Ամուսնուս զոհվելուց հետո սպասում էինք, որ կհաղթենք, բայց մեր ցավը կրկնապատկվեց

478

Արթիկցի Մաթեւոս Ղրզոյանը, անցյալ տարի, սեպտեմբերի 27-ին, պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, կամավոր մեկնեց Արցախ:
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա եղել է Արթիկի գործկոմի նախագահի տեղակալը: Այն ժամանակ նա եղել է Ոսկեպարում, սնունդ եւ դեղորայք տարել Արցախ:
«Ամուսինս ծնվել է Շիրակի մարզի Սարատակ գյուղում, մենք այդ ժամանակ ապրում էինք գյուղում: Այն ժամանակ նա կամավորագրվեց «Սասունցի Դավիթ» ջոկատին եւ մեկնեց պատերազմ»,-պատմում է Մաթեւոս Ղրզոյանի կինը՝ Գայանե Աղաքարյանը:


Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, այդ ժամանակ Գայանեն Երեւանում, հիվանդանոցում, խնամում էր իր՝ ավտովթարի ենթարկված որդուն: Ամուսինը՝ 61-ամյա Մաթեւոսը, թեեւ վատառողջ էր, սակայն վճռական է եղել տրամադրված, որ պետք է մեկնի Արցախ: Նրան ուղղված հորդորներն ապարդյուն էին:


«Սեպտեմբերի 28-ին եկավ Երեւան, տղաս այնտեղ վարձով էր ապրում, մեզ հետ մնաց այդ գիշեր, մեզ հրաժեշտ տվեց ու գնաց: Ես դեմ էի, որ գնա, որովհետեւ ինքը վատառողջ էր: Ասում էի, որ գնալու եւ դեռ մի բան էլ ուրիշներին է խանգարելու, բեռ է դառնալու զինվորների համար: Ամուսինս վիրավորվեց, ասաց, որ եթե անգամ կռվի համար պիտանի չլինի, կօգնի, որ զենք տեղափոխեն: Ինքն ինձ հակադարձեց, թե՝ գնում ես, դպրոցում հայրենասիրություն ես քարոզում, հայրենասիրությունը լոկ բառերով չէ արտահայտվում, եթե ամեն ընտանիքից մի հոգի չգնա, ինչ կլինի մեր վիճակը: Ամեն օր զանգում էր, ասում էր՝ ինձ ընդհանրապես հարցեր չտաք, ես շատ լավ եմ: Ամուսինս հավանաբար հասկանում էր, որ ռազմաճակատից չպետք է լուրեր հաղորդել: Ինքը կռվում էր Մարտակերտում, Քարվաճառում, թեեւ ԵԿՄ-ի անդամ չէր, սակայն Արցախի վետերանների միության հետ էր գնացել: Նույնիսկ օր էր լինում, որ երկու անգամ էր զանգում, մենք հանգիստ էինք: Դա տեւեց մինչեւ չարաբաստիկ հոկտեմբերի 13-ը, երբ ռմբակոծել են, ինքն էլ այդ ժամանակ եղել է մեքենայում », -հիշում է հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցչուհի Գայանե Աղաքարյանը:


Մաթեւոսի՝ պատերազմից վերադարձած ընկերները նրա հարազատներին պատմել են, որ նա օգնել է երիտասարդներին թաքնվել, այնպես է արել, որ ադրբեջանցիները չնկատեն նրանց, եւ նրանց կյանքը փրկել է: Գայանեն ասում է, որ ամուսինը պնդում էր, թե սա օրհասական կռիվ է լինելու մեզ համար: Նա հիշում է, որ անցած երեսուն տարիների ընթացքում Մաթեւոսը պայքարել է մեր անկախության համար, հանուն արդարության՝ սկսած 1995-96 թվականներից, երբ ընտրությունների ժամանակ բախվել է առաջին անարդարություններին: Հետո նա պայքարել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցող անարդարությունների, կեղծիքների դեմ եւ այդ ընթացքում բազմիցս տուժել:


Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում Հայաստանի անկախության տոնակատարությանը, Գայանե Աղաքարյանն արձագանքեց. «Բնականաբար Հայաստանի անկախության 30-ամյակն է, չպետք է անտարբեր գտնվել: Բայց ի՞նչ ունի ասելու իշխանությունը ժողովրդին, մենք հիմա ավելի շատ կորուստներ ունենք, քան ձեռքբերումներ: Մարդիկ տրամադրություն չունեն տոն նշելու »:


Գայանեն սկզբում հավատացել է հաղթանակին: Նա պատմում է, որ իր փեսան պատերազմի ժամանակ, օգտագործելով արտերկրի իր կապերը, մեծ գումարներ է կարողացել հանգանակել, որ զենք գնեն:
« Մենք ընդհանրապես չէինք մտածում, որ Շուշին կհանձնեն, կարծում էինք, որ «Իսկանդերը » գործի կդնեն ու կհաղթենք: Ամուսնուս զոհվելուց հետո մենք սպասում էինք, որ գոնե կհաղթենք: Բայց մեր ցավը միայն կրկնապատկվեց…»,- ասում է տիկին Գայանեն:


Թագուհի Հակոբյան