«Ուզում եմ, որ երեխաներս ինձ կենդանի հիշեն». զոհված կամավորի վերջին գրությունը

170

39- ամյա կամավոր Դերենիկ Ավագյանը զոհվել էր ԱԹՍ հարվածից ու դեռ պատերազմի օրերին հուղարկավորվել Արցախում` թշնամու ԱԹՍ-ների նոր հարվածների վտանգի տակ: Պատերազմի ավարտից հետո կամավորի գերեզմանը մնացել էր թշնամու հսկողության տակ: Մեծ ջանքերից հետո Դերենիկի կնոջը հաջողվել է արտաշիրիմում անել ու ամուսնու աճյունը տեղափոխել Հայաստան:

Զոհված կամավորը Արցախի Քաշաթաղի շրջանից` Բերձորից էր, ունի չորս անչափահաս երեխա: Կինը` Սեւինջ Ավագյանը պատմում է, որ վերջին տարիներին ամուսինը պարբերաբար մեկնում էր ՌԴ` արտագնա աշխատանքի, սակայն անցած տարի վերադարձել էր եւ Covid-19-ի կարանտինի պատճառով այլեւս չեկ կարողացել հետ գնալ  ՌԴ:

Պատերազմի հենց առաջին կրակոցներն ու պայթյունները լսելի են եղել Ավագյանների տանը: Սակայն Դերենիկը պատերազմի լուրը հանգիստ է ընդունել, ասել է, որ կինը չանհանգստանա, վերցնի չորս երեխաներին ու գնա մոր տուն, մինչեւ ինքը հասկանա, թե ինչ է անելու:

«Ինքը երկկողմանի ծնողազուրկ էր ու չորս անչափահաս երեխա ուներ: Այդ պատճառով նրան վայենկոմատում ասացին, որ չեն կարող զորակոչել… Նա գնում է ու թաքուն գրվում է », — պատմում է կինը:

Դերենիկը առաջնագիծ է մեկնել սեպտեմբերի 28-ի լուսաբացին, ինչից հետո նրա մասին հարազատները որեւէ լուր չեն ունեցել, նրա հետ այլեւս չեն կարողացել կապվել:

Սեպտեմբերի 29-ին կանայք եւ երեխաները Բերձորից տարհանվել են եւ տեղափոխվել են Երեւան ու այլ բնակավայրեր: Շատերը վերցրել են միայն իրենց փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը: Չորս երեխաների մայրը պատմում է, որ նրանք մինչ օրս էլ վախենում են հրավառությունների կամ ինքնաթիռների ձայներից, քանի որ դրանք իշեցնում են պատերազմի օրերի դժոխքը:

«Ամսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը մենք նրան փնտրել ենք, բոլորը զանգում էին, բոլորից տեղյակ էին, բոլորը խոսում էին, բայց նրանից լուր չկար… առավետյան զանգում եմ նրա մի ընկերոջը, ով դիահերձող բժիշկ է… ասեց` լավ, ես ձեզ խաբար կանեմ…մեկ ժամ, ժամուկեսից զանգում է, ասում է` ես իրան ճարել եմ, իմ ձեռքով մշակել եմ, Գորիսի մոռգում է, արի, տար: Ես մտածում էի, որ հետ ենք գնալու տուն, ուզում էի, որ նա ինձ մոտ լինի: Տարանք մեզ մոտ, Քարիգահ համայնք կա, այնտեղ մենք գերեզման ունենք… ասեցի` տանենք այնտեղ… ինչ իմանայի, որ այդ հողերը էլ մերը չեն լինելու »:

Տիկին Սեվինջը Երեւանից մեկնում է Արցախ, կազմակերպում է ամուսնու հուղարկավորությունը, սակայն հետը չի տանում երեխաներին: Նրան հայտնում են, որ Դերենիկը գրություն է թողել, որով կնոջը խնդրում է իր հուղարկավորությանը երեխաներին չտանել, քանի որ չի ուզում, որ նրանք իրեն էսպես տեսնեն: «Ուզում եմ, որ երեխաներս ինձ կենդանի հիշեն»,- ասել է նա:

Պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից հետո խաղաղապահների ուղեկցությամբ Սեւինջ Ավագյանը մի քանի անգամ այցելել է ամուսնու շիրիմին, սակայն մեկ ամիս առաջ նրան այլեւս թույլ չեն տվել գնալ այնտեղ: Կինը բազմաթիվ դիմումներ է գրել թե ՀՀ, թե Արցախի կառավարությանը, ինչի արդյունքում կարողացել է արտաշիրիմման թուլատրություն ստանալ, ու Դերենիկի մասունքները տեղփոխել են Չարենցավանի գերեզմանատուն:

Զոհվածի կնոջը հետագայում հաջողվել է պարզել, որ ամուսինը նախ ոտքի շրջանում վիրավորում էր ստացել, վիրակապվել էր, սակայն հրաժարվել էր հոսպիտալ տեղափոխվել:  Որոշ ժամանակ անց ԱԹՍ-ի հարվածից երկրորդ վիրավորումն էր ստացել, արդեն ծանր: Նրան այլ վիրավորների հետ բեռնատար մեքենայի մեջ են դրել, որ տեղափոխեն հոսպիտալ, սակայն կրկին ԱԹՍ –ի հարված է տեղի ունեցել եւ բոլոր վիրավորները տեղում զոհվել են: ՄԵկ այլ ԱԹՍ էլ հարվածել է զոհված զինվորների տեղափոխող բեռնատարին:

Անի Գևորգյան