Սեպտեմբերի 12-ին Կոմիտասի 39 հասցեում բացվեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված 20-ամյա Նարեկ Սերոբյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր: Նարեկը զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 13-ին միանում է անմահների գնդին, որպեսզի երկնքից պահմանի մեր խաղաղությունը»,- ասում է հայրը՝ Արմեն Սերոբյանը:

Նարեկը բանակ մեկնել է 2019 թվականին: Կարող էր հետաձգել ծառայությունը, քանի որ ընդունվել էր ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ եւ կարող էր օգտվել տարկետումից: Նարեկի ընտրությունը, սակայն, առանց քննարկման, եղել է բանակ ծառայության մեկնելը: Ծառայությանն անցել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև մեկնել է Հադրութ՝ այնտեղ մնալով մինչեւ 44-օրյա պատերազմի առաջին օրերը :

«Պատերազմի առաջին օրվանից եղել է դիրքերում, ավտոմատներով մարտեր են մղել թշնամու տանկերի դեմ: Այտեղից նահանջում են եւ Նարեկս տեղափոխվում է Ֆիզուլի: 16 օր շարունակ պահում են դիրքը, թշնամին չկարողանալով դիրքը գրավել սկսում է կիրառել ԱԹՍ-ներ, որի հարվածից Նարեկը ծանր վիրավորվում է»,- հայրը նշում է, որ բեկորային վիրավորում ստանալուց հետո տղայի գիտակցությունը տեղն է լինում, սակայն, հիվանդանոցի ճանապարհին մահանում է:

Մինչեւ հոկտեմբերի 12-ն ընտանիք անդամները Նարեկի հետ կապ են ունեցել: Վերջին անգամ հեռախոսով խոսել են հենց այդ օրը:

«Զանգում էր, մեզ դուխ էր տալիս: Ասում էր՝ «մի՛ վախեցեք, սրանք դեռ փոշմանելու են, որ մեզ վրա են հարձակվել: Մենք թուրքերին հող չենք տալու»… ու որ մնայիր բալես, հաստատ չէինք տա»,- պատմում է Արմեն Սերոբյանը եւ շարունակում. «Զանգում էր կրակոցների ձայներ էինք լսում, անհանստանում էինք, ասում էր՝ իրենք կրակում են, մենք էլ պետք է կրակենք, ավելի շատ պետք է կրակենք: Նարեկս կանգնել է մինչեւ վերջ, մինչեւ վերջին վայրկյանը: Մարտական էր տրամադրված, մոտ ընկերն է աչքի առաջ զոհվել»:

Որդու հետ կապը կտրելուց հետո հայրը սկսել է նրան փնտրել հիվանդանոցներում՝ վիրավորների շարքերում: «Չգիտեի, որ զոհվել է: Հրամանատարն ինձ ասել է, որ Նարեկը վիրավոր է եղել, ուղարկել ենք հոսպիտալ, Նարեկը ողջ է: Սկսեցին բոլոր հիվանդանոցներում փնտրել, բայց չկար: Նոյեմբերի 13-ին գնացի Մեծամորի հիվանդանոց, ինձ ասացին, որ իրենք վիրավոր զինվորներին չեն ընդունում: Բուժքուրը ինձ խորհուրդ տվեց նայել զոհվածների մեջ, այտեղ «Սպայկայի» մեծ ավտոմեքենաներ էին կանգնած:  Մեկ ամիս շարունակ Նարեկիս փնտրելուց հետո գտա Մեծամորի դիահերձարանում: Այստեղ առաջին անգամ իմացա, որ զոհվել է: Ես վիրավորների մեջ  էի փնտրում: Զարմանում եմ, թե՝ ոնց եմ դիմացել, սիրտս չի կանգնել, տղայիս այդ վիճակում տեսնելուց հետո»:

Արմեն Սերոբյանին վրդովվեցրել է պատասխանատու մարմինների վերաբերմունքը: «Նարեկը շտապօգնության մեքենայի մեջ իր անունն է ասում, մեր անուններն է ասում, իր բոլոր տվյալները տալիս է, բայց չգիտես ինչու ոչ մի տվյալ չէին գրել, անգամ մի փոքրիկ թղթի վրա, եթե չգնայի՝ չգիտեմ, երբ կգտնեինք»:

Նարեկին անվանակոչել են Գրիգոր Նարեկացու պատվին: Նրա 20-ամյակը լրացել է այս տարվա ապրիլին: 2021 թվականի փետրվարի 18-ին Նարեկ Արմենի Սերոբյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հուղարկավորվել է նոյեմբերի 16-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:  Արցախի ՊԲ-ն Նարեկ Սերոբյանի զոհվելու մասին հայտնել է նոյեմբերի 19-ին:

Սեպտեմբերի 21-ին նշվելու է ՀՀ Անկախության 30-ամյակը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «մասշտաբային եւ գունեղ» միջոցառում անցկացնելու մասին: Զոհված հերոսների բազմաթիվ ծնողներ դեմ են արտահայտվել այս գաղափարին: «Սրբապղծություն կլինի եթե իրենք Անկախության օրը տոնեն՝ գունավոր տոնակատարությամբ: Մեկ տարին դեռ չի լրացել, իրենք ուզում են գունավոր տոնախմբություն անեն: Ի՞նչն են ուզում տոնեն՝ իրենց պարտությունը, թե մեր երեխաների կորուստը: Ոչ մի ծնող, որդեկորույս ոչ մի մայր չի համաձայնվի»,- ասում է Արմեն Սերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest