Հովսեփ Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմին մասնակցել է հենց առաջին օրվանից: Նա զոհվել է Ջաբրայիլում` շրջափակումից իր ջոկատը դուրս բերելու ժամանակ: Հովսեփը մարտերին մասնակցել ու զոհվել է մորաքրոջ որդու` Զոհրաբի հետ:

Հովսեփ Հովհաննիսյանը մեծ ընտանիքի վեց զավակներից մեկն էր, ապրում էր Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղում: Երեկ կլրանար նրա 26- ամյակը: Այս առիթով գյուղի գերեզմանատանը Հովսեփի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել:

Հարազատները պատմում են, որ թեեւ Հովսեփը հնարավորություն էր ունեցել Արցախ գնալ ոչ թե հենց սեպտեմբերի 27-ին, այլ գոնե դրանից մի քանի օր անց, նա մեկնել էր հենց նույն օրը: Ծնողները այդ մասին իմացել էին միայն ուշ գիշերին:  Երկու օր անց Արցախ էր մենկել նրա ավագ եղբայրը` Սարգիսը, սակայն եղբայրները առաջնագծում այդպես էլ չէին հանդիպել:

Սարգիսը պատմում է` եղբոր զոհվելուց հետո հայտնի է դարձել, որ նրանց հետ հրամանատար չի եղել.« Նրանց տիրություն անող չի եղել: Մեկ շաբաթը մեկ նրանց մոտ կարող է մեկը մտներ, ստուգում աներ ու գնար: Իսկ պատերազմի դաշտում հոգեբանությունը շատ- շատ կարեւոր է: Իրենք իրենց են դուխ տվել, իրենք իրենց են ապահովել: Ոչ մեկ չի եղել իրենց գլխին…

64 զինվորներից ամեն յոթը մեկական խումբ են կազմել եւ սկսել են առաջ շարժվել: Հովսեփը եղել է առաջին, ամենավտանգավոր խմբում: Առաջին խումբը միշտ իր վրա է վերցնում կրակը: Դրա ծանրությունը, դրա պատասխանատվությունը նրանց վրա է եղել: Դա գիտակցելով նա առաջ է գնացել »:

Հայրը պատմում է, որ որդին հոկտեմբերի 19-ին զանգահարել էր իրեն, ասել, որ չանհանգստանա, որ ապահով տեղում է, կարող է մի քանի օր չկարողանա զանգել: Ըստ պաշտոնական վարկածի, նա զոհվել է հենց նույն օրը:

«Մեզ մոտ վստահություն կար… Երկու տարուց ավել ասում էին, որ մենք շատ հզոր ենք, որ նոր պատերազմ, նոր տարածքներ… մտածում էինք` հնարավոր չի երկար տեւի… ինչ իմանայինք, որ էսպես կլիներ »,- ասում է հայրը: Նրա խոսքով, 23 օր շարունակ որդին իրենց վստահեցնում էր, թե իր հետ ամեն ինչ լավ է, որեւէ բանի կարիք չունի, ամեն ինչով ապահովված են, սակայն նրա աճյունը տեսնելով հարազատները ցնցվել են: Օրեր շարունակ շրջափակման մեջ գտնվելու հետեւանքով Հովսեփը սովից ու հոգնածությունից անճանաչելի հյուծված է եղել:

Հայրը հիշում է` որդու հետ հեռախոսային վերջին խոսակցություններից մեկի ժամանակ ասել էր, որ ըստ լուրերի, նրանց շուտով գնալու են փոխարինելու եւ հերթափոխ է լինելու, ինչին ի պատասխան Հովսեփը ասել էր. «Մոռացեք, մեզ ոչ ոք չի փոխարինելու»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest