Վերջապես ավարտվեց բանակ զորակոչված նախկին գերիների ոդիսականը: Օրերս նրանք Դիլիջանի վերականգնողական կենտրոնից տուն վերադարձան պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 44-օրյա պատերազմի օրերին գերեվարվարված երեք զինվորների, որոնք անցել են պատերազմի, ապա ադրբեջանական գերության սարսափները, կարճատեև վերականգնողական բուժումից հետո կրկին զորակոչել էին բանակ: Նրանք Հայաստանի Հանրապետությանն էին արտահանձնվել դեկտեմբերին: Այն ժամանակ Հայաստան վերադարձված 69 նախկին գերիներ կային: Ռազմաբժշկական հանձնաժողովը գրեթե բոլորին ոչ պիտանի էին ճանաչվել բանակային ծառայության համար, և միայն երեք անձի վերաբերյալ հանձնաժողովը դրական պատասխան էր տվել:

Սակայն տղաները ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեին:

Forrights.am-ին նրանցից երկուսը՝ Ս. Մ-ն և Ս. -ն  հայտնել էին, որ ի վիճակի չեն կատարել սպայակազմի հրամանները, հոգեբանական խնդիրներ ունեն, չեն կարող հագնել զինվորական համազգեստ, հաճախ ծառայության վայրից փախչելու և տուն գնալու անհագ ցանկություն ունեն:

Ս.Ն-ն էլ նշել էր, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, որոնք հանձնաժողովը անտեսել է: «Ոտքիս բեկորը խանգարում է շարժվել: Մեկ-մեկ ահավոր ցավ ունեմ: Ձախ կողավանդակի վիրավորում ու ներսի կոտրվածք ունեմ, և դա էլ է խանգարում: Կոտրվածքս խորն է եղել ու մինչև հիմա համարյա ամեն օր ցավ ունեմ այդ մասում»:

ՊՆ պաշտոնյաները Forrights.am-ի հարցումներին ի պատասխան պարզաբանում էին, որ Հայաստանում չկա օրենք, որով արգելվում է նախկին ռազմագերիների ծառայությունը բանակում

Մեր ահազանգերին արձագանքեցին նաև այլ ԶԼՄ-ներ, իրավապաշտպաններ, ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավորներ:

Մասնավորապես, ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, որը գերիների հետ աշխատանքի տարիների փորձ ունի,  Forrights.am-ին տված հարցազրույցում անթուլատրելի էր համարել ադրբեջանական գերությունից վերադարձած նախկին ռազմագերիներիի հետագա ծառայությունը զինված ուժերում: Նա ասել էր, որ վերականգնողական բուժման մեկ-երկու ամիսը բավական չեն նման անձանց բնականոն կյանքի վերադարձնելու համար, որ այդ գործընթացը տևում է տարիներ, և ՊՆ-ն պետք է անհապաղ օրենք ընդունի նրանց բանակից ազատելու համար, «մանավանդ, երբ շատերը ընկել են գերի շատ յուրահատուկ  պատճառներով, պետության մեղքով, տարածքները հանձնվել են իրենց հետ միասին»:

Իրավապաշտպանների կոշտ գնահատականներից հետո նախկին ռազմագերիները, որոնք շարունակում էին ծառայությունը  տարբեր զորամասերում, մայիսին կրկին վերադարձվեցին Դիլիջանի  «Լեռնային Հայաստան» առողջարան, որտեղ նրա նք վերականգնողական բուժում էին ստանում:

ՊՆ առողջապահական, սոցիալական աջակցության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունից մեզ բացատրեցին. «Հավանաբար, տեսել են, որ ծառայությունը լավ չի ընթանում, տեղափոխել են Դիլիջան»: Իսկ տղաները ասում էին, որ իրենց միայն հարազատ պատերը կարող են բուժել և գանգատվում էին, որ Դիլիջանի առողջարանում իրենց ոչ հոգեբանական օգնություն են ցուցաբերում, էլ այլ բուժումներ են իրականացնում:

«Մի գերություն էլ սա է, — հունիսին Forrights.am-ի հետ զրույցում ասել էր Ս.Հ-ն, ով գերությունից հետո ժամկետային ծառայությունը շարունակել էր Արարատի զորամասում, ապա հանրային աղմուկից հետո տեղափոխվել էր Դիլիջան, — ինձ համոզում էին, որ ես նորից փորձեմ ծառայել: «Չաստից» էլ ինձ պատահական են բերել այստեղ: Մտել եմ զորամասի բուժկետ, որ գլխացավի դեղ վերցնեմ, իմացա, որ բերում են Դիլիջան: Ես անընդհատ սպասողական վիճակում եմ: Ոնց որ մեզ մոռացած, անուշադրության մատնած լինեն: Ինչու են տանում ստեղ, ինչու են բերում, նույնիսկ դա չեն բացատրում: Ես չգիտեմ, հաջորդ րոպեին ինձ հետ ինչ է լինելու, նույնիսկ «վաեննի բիլետ» չունեմ»:

Մեր հոդվածներից հետո նախկին ռազմագերի Ս. Հ-ին տուն ուղարկեցին՝ մայրական խնամք ստանալու, իսկ Ս. Մ-ին ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջնորդությամբ տրամադրվեց 500 հազար դրամ բուժմ ան համար, քանի որ կրկնակի բժշկական հետազոտմամբ հաստատվեց, որ  նա բեկորային վիրավորում ունի:

Վերջնականապես նախկին ռազմագերիների հետագա ծառայությունից ազատման հարցը լուծվեց, երբ ՀՀ  Պաշտպանության նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը:

«Մեզ ասեցին, որ շուտով ազատվելու ենք: Մի 20 օր առաջ, — պատմում է նախկին ռազմագերի Ս.Մ-ն, — մենք ասեցինք հարազատներին, նրանք արդեն պատրաստվել էին: Միևնույն է, որ տուն գնացի, մայրս շատ ուրախացավ: Վերջին շրջանում մեզ ուղղակի պահում էին Դիլիջանում: Ոչինչ չէինք անում, սպասում էինք, որ տուն գնանք: Հիմա մտածում եմ, մի գործ գտնեմ, որ պարապ չմնամ»:

Ս.Մ.-ն 10 օր առաջ է Գորիս վերադարձել, մոր մոտ: Շեշտում է՝ իր միջոցներով է տուն եկել, մորից գումար չի ուզել: Գալուն պես վատ լուր է առել՝ գենետիկական փորձաքննությամբ ճանաչվել են իր ընկերոջ մասունքները: «Իմ սերժանտն էր, Ջեբրայիլից: Գևորգ Գասպարյան: Մարմինը 5 ամիս էր, գտել էին, բայց նոր է  հաստատվել,  որ ինքն է: Գնացի նրա հուղարկավորությանը, Երևան», — պատմեց երիտասարդը: Պատերազմն այլևս նրա ճակատագիրն է:

 Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest