդգարիս հետ կապ հաստատել, բնականաբար չէի կարողանում: Անընդհատ զանգում էի, անընդհատ չէր պատասխանում: Զանգ եկավ հեռախոսիս: Իմացա, որ Ստեփանակերտում զինվորների համար հաց թխողներ են պետք: Ես ասացի` ես կգնամ: Անկեղծ ասած, ես հաց թխել չգիտեի, առավել եւս լավաշ: Թե ոնց էի թխելու այդ հացը, չգիտեի, ուղղակի գիտեի, որ կամավոր եմ անելու ու ինչ-որ մի բանով թիկունքում օգուտ եմ տալու տղաներին, որոշեցի գնալ»,- պատմում է մայրը` Արսինե Սահակյանը:

Այդ ընթացքում նա վերջապես կարողացել է հեռախոսով խոսել Էդգարի հետ սակայն չի ասել, որ Արցախում է. «Մտածեցի` թող հանգիստ լինի… Սկսեցին չարաբաստիկ օրերը: Բնականաբար ամեն րոպե սրտատրոփ էի, բայց երբեք կողքիններին ցույց չէի տալիս, կողքի կանանց, ովքեր ինձ հետ հավասար հաց էին թխում, ոչ էլ այլ մարդկանց: Անգամ շատերը չգիտեին, որ որդի ունեմ ու հենց այդ պահին Հադրութի առաջին պաշտպանականում հայրենիքն է պաշտպանում »:

Հոկտեմբերի 1- ից տիկին Արսինեն անընդհատ սկսել է զանգեր ստանալ հարազատներից, ովքեր նրան համոզում էին վերադառնալ Հայաստան. «Ասում էին` ինչ կլինի, արդեն արի տուն, արդեն շատ  վտանգավոր է: Ես գլխի չէի ընկել, թե ինչի համար են ասում: Բանից պարզվում է` արդեն շատերը գիտեինն, որ Էդգարը զոհվել է: Հայտարարել էին: Հոկտեմբերի 3- ին, երբ մայրիկիս հետ էի խոսում, հուզմունքը չկարողացավ պահել, արդեն իմացա ու գիշերը եկա Երեւան… չմտածելով, որ դրանից հետո երեք ու կես ամիս շարունակ մինչեւ հունվարի 17-ը պետք է փնտրեմ տղայիս: Հունվարի 17-ին ունեցանք ԴՆԹ-ի համընկնում»:

Էդգարի մահից հետո մայրը որոշել է, որ որեւէ կերպ պետք է ծառայի հայրենիքին` ինչպես որդին արեց դա: «Ես որոշեցի ընտրել մի գյուղ, որը որ սահմանամերձ կլինի ու իմ նման մարդու կարիքը կլինի: Շնորհիվ իմ ընկերուհու` Ստելլա Սարուխանյանի, ով ինձ համար բացահայտեց սահմանամերձ հինգ գյուղեր, ես հասկացա, որ իմ ապրելու իմստը գտել եմ: Ես կգնամ այդ գյուղերից մեկում կգնեմ տուն ու կապրեմ այդ գյուղում»,- ասում է Արսինե Սահակյանը:

Տիկին Արսինեն ընտրել է Նժդեհ գյուղը, որը սահմանամերձ է Նախիջեւանի հետ, այժմ տունը գնված է, այնտեղ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: «Շուտով Էդգարիս տունը հաց տվող տուն կդառնա, կդառնա հյուրատուն, վեր կհանվեն գյուղի բոլոր խնդիրները եւ կունենանք ոչ հայաթափված սահմանամերձ հայկական գյուղ»,- ասում է զոհված զինվորի մայրը:

Անի Գևորգյան