«Հե՛րս,սաղ եմ,սաղ․Աստծու տված էրեխա եմ, նորից եմ ծնվել»

286

-Մեռնեմ ձեզ․․․ցավդ տանեմ․․․ կյանքիդ մեռնեմ։

Արտահայտություններ, որ 18-ամյա Էդգար Պետրոսյանն ամեն օր էր օգտագործում։

Էդգարը

Ինչից խոսար, երկրորդ բառը կատակն էր։ Շատ սուր հումոր ուներ, միշտ պիտի ժպտար։ Չէր սիրում, որ մեկնումեկն իրա կողքը տխուր էր լինում։ Գալիս, ասում էր «մամ, պապային ասա՝ ժպտա», ասում էի «բալես, դու ամբողջ օրը հանգստանում ես, պապան աշխատում ա», ասում էր «ոչինչ, թող ժպտա, մինչև ընկերներս կգնան»։ Ընկերոջ ծարավ էր։

Արհեստ էր սովորում, «դզող –փչող» էր ուզում դառնալ։ Համակարգչից շատ լավ գլուխ էր հանում, դրա համար ուզում էի՝ ծրագրավորող դառնա, բայց ինքն արհեստն էր սիրում, ասում էր «մամ, գալու եմ ծառայությունց, էգուց էն օր նենց  տուն եմ պահելու, որ սաղ ինձ մատով են ցույց տալու։

Պատերազմը

Իր մաման փոքրուց ասում էր «ես իմ տղուն ազատելու եմ», ինքն առողջական խնդիրներ ուներ, ու հնարավոր էր՝ 3 տարի հետաձգեին, բայց ինքն առանց մեզ զգուշացնելու գնացել ա «կամիսիաների», մեկ էլ «պավեստկան» ձեռքը եկել ա, ասել «հուլիսի 16-ին գնում եմ բանակ»։ Միշտ ուզել ա, որ ծառայի։ Ու ես էլ եմ ուզել ու ասել, թեկուզ պատերազմ էլ լինի, իմ տղեն պիտի ծառայի։ Ու չեք պատկերացնի ինքն ինչքան ոգևորված գնաց բանակ, ծառայությունից էլ շատ գոհ էր։

Սեպտեմբերի 27-ից կապի մեջ ենք եղել անընդհատ։ Ասում էր՝ ոչ մի բան չկա, ես ասեցի, որ մեր մոտ անօդաչու ա եկել, ծիծաղում էր, ասում էր «ինչից եք վախեցել, արխային, ոչ մի վտանգ չկա»։ Իրա պապան ուզում էր գնար, բերեր, ասեց «խի ես էդ տղեն ե՞մ՝ իմ ընկերներին թողնեմ գամ։ Մյուս անգամ տենց բան չասես, պապ»։

Փրկեց ու Զոհվեց

Հոկտեմբերի 2-ին շրջափակման մեջ են եղել Ջրականում։  Հետո ընկերոջը փրկել ա՝ 35 կմ բերելով հասցրել ա Կուբաթլու։ Էդ շրջափակման մեջ լինելու ընթացքում 4 օր չէր զանգել, հետո զանգեց ասեց  «հե՛րս, սաղ եմ, սաղ։ Ամեն ինչից պրծանք։ Ես նորից եմ ծնվել»։ Հոկտեմբերի 4-ին գիշերը քրոջ հետ խոսելուց ասել ա «ես Աստծու տված էրեխա եմ, Աստված ինձ փրկեց պատերազմի դաշտից, եթե սրանից հետո ինձ պիտի մի բան լինի, ուրեմն իմ ճակատին էդ ա գրած, իմ ճակատագիրն էդ ա, իմ կյանքն էդքան պիտի լիներ»։

10 ժամվա տարբերությամբ ինքը զոհվեց։ Ուրեմն էդ էր իրա ճակատագիրը։ Երկու ԱԹՍ են խփել, առաջինից հետո հետ ա գնում, որ տեսնի՝ ընկերներն ինչ եղան, երկրորդն են խփում, ու ինքը զոհվում ա։ Ընկերներն ասում են՝ նենց տեղում էր ինքը, որ եթե հետ չգար, տեսներ՝ մենք ինչ եղանք, չէր զոհվի։ Պստիկ «ասկոլկա էր», ուղիղ սրտին էր կպել թիկունքից, մարմնի վրա ուրիշ ոչ մի գիծ, ոչ մի խազ չկար։ Մենք տեսել ենք՝ ինչ ենք դնում հողը, էդ ա մեզ մենակ սփոփում։ Իսկ կան ծնողներ՝ մինչև հիմա չեն  կարողանում իրանց զավակից տեղեկություն ունենան, կամ չգիտեն՝ ինչ են հողը դնում, փակ։

Մենք (մայրը, հայրը)՝ Էդգարից հետո

Մեր Էդգարից հետո էլ ոչ մի բան նշանակություն չունի, կյանքն ա ավարտվել մեր համար։ Անիմաստ ապրում ենք։ Հույսը կոտրվեց լրիվ։ Մեր տան սյունը քանդվեց։  Շատ լուսավոր էր։ Իրա բոլոր նկարներում ծիծաղն երեսին ա։ Անգամ որ բերել էին, ինքը պառկած, էլի ծիծաղն երեսին էր։

Ամեն օր գերեզմաններ եմ գնում, լույս եմ քաշել, սարքել եմ ամեն ինչ, ծաղիկներ կան, ծառեր կան, ամեն օր գնում եմ, մաքրում։ Տունն էլ չի ձգում, մեզ հիմա էնտեղ ա ձգում, որովհետև մեր էրեխեն էնտեղ ա։

ԱՆի Թորոսյան