Զոհված տղաների հարազատները այսօր ստորագրահավաքի էին մասնակցում ընդդեմ սեպտեմբեր 21-ի «գունագեղ» համերգի կազմակերպման: Նրանք պահանջում էին չեղարկել այն:
Զոհված զինծառայող Սուրեն Եսայանի մայրը՝ Նարինեն ևս առավոտից պատրաստվել էր գնալ Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ անցկացվում էր ստորագրահավաքը և միանար մյուսներին, սակայն ասում է, որ մի փոքր մտածելով, հրաժարվեց այդ մտքից: Բացատրում է. «Ես ուզում էի իմ բողոքի ձայնը հասցնել կառավարությանը, որ չի կարելի անթուլատրելի սահմանն անցնել և մեծ շուքով տոնել Անկախությունը: Մանավանդ, որ այդ բառն այսօր ինձ մոտ կասկածներ է առաջացնում: Ես որոշել էի տղայիս նկարով գնալ այնտեղ, բայց հետո հասկացա, որ իրականում չունեմ ցանկություն որևէ մեկին որևէ բան ասելու: Ինչ ունեի, արդեն կորցրել եմ: Այս մարդիկ միևնույն է, իրենց արածն անում են՝ ուզում է, 1000 մարդ հավաքվի, ուզում է՝ 5000: Ես ապրելու ցանկությունն եմ կորցրել»:
Նարինե Եսայանը անգամ չգիտի, թե երբ է զոհվել իր երեխան: Հոկտեմբերի 10-ին նա վերջին անգամ խոսել է որդու հետ, և հենց այդ զանգի ամսաթիվն էլ պայմանական Սուրենի մահվան օրն է համարվում: «Իրենք էլ չգիտեն, թե երբ է զոհվել, զոհվել է, չի զոհվել իմ տղան», — ասում է մայրը:
Նա պատմեց, որ դեկտեմբերի սկզբին քննիչն իրեն կանչել, ասել է՝ մարմին կա, եկեք, նայեք: Զոհված զինծառայողի գրպանում Սուրեն Եսայանի բջջային հեռախոսն է եղել, նրա զինգրքույկը, սակայն Սուրենի հարազատները չեն ճանաչել այն, ինչ իրենց ներկայացվել է որպես իրենց որդու մասունք:
Երեք անգամ ԴՆԹ փորձաքննություն է կատարվել և մարմինը, որը ենթադրաբար Սուրենինն էին համարում, չեն նույնականացվել:
«Մինչև փաթեթավորելը, — վերհիշում է Նարինեն, — այդ մարմինը նկարել էին: Բայց նկարներից մենք չճանաչեցինք մեր տղային: Ատամներ չուներ: ԴՆԹ փորձաքննություն պահանջեցինք: 20 օր հետո գենետիկայի բաժնի վարիչը մեզ ասեց, որ այդ մարմինը Սուրենի մարմինը չի: Հետո ասեց, որպեսզի ավելի վստահ լինենք, մի հինգ օր սպասենք, նորից անենք: Երկրորդ անգամ էլ ասեցին, որ իր մարմինը չի: Երրորդ անգամ արդեն ես հանձնեցի նմուշ, դեկտեմբերի 27-ին ասեցին, որ նրա կենսաբանական նյութը իմի հետ ընդհանրապես չի համընկնում, ու մեկ էլ հունվարի 3-ին զանգեցին, ասեցին՝ ձեր տղան է, եկեք, տարեք: Ես հարցրեցի՝ բա դուք ասում էիք, ինքը չի, ոնց հանկարծ դարձավ ինքը: Ինձ ասեցին՝ դուք շատ էիք ճնշում գործադրում»:
Եսայանները, որ արդեն լիահույս էին, որ իրենց որդին ողջ է և նրան փնտրում էին գերիների մեջ, միանգամից հուսահատվեցին: Նրանք հողին հանձնեցին այն տղային, որի մարմինն իրենց էին հանձնել, այդպես էլ չհավատալով, որ դա իրենց երեխան է:
Սուրեն Եսայանը ընտանիքի չորրորդ զավակն էր, միակ ու երկար սպասված տղան, որին ծնողներն ունեցել են հասուն տարիքում: Նա ծառայում էր Ջաբրայիլում: Երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նարինեն պատմում է, որ որդին սիրում էր բանակայինի կյանքը, իր զորամասը: Երդմնակալության կապակցությամբ ընտանքն այցելել էր Ջաբրայիլ, մի քանի օր մնացել էին Սուրենի մոտ: Մայրը պատմում է, որ Սուրենը լավ էր իրեն զգում, նույնիսկ հրաժարվեց գիշերել հարազատների հետ: «Ասեց՝ մամ ջան, չաստս կարոտել եմ, հո չես նեղվի, որ գնամ այնտեղ քնեմ: Ասում էր՝ մամ ջան, չմտածես, ես գերազանց ավարտելու եմ ծառայությունս, որ գամ, ուսման վարձս զզեղչվի, դուք գլուխներդ հպարտ քայլեք»:
Սուրեն Եսայանը հինգ լեզու գիտեր: 3 տարի սովորել էր Հնդկաստանում, Կալկաթայում: Եկել էր Հայաստան և ընդունվել էր Ֆրանսիական համալսարան:
Որ օրն է զոհվել, ինչպես է զոհվել Սուրենը, հարազատները մինչ օրս չգիտեն: Միակ տեղեկությունն այն է, որ Հադրութում որդին մյուս տղաների հետ միասին շրջափակման մեջ է ընկել, որ հրամանատար Վահանյան Իշխանը փախել է, անտեր թողնելով զինվորներին: Ծնողները չփարատված կասկածներ ունեն, որ տղաներին դիտավորյալ տարել են մահվան: Նրանց ոչ ոք չի փորձում հակառակն ապացուցել:
«Մեր երեխեքից թող հեռու մնան, իրենք իրենց թող նվիրեն հրավառությունները: Կարող էին ամսի 21-ին ուղղակի երթ անել, առանց ավելորդ ճոխությունների: Սուսուփուս թող անեին, թող չգազազացնեին այս ժողովրդին», — ասում է Նարինե Եսայանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսին լինի Անկախության տոնը, որ ընդունելի լինի նաև զոհվածների ծնողների համար:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: