Ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակվում է նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: 44-օրյա պատերազմի օրերին գերեվարվարված զինվորներին, որոնք անցել են պատերազմի, ապա ադրբեջանական գերության սարսափները, կարճատեև վերականգնողական բուժումից հետո կրկին զորակոչել են բանակ:

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանցից երեքն են զորակոչվել: Մնացածը ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Նախարարության պաշտոնյաների հետ զրույցից տպավորություն ունենք, որ այնտեղ հասկանում են, որ գերությունից վերադարձած զինվորներին, որոնք անցել են դժոխքի 7 շրջանները, կրկին բանակ տանելն  անմարդկային քայլ է, որ նրանք բոլորը խնդիրներ ունեն՝ հոգեբանական և ֆիզիկական: Սակայն պաշտոնյաները պնդում են, որ ՊՆ-ն ոչինչ չի կարող անել: Հայաստանում չկա օրենք, որով արգելվում է նախկին ռազմագերիների ծառայությունը բանակում:

«Եթե անձը գերությունից վերադարձել է և փորձաքննությամբ որոշվել է, որ  նա պետք է ծառայի, ոչ մի հիմք չկա, որ այդ անձին ազատ արձակեն», — ասում է ՊՆ առողջապահական, սոցիալական աջակցության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը: Հարցին, թե Պաշտպանության նախարարությունը արդյոք չ՞ի կարող օպերատիվ կարգով օրենքի փոփոխություն ձեռնարկել և ներկայացնել, նա պատասխանեց.

«Ինչո՞ւ պետք է ՊՆ-ն ներկայացնի, այլ ոչ, ասենք, առողջապահության նախարարությունը: Կամ ինչի՞ց ելնելով գերության մեջ գտնված անձանց ազատել: Եթե անձի հոգեկան վիճակը բավարարում է, այսինքն՝ մարդը գերի է ընկել, հետ է եկել, բայց նորմալ վիճակում է, ծառայությունը գալիս է, շարունակում է, ինչի՞ց ելնելով նրան ազատել»: Ավետիսյանը խորհուրդ տվեց տղաների հարազատներին դիմել ՊՆ «Թեժ գիծ»:

Նախկին ռազմագերի Ս.-ն, որը Ադրբեջանից վերադառնալուց հետո ծառայում է Արարատում, պատասխանեց. «Ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես պատրաստ չեմ ծառայության: Ոտքիս բեկորը խանգարում է շարժվել: Մեկ-մեկ ահավոր ցավ ունեմ: Ձախ կողավանդակի վիրավորում ու ներսի կոտրվածք ունեմ, և դա էլ է խանգարում: Կոտրվածքս խորն է եղել ու մինչև հիմա համարյա ամեն օր ցավ ունեմ այդ մասում: Իսկ հոգեբանականի պահով, սենց ասեմ՝ ավելի լավ է, դատվեմ, քան լիարժեք կատարեմ սպայակազմի հրաման, քանի որ ես իմ սպայակազմի սխալ պահվածքի, նրանց փախուստի պատճառով գերեվարվեցի ու անցա դժոխքի միջով: Ես Հայրենիքիս օգնեցի, որ դիակների ու գերիների բացահայտեն: Անցածս դժոխքն աչքերիս առաջ ա:»:

Ս-ն առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք ռազմաբժշկական հանձնաժողովը երկրորդ անգամ զորակոչելիս անտեսել է: Երկու ոտքերը վնասված են: Մեկում շարժողական բեկոր կա: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ասել են. «Չենք կարող հանել, որովհետև շատ մոտ է նյարդերին, եթե հանենք, ոտքը կմնա անշարժ»: Մյուս ոտքի ծնկի շրջանում է վիրավոր, թոքն ու կողոսկրը վնասված, ողերը կոտրված են ծեծի հետևանքով, գլխուղեղում ևս վնասվածք են հայտնաբերել: Մեջքի շրջանում փամփուշտ կա, երիկամների շրջանում՝ չբուժված վերքեր, որոնք կտտանքերի հետևանք են:

Ս-ի մայրը՝ Հ-ն, պատմում է, որ ադրբեջանական գերության օրերին տղան մահվան եզրին է եղել: Նա անգամ հրաժեշտի նամակ է գրել ծնողներին՝ ով սաղ մնա, թող հասցնի հարազատներիս, որ ես մահանում եմ:

«Քունը չի տանում: Ամբողջ գիշեր մի պատից մյուսն է գնում: Անընդհատ դիմեդրոլ է խմում, որ քնի: Չի խոսում: Գիշերը 4 տուփ սիգարետ է ծխում: Ընկերներին էի կանչում, որ մի քիչ հետը շփվեն, չլռի: Ասում էր՝ ախր, ես խ՞ի ապրեցի, ես ո՞ւմ համար ապրեցի», — պատմում է Հ-ն, ներկայացնելով որդու վիճակը գերությունից վերադառնալուց հետո:

Ս-ն ծառայության մեջ է եղել 2020 թվականի հուլիսի 12-ից:  Ջաբրայիլի զորամսում էր, պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից առաջնագծում էր: Հոկտեմբերի 15-ին վիրավորվել է, 5 օր անց գերի է ընկել: Մոտ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 14-ին վերադարձել է գերությունից և մարտի 31-ին հոսպիտալից տեղափոխվել է ծառայության: Կոշիկ հագնել չի կարողանում: Ծառայում է հողաթափերով: «Բլյախը»՝ զինվորական գոտին, կապել չի կարող, քանի որ այդ հատվածում վերք ունի:

Հոգեբանական պատնեշ ունի հրամկազմի հետ շփումներում: Այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես են իր աչքի առաջ սպան չոքեչոք փախել առաջնագծից, տղաներին ասելով, որ շուտով կգա ու մենակ թողնելով իրենց, վերաբերմունքը ավագ հրամկազմի նկատմամբ 180 աստիճանով փոխվել է: Նա չի կարողանում ենթարկվել սպաներին: Չի կարողանում համազգեստ հագնել:

Հայ գերիները Ադրբեջանում կտտանքների են ենթարկվել ամենօրյա ռեժիմով: «Էլեկտրաշոկի հատուկ ժամեր են եղել: Ասում է՝ հենց դռան չխկոցը լսում էինք, գիտեինք, որ մեր վերջը եկել ա», — պատմում է զինվորի մայրը: 

Այնքան փոխված է եղել Ս-ն, որ վերադառնալուց հետո մայրը նրան միանգամից չի ճանաչել:

«Երբ որ գերիներին վերադարձրեցին, սկզբում տարան Կանազի հոսպիտալ/: Ես գնացի, դիմացս կանգնած՝ էդ գերեվարված երեխեքը: Հարցնում եմ, ասում եմ՝ երեխեք, բա Ս-ն որտե՞ղ է: էդ պահին իմ երեխեն, վիրավոր, զոռով քայլելով գալիս է, ես չեմ իմանում, որ իմ երեխան է, չեմ ճանաչում»:

Կենտրոնական հոսպիտալում գերիների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը շարունակվել է: Ծնողներին ցույց տալուց առաջ նրանց անգամ լոգանք չի տրամադրվել, նոր հագուստ չեն տվել: Հարազատների հետ տեսակցել են գերիների շորերով, կեղտոտ և գարշահոտ:

Այստեղից տղաներին տեղափոխել են Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան: Այնտեղ նախկին ռազմագերիների հետ աշխատել է կենտրոնայան հոսպիտալի անձնակազմը:

Երիտասարդը կոնֆլիկտ է ունեցել հոսպիտալի բժիշկ Թունյանի հետ: Վերջինս պահանջել է Ս-ից, որ նա հանի գլխարկը՝ կեպին: Երիտասարդը չի ենթարկվել: Դիլիջանում Ս-ի վիճակը վատացել է: Մարտի 31-ին նրան անսպասելի տարել են Երևան, հոսպիտալ, այնտեղից էլ առանց նրա ծնողներին տեղյակ պահելու, ընդհատելով վերականգնողական բուժումը երեք ռազմագերիներին՝ Ս-ին, Հ-ին և Ն-ին, տեղափոխել են, ծառայության վայր: Նախապես հարցրել են, թե չե՞ն ցանկանա արդյոք ծառայությունը շարունակել Արցախում: «Ոնց որ ձեռք առնեին», — ասում է նախկին ռազմագերու մայրը:

Հ-ն բազմազավակ մայր է, 7 երեխա ունի, որոնցից երկուսը մանկահասա են: Ապրում է Սյունիքի Խոտ գյուղում, կիսաքանդ տնակում, որն անգամ կոմունալ հարմարություններ չունի: Ամուսինը հաշմանդամ է: Ընտանիքի ապրուստի միջոցը նպաստն է և ամուսնու հաշմանդամության թոշակը:

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին որպես սոցիալական աջակցության հատկացվող 500 հազար դրամը ընտանիքին մեծ դժվարությամբ են տվել:

«Մեզ ասեցին՝ Ադրբեջանից մի հատ էպիկրիզ վերցրեք, որ այդ գումարը ինքը ստանա: Զանգեցի «Կարմիր Խաչ», ասեցին, մենք էդքան ջանքեր ենք գործադրել, բերել, հասցրել ենք, իրենք թշնամուց էպիկրի՞զ են ուզում: «Կարմիր Խաչը» որ գնացել է այցելության, գաղտնի հետը բետադին է տարել, որ մշակեն տղաների վերքերը: Ադրբեջանը Կարմիր Խաչին խաբել է, թե  տղաներին բուժել են, կար են դրել վերքերին, բայց էդ երեխին էնքան էին ծեծել, որ մատները չէր կարողանում շարժել,  Ոսկոռները մատների լրիվ ջարդած էին», — պատմում  է Հ-ն:

Հոգեբանական բուժում ստացողներին պետությունը լրացուցիչ 500 հազար է տրամադրում, որը Ս-ին չեն տվել, պատճառաբանելով, որ նա արդեն սոցաջակցություն է ստացել:

Հ.Գ. Նյութը հրապարակելուց առաջ դիմեցինք նաև ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանին: Նա խոստացավ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest