Զոհված հերոսների անուններով դպրոցներում դասասենյակներ են բացվում

75

Երևանի թիվ 134 դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մարգար Մելքոնյանի և Տարոն Գիվարգիզյանի անվան դասասենյակների բացման արարողությունը։ Մարգարն ու Տարոնն այս դպրոցում են սովորել։

Դպրոցի տնօրենը՝ Գոհարիկ Ազատյանը, մեզ հետ զրույցում պատմեց՝ այս դպրոցում  բազմաթիվ հերոսներ են սովորել։ Տասնայակների աշխատանքային փորձ ունեցող մանկավարժն Տարոնի ու Մարգարի մասին  ակնածանքով է խոսում։

Տարոնը զինվորական ծառայության պիտանի չէր, բայց դա նրան չխանգարեց ռազմադաշտ մեկնել։ Նա ընտանիքի անդամներին նախապես չասելով,  ավտոբուսում թաքնվելով՝  սեպտեմբերի 29-ին   իր ջոկատի հետ   Արցախ է հասել։ 

Տարոնը մասնակցել է  Հադրութի, Վարանդայի, Մարտունիի պաշտպանության համար մղվող մարտերին։ Սուրբ Մարիամ եղեղեցու հոգևոր սպասավոր, դպիր Տարոն Գիվարգիզյանն իր ընտանիքի անդամներին պատգամել է միշտ ուժեղ ու պայքարող լինել։ Հիմա Տարոնի հարազատներին հենց նրա այս հորդորն է ապրելու ուժ տալիս։

11 հոգանոց ջոկատի բոլոր անդամները, որի կազմում Տարոնն էր, զոհվել են հոկտեմբերի 29-ին՝ թշնամու ԱԹՍ-ի հացրած հարվածից։

Երբ Տարոն Գիվարգիզյանի անվան դասասենյակի բացման արարողությունը տեղի ունեցավ, նրա մայրը՝ Լաուրա Սարգսյանն, ասաց՝ յուրաքանչյուր դպրոցում,  որտեղ այսպիսի քաջեր են ուսանել, պետք է նրանց անուններով դասասենյակներ լինեն, որպեսզի բոլոր աշակերտներն իմանան նրանց մասին և քաջերը նրանց համար ազնիվ ու հայրենասեր հայի վառ օրինակներ  լինեն։

Թիվ 134 դպրոցում ուսանած մյուս հերոսը՝ 2001 թվականին ծնված սերժանտ, հետախույզ  Մարգար Մելքոնյանը, որը ծառայում էր «Մարտունի-2» զորամասում, հերոսական պայքար է մղել իր մարտական ընկերների հետ ու զոհվել հոկտեմբերի 22-ին։

Դպրոցում հերոսների անուններով բացված նոր դասասենյակների բացման արարողության ընթացքում ուսուցիչներն ու  տնօրենները չկարողացան երկար խոսել, արցունքները խեղդում էին։ Դպրոցի տնօրենը ներոողություն խնդրեց հերոսածին մայրերից․  «Ներեցե՛ք, որ ես այսօր իմ զավակին կարող եմ գրկել, իսկ դուք՝ ոչ։ Մենք հավերժ պարտական ենք ձեր զավակներին ու ձեզ», — ասաց Գոհարին Ազատյանը։

Մարգարի մայրը՝ տիկին Զառան, մտնելով   իր հերոս որդու անունը կրող դասասենյակն ասաց․ «Ես չէի ուզենա այս գնով հերոսի մայր լինել։ Խնդրում եմ՝ միշտ հիշե՛ք մեր զավակներին»։


ForRights.am-ի հետ զրույցում Գոհարիկ Ազատյանը, որը թիվ 1333 դպրոցի տնօրենն է,  մաթեմատիկա է դասավանդել Մարգարին,  ճանաչել է Տարոնին,  ասում է՝ յուրաքանչյուր հերոսի մասին խոսելիս ակամա ինչ-որ դրվագ է մտաբերում, դարձյալ համոզվում, թե որքան հայրենասեր ու քաջ էին նրանք:։

«Տարոնին չեմ դասավանդել, բայց, իհարկե, ճանաչում էի նրան։ Նույնիսկ դպրոցն ավարտելուց հետո Տարոնը հաճախ էր հարազատ դպրոցում լինում։ Երազկոտ, տարբերվող, խոր հայացք ուներ Տարոնը։ Երբ իմացա, որ ռազմադաշտ է մեկնել, աշխարհագրության ուսուցչին հարցրի՝ Տարոնը լա՞վ էր սովորում, ուսուցչուհին պատասխանեց՝ եթե ուզում էր, այո՛։ Ես բնավորության այդ գիծը սիրում եմ մարդու մեջ։ Ճիշտ այդպես էլ Տարոնը վարվեց մարտադաշտ մեկնելիս․ պարտադրված չգնաց, ցանկացավ հայրենիքը պաշտպանել ու գնաց, սրտի կանչով գնաց» — ասում է  Գոհարիկ Ազատյանը:


Մանկավարժը հերոս Մարգարին մաթեմատիկա է դասավանդել։ Ասում է՝ Մարգարը  քայլող հանրագիտարանն էր, բայց չափազանց համեստ էր։

«Եթե աշակերտը դասը սովորած է լինում, շատ է ձեռք բարձրացնում, բայց Մարգարն այդպիսին չէր։ Երբեք ձեռք չէր բարձրացնում, բայց երբ դաս էինք հարցնում, միշտ պատրաստ էր։ Միշտ զարմանում ու հիանում էինք նրանով։ Միշտ մտածում էի՝ մարդ որքան համեստ կարող է լինել։ Դասալսումների ժամանակ նրան  նորովի էի բացահայտում ամեն անգամ։ Միշտ լուրջ ու խոհեմ հայացքով, քաջ տղա էր Մարգարը»։

Հերոսների անուններով դասասենյակ բացելուց հետո Գոհարիկ Ազատյանն ասում է՝ հիմա արդեն իր աղոթքներին մի աղոթք էլ ավելացավ․ «Ես ամեն օր կաղոթեմ, որ այլևս այսպիսի դասասենյակներ չունենանք։ Թո՛ղ սրանք լինեն միակը։ Թո՛ղ մեր բոլոր աշակերտները խաղաղ ճանապարհով անցնեն։ Մի ժամանակ խաղաղություն  բառն այսքան  չէինք կիրառում, երբ մեր աշակերտներին օրհնում  էինք ու դեպի կյանք ճանապարհում։ Այս տարվա շրջանավարտներին չկարողացա որևէ այլ բան ասել, միայն ասացի՝ ձեր խաղաղ երկինք եմ մաղթում, թո՛ղ որ միշտ   ձեր մայրերի կողքին լինեք։ Այս բառերը հենց այնպես չեմ ասել ․․․»։


Հասմիկ Բալեյան